(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան: Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին):
Հոգեկան հիվանդություն ունեցող անտուն Հասոն, որն՝ իր մասին թերթում տպագրվելուց հետո մարդկանց ուշադրության կենտրոնում էր հայտնվել` Լուսոյի մեջ պետություն, իշխանություն, բարերար ու իր միակ պաշտպանն էր տեսնում: Ու Լուսոյի մեջ իշխանություն տեսնող Հասոն մի տասնհինգերորդ անգամ զանգում է նրան՝ ասելու` «Ախր խոստացար, որ կգաս մեր թաղամաս, չէ՞: Թազա տարածք ա, որ տեսնես` վախից կփշաքաղվես: Ես սաղին քո մասին պատմել եմ, հարեւաններս տնից դուրս չեն գալիս, քեզ են սպասում, որ հետդ խոսան: Լուսո ջան, մարդիկ սովից մեռնում են, արի մի բան արա, էս երկրին պատմի, թե ոնց ենք ապրում, երեխեքը մեռնում են, արի էլի, խնդրում, աղաչում ենք»: Լուսոն, որ Հասոյին մի տասնչորս անգամ խոստացել էր գնալ այդ թաղամաս ու աշխարհին պատմել էդ թաղամասում ապրող մարդկանց մասին, բայց չէր գնացել` տասնհինգերորդ անգամ Հասոյի հետ «վաղվա վրա» պայմանավորվում է: Հասոն երկար-բարակ բացատրում է այդ թաղամասի աշխարհագրական դիրքն ու այնտեղ հասնելու համար հազար ու մի ճանապարհներով «վաղվա» ճանապարհորդությունն է գծագրում, բայց մեկ է` Լուսոն չի պատկերացնում՝ ո՞ւր եւ ինչպե՞ս է գնալու: «Լավ, դու «Ռոսիայի» դիմացից նստի 84 համարի մարշրուտկեն ու մինչեւ վերջ արի: «Ռասիան» անցի, Կայարանն անցի, Էրեբունին անցի, Վարդաշենն անցի, Մուշականն անցի ու Ջրաշենի վերջում իջի: Հենց տեսնես` մարդիկ լրիվ դատարկվեցին` դու էլ իջի»,- Լուսոյի վաղվա օրվա ճանապարհորդությունը շատ մշուշոտ ծրագրում է Հասոն ու հեռախոսաձայնին ուշադիր հետեւող հարեւաններին ոգեւորված լավ լուր է հայտնում` «Ժողովուրդ, վաղը Լուսոն ա գալու»: Հոգեկան հիվանդություն ունեցող Հասոյին Լուսոն վստահում էր, որովհետեւ չնայած հիվանդությանը` Հասոն Լուսոյի հետ շփման մեջ իրեն նորմալ էր դրսեւորում:
Վաղը գալիս է, ու Լուսոն ամեն օրվա պես պատրաստվում է գնալ ռեպորտաժի: Հագնում է սեւ բաճկոնն ու հայելու մեջ տեսքին շքեղ գնահատական տալով՝ հետեւում է Հասոյի նախանշած պլանին: «Այրարատ» կինոթատրոնի դիմացից նստում է 84 համարի երթուղային տաքսին, բայց կռացած է երթեւեկում: Անցնում է «Ռոսիան», անցնում է Կայարանը, անցնում է Էրեբունին, Վարդաշենը, Մուշականը ու հասնում է Ջրաշեն: Լուսոն, որ կարծում էր, թե իր քաղաքի ամեն ծակուծուկը ճանաչում է` հանկարծ գիտակցում է, որ Հասոյի թվարկած թաղամասերի վերջին անուններից ոչ մեկին ծանոթ չէ ու երթեւեկած տարածքներում առաջին անգամ է հայտնվել: Ու էսպես քաղաքի քարտեզագրության հետ կապված իր անգրագիտությունը բացահայտած, մտքերով տարված Լուսոն հանկարծ տեսնում է, որ երթուղային տաքսու ուղեւորները դատարկվել են: Շտապելով իջնում է` շուրջը տեսնելով անծանոթ տարածք, անծանոթ մարդիկ ու նույնիսկ անծանոթ աշխարհագրություն: «Վա՛յ, Լուսո ջան, ցավդ տանեմ, աչքերիս չեմ հավատում, որ եկել ես»,- ուրախությունից գրեթե բղավելով՝ գրկաբաց դիմավորում է Հասոն: Ու էդպես Հասոյի ջերմեռանդ ընդունելությունից շոյված՝ Լուսոն Հասոյի հետ քայլում է դեպի անորոշություն: Տարածքում երեւացող հատուկենտ մարդիկ մի տեսակ հեգնանքով նայում են մեկ՝ Հասոյին, մեկ էլ՝ Լուսոյին, ով շքեղ սեւ բաճկոնը հագին՝ քայլում է սարերին հանդիպակաց ճանապարհով: Հասոյի` մաշվածությունից քրքրված, պատառոտված ու հագին ահագին մեծ կոստյումի, ռեզինե ցեխոտ «կալոշների» ֆոնին՝ Լուսոյի բաճկոնն ու «զամշից» կոշիկներն առնվազն ծիծաղելի են: Դեպի անորոշություն տանող ճանապարհին Հասոն ու Լուսոն ոնց որ շարժվող ծաղրանկար լինեն: Ու մարդկանց հեգնական հայացքները նույնքան բացատրելի են, որքան անբացատրելի է Հայաստանի աղքատության եւ օլիգարխիայի եղած անհավասարությունը: Լուսոն, որ կարծում էր՝ ռեպորտաժ անելու վայրը գտնվում է 84 համարի երթուղային տաքսու վերջին կանգառում` հանկարծ հասկանում է, որ Հասոյի առաջնորդած ճանապարհով մեկ ամայի, անծայր սարեր են: Հասոն պարբերաբար Լուսոյին մխիթարում է, ասելով` «Մի քիչ մնաց, հասնում ենք»: Ու էսպես գնում, գնում, գնում են Երեւանի այն տարածքով, որի նման տարածքներ Լուսոն մենակ կինոներում է տեսել, ու Լուսոն սկսում է ամեն քայլի հետ տագնապել: Հասոն ընթացքում Լուսոյին ծանոթացնում է տեղանքի հետ` ասելով, որ չնայած իրենք մայրաքաղաքում են ապրում, բայց սարերի վրա գտնվող այդ թաղամասն անուն կամ հասցե չունի: Ընդհանրապես դա բնակավայր չէ, որովհետեւ էդ կարմիր գույնի սարերը կավահողից են, հողը սահելու հատկություն ունի: Սարերի սահող շերտերը փլվելով իջնում, հավասարվում են ձորերին: Հետո Հասոն ասածն ապացուցելու համար մատնացույց է անում սարերի արանքում երեւացող կիսաքանդ շինություն, խրճիթներ, որոնց կաղապարը մնացել է, բայց ներսում եղածը փլվել, հավասարվել է հողին: Մի քանի ամիս առաջ գիշերվա ժամը 3-ին «տրուսիկ-մայկով» փախած մարդը կարողացել է ողջ մնալ, իսկ տունը սահելով փլվել է ու ընկել ձորը: Ոտքով կտրում են 1 կիլոմետր, հետո՝ 2 կիլոմետր, ու Հասոյի հաստատուն քայլերից նյարդայնացած, անվարժ քայլերով նրան հետեւող Լուսոն չի դիմանում. «Հասո՛, սենց ո՞ւր ենք գնում, մենակ սարեր են երեւում, գոնե ձեռքով ցույց տուր, թե ուր պիտի հասնենք»: «Հեն ա, էն սարի ճանապարհով պիտի առաջ շարժվենք»,- ասում է Հասոն, ում խոսքերը սառը ցնցուղի էֆեկտով Լուսոյին սթափեցնում են: «Հասո՛, էդ սարերի ճանապարհը ամայի ա, մենք ո՞ւր ենք գնում, էլ չեմ դիմանում, հոգնել եմ, համ էլ, մարդ չի երեւում»: Հասոն Լուսոյի խոսքերից ճնշված` մեղայականով հորդորում է, որ ճանապարհի կեսն անցել են, բան չի մնացել, բայց Լուսոն չի հավատում, որովհետեւ Հասոյի մատնանշած սարի ետեւում նորից կարմիր սար է երեւում, որտեղ ոչ տուն կա, ոչ էլ մարդ է երեւում: Լուսոյի նյարդերը տեղի են տալիս, բայց որպեսզի Հասոյի գլխին «շան լափ չթափի», սկսում է հարցեր տալ, որպեսզի ռեպորտաժը կառուցելիս բոլոր մանրամասներին տիրապետի: Հասոն պատմում է, որ սարի գլխին, ուր ինքը ներկայումս ապրում է` չորս ընտանիք է ապրում, ու բոլորն էլ նախկինում անտուն, հաշմանդամ, սոված-ծարավ մարդիկ են: Ասում է, որ այդ չորս ընտանիքի մասին ոչ մեկը չգիտի, որովհետեւ ոչ գրանցում ունեն, ոչ էլ երբեւէ պետական որեւէ փաստաթղթում երեւացել են: Ընտրող չեն, դրա համար էլ գոնե ընտրությունների ժամանակ իրենցով հետաքրքրվող չկա: Էն տարածքում, ուր պիտի հասնեն Հասոն ու Լուսոն, պարզվում է, ոչ հոսանքալար կա, ոչ էլ ջրատար խողովակ: Հասոն ասում է, որ մարդիկ էստեղ մոմի լույսով կամ լամպով են ապրում, իսկ ճաշը պատրաստում են օջախների վրա: Ջրաշենից սարի գլխին հոսանքալար քաշելու համար ահագին փող է պետք, իսկ էդ տարածքում ապրող մարդիկ հացին «կակա» են ասում: Էս կարմիր սարերի մեջ ոչ երթուղային է գալիս, ոչ էլ խանութ կա, դրա համար էլ էդ չորս ընտանիքները ոտքով Ջրաշեն են իջնում, որ մի շաբաթվա հաց առնեն: Էս սարերի մեջ շատ հարմար բնակվում են օձեր, կարիճներ, գայլեր ու աղվեսներ: Օձ ու կարիճի հանդիպումը մարդկանց հետ արդեն սովորական բնույթ է ստացել: Հասոն շատ հանգիստ պատմում է, որ մթության մեջ ապրող այդ ընտանիքներից մեկում շատ արտառոց պատմություն է եղել: Երեկոյան ժամին խավարի մեջ սուրճ եփող կինը շոշափելով՝ բաժակի մեջ սուրճի պարունակություն է լցրել ու հրամցրել է մեկին, ով խմելով սուրճը` մահացել է, որովհետեւ մեջը թունավոր կարիճ է եղել: Հասոն էնքան սարսափելի պատմություններ է պատմում, որ Լուսոյի քայլերը փոքրանում են, ու ոտքերի աշխատանքը ծույլ է դառնում: Լուսոն այնքան է տագնապում, որ արդեն ետդարձի մասին է մտածում, բայց ետդարձն էլ առանց Հասոյի նույնքան վախենալու է, որքան վախենալու է Հասոյի հետ առաջ շարժվելը: Լուսոյի քայլերն աստիճանաբար դանդաղում են, որովհետեւ Հասոյի անհարց պատասխանները Լուսոյի համար մղձավանջ են թվում: Սարի գլխին ապրող չորս ընտանիքներն իրենց քաղցը հաճախ հագեցնում են սատկացրած օձերով: Էստեղ մարդիկ օձերից սարսափում են, բայց, երբ օձի հետ առերեսումը բարեհաջող ավարտ է ունենում` զոհը օձն է լինում, մարդիկ ուրախանում են, որովհետեւ էդ օրն ուտելու բան է լինում: Հետո Հասոն Լուսոյին էլի սարսափելի պատմություններ է պատմում մարդկանց ու օձերի առճակատման հետեւանքով մարդկային կորուստների մասին: Պատմում է, որ էդքան վախերի մեջ ապրած մարդիկ հիմնականում խելագարվում են, ու շատերը հոգեկան հիվանդություն ունեն: Մեծից փոքր՝ նյարդային համակարգի խեղում ունեն: Լուսոյի ոտքերի տակից հողը փախչում է, որովհետեւ կարմիր հողի վրա արդեն աչքին օձեր են երեւում: Ինչ-որ բան կանգնել է Լուսոյի կոկորդին ու ոչ առաջ, ոչ էլ ետ է շարժվում: Հետո Լուսոն ինքն իր հետ խոսում է, համոզում է, որ վախենալու բան չկա: Եթե մարդիկ էստեղ տարիներով ապրում են, ուրեմն` կարելի է ուժ գտնել ու մի քանի ժամ դիմանալ, ռեպորտաժ պատրաստել: Լուսոն նայում է մոտ մեկ ժամ քայլելով կտրած անծառ, անմարդ, անշունչ ճանապարհին, լսում է Հասոյի վախենալու պատմություններն ու բղավում է` «Հասո՛, էս ո՞ւր ես ինձ բերել: Հըլը վիճակս նայի, սաղ ցեխ ու փոշի եմ, հոգնել եմ, վախենում եմ, գոնե զգուշացնեիր, թե ուր եմ գալու, գոնե նկարագրեիր, ասեցիր՝ 84-ի վերջը, բայց բերել ես էն աշխարհ»: Անսպասելի պոռթկումից քարացած Հասոն, որ կյանքի բերումով ամեն օր էս ճանապարհը կտրում, հասնում է քաղաք` էնքան մեղավոր է իրեն զգում, որ պատրաստ է Լուսոյի առաջ ծնկի գալ: Հասոյի վրա ճչացող ու իր միջի «քաղքենուն» արտահայտած Լուսոն ներքուստ գիտակցում է ասածի անարդարացիությունը, բայց Հասոն հոգեկան հիվանդություն ունի ու չի կարողանում պաշտպանվել: Հասոն իրեն մեղավոր է զգում, որ Լուսոյի հետեւից ուղղաթիռ չի ուղարկել՝ սեւ բաճկոնն ու զամշից կոշիկները փոշուց փրկելու համար: Հասոն Լուսոյի մեջ իշխանություն է տեսնում, ու հիմա, երբ Լուսոն նույնքան քաղքենի ու կոկետ է, որքան իշխանությունները, Հասոն հիասթափվում է, որովհետեւ, ի տարբերություն իշխանությունների` Լուսոն համաձայնել էր Հասոյենց թաղամաս գնալ ու աշխարհին պատմել այդ թաղամասում ապրող մարդկանց մասին: Բայց, ինչպես իշխանությունների, այնպես էլ Լուսոյի համար ուղղաթիռ էր պետք, որով Լուսոն միանգամից կհայտնվեր Հասոյենց թաղամասում` սարի գլխին: Լուսոն ապշած հայացքով նայող Հասոյի «խաթրն» առնելու համար նորից հարցեր է տալիս: Հասոն պատմում է, որ մարդիկ էստեղ ոչ խմելու, ոչ էլ լողանալու ջուր չունեն: Անձրեւն ու ձյունը այս չորս ընտանիքի համար իսկական բարիք են, որովհետեւ անձրեւաջրերը դույլերով հավաքում, լողանում, լվացք են անում: Հասոն պատմում է, որ ձմռանն ավելի հեշտ է, ձյան ծածկույթը դառնում է լողանալու համար անհրաժեշտ ջուրը: Դույլերը դնում են դրսում եւ հալված ջուրն օգտագործում են կենցաղում: Հասոն փայլող աչքերով նայում է Լուսոյին ու ինքնավստահ ասում է. «Ա՛յ, էն սարի վրի դիքը տեսնում ես, չէ՞: Դրա հետեւում մեր տներն են: Էլ չես ջղայնանա, չէ՞, արդեն հասանք: Ախր, որ վրես գոռում ես` լացս գալիս ա»:
Շարունակելի