Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական (արթրոզներ) բնույթի փոփոխություններով:
Իրենց հերթին՝ հոդաբորբերը կարող են լինել հիվանդության հիմնական ու գլխավոր արտահայտությունը կամ դառնալ ախտանիշ: Հոդային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ վարակային կամ ալերգիկ գործոնները, մի այլ դեպքում` նյութափոխանակության խանգարումները: Հիվանդության ախտածագման մեջ մեծ տեղ է հատկացվում նաեւ այնպիսի գործոնների, ինչպիսիք են սեռը, տարիքը, մասնագիտությունը, եղանակը, սնունդը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոդային վնասվածքները, ժառանգական նախատրամադրությունը: Հոդային հիվանդություններից ավելի տարածվածներն են ռեւմատիզմը, արթրիտը, արթրոզն ու պոդագրան:
Ռեւմատիզմը հաճախ զարգանում է ինֆեկցիոն հիվանդություններից, հիմնականում՝ անգինայից, 1-3 շաբաթ հետո: Իսկ անգինան կրկնվելու դեպքում՝ այն կարող է ավելի արագ լինել` մի քանի օրից: Երբեմն ռեւմատիկ տենդը կարող է սկսվել ոչ թե ինֆեկցիայից, այլ պարզապես մրսածությունից: Սուր ռեւմատիզմին ավելի բնորոշ է նրա հիմնական ախտանիշը` մեծ հոդերի սուր պոլիարթրիտով ուղեկցվող կարդիտ (սրտաբորբ): Սովորաբար հիվանդության սկիզբը սուր է լինում, արագ զարգանում է պոլիարթրիտ՝ ուղեկցվող ռեւմատիկ տենդով` 39-40 աստիճան ջերմության տատանում ու ուժեղ քրտնարտադրություն: Ռեւմատիկ պոլիարթրիտի առաջին ախտանիշը սուր ցավերն են հոդերի շրջանում նույնիսկ թեթեւ շարժման ժամանակ: Ցավի հետ մեկտեղ՝ հոդերի շրջանում երեւում են այտուցներ, իսկ բորբոքված հոդերի մասում մաշկի այրոց է զգացվում: Հիվանդության ախտորոշումը հիմնականում դժվարություն չի ներկայացնում, բացառությամբ, երբ սկսվում է միանգամից կարդիտով կամ պոլիարթրիտով:
Ժողովրդական բժշկության մեջ ռեւմատիզմի բուժման մեթոդ է համարվում կեչու տերեւը: Եթե ցավում են ձեր ոտքերը, եւ առաջացել են ելունդներ, անմիջապես կեչու տերեւները դրեք ցավացող մասերին, ցանկալի է, որ տերեւները թարմ լինեն: Բորբոքված մասերը պետք է որ այսպիսի թրջոցից քրտնեն, եւ դուք կզգաք ձեզ շոգեբաղնիքում: Տերեւները թրջվելուց հետո պետք է փոխել: Նույն պրոցեդուրան կարելի է անել նաեւ ձեռքերին: Այս պրոցեդուրան պետք է անել10-20 անգամ` կախված ինքնազգացողությունից: Կարելի է ընդունել կեչու տերեւներով լոգանք: Ռեւմատիզմը շատ լավ բուժվում է մեղվի խայթոցներով, իհարկե, պետք է իմանալ, թե ձեր օրգանիզմն ինչպես է տանում մեղվի խայթոցը: Այնուհետեւ, առաջին օրը 1 մեղվի խայթոցն է բավական, երկրորդ օրը` 2 հատ, ու այսպես՝ մինչեւ 5 հատ մեղվի խայթոցը: Հետո նույն հերթականությամբ էլ պետք է պակասեցնել խայթոցների քանակը: Մեկ բուժումից հետո կարելի է 2 շաբաթ հանգստանալ ու նորից սկսել բուժումը:
Արթրիտը հոդերի հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում են հոդի կռճիկը եւ այլ հոդային էլեմենտներ: Ըստ ընթացքի տարբերակում են սուր, ոչ սուր եւ քրոնիկական արթրիտի տեսակներ, իսկ ըստ աստիճանի` առանձնացնում են մոնոարթրիտ (1 հոդի բորբոքում), օլիգոարթրիտ (2-3 հոդի բորբոքում) եւ պոլիարթրիտ (երեքից ավելի հոդերի բորբոքում): Արթրիտի առաջացման պատճառներն ինֆեկցիաներն են, նյութափոխանակության խանգարումներն ու տեղային վնասվածքները, իսկ նպաստող պայմաններն են՝ ցուրտը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ այլն: Արթրիտին բնորոշ են մեխանիկական կարգի ցավերը հոդերում, որոնք առաջանում են ծանրաբեռնվածությունից: Այդ ցավերն ավելի ուժեղանում են երեկոյան: Այդ ցավերից ազատվելու համար շատ լավ միջոց է մանանեխով կոմպրեսը: Չոր մանանեխը, 6 տոկոսանոց սեղանի քացախը, կերակրի աղը, բժշկական սպիրտը, նավթը եւ ջուրը լավ խառնել ու թողնել 10 օր: 10 օր հետո այս լուծույթը վրձնով քսել ցավող մասին, փաթաթել պերգամենտի թղթով ու փաթաթել բրդե շորով:
Կարելի է ամռանն ու աշնանը բորբոքված մասերին թարմ ծովաբողկի տերեւներ դնել: Գցել այդ տերեւները տաք ջրի մեջ, բայց ոչ եռացող, հենց ծովաբողկի հոտը զգացվի, անմիջապես հանել ջրից, վրան քսել մեղր ու դնել հիվանդ մասերին: Այս կոմպրեսը եւս ծածկել բրդե շորով:
Արթրիտին օգնում է նաեւ կամֆորայից պատրաստված քսուքը: 50 գ չոր կամֆորան, 50 գ մանանեխը, 10 գ մաքուր սպիրտը խառնել այնքան, մինչեւ մանանեխն ու կամֆորան լավ լուծվեն: Հետո այս ամենին ավելացնել 6 հատ կեղեւով ձու ու էլի լավ խառնել: Ստացված քսուքն այնպես պետք է քսել բորբոքված մասերին, որ մաշկը պոլիէթիլենի թաղանթի նմանվի: 15 րոպե հետո այդ թաղանթը պետք է մաքրել գոլ ջրով թրջած սրբիչով: Պրոցեդուրան պետք է կրկնել գիշերվա ընթացքում մի քանի անգամ:
Արթրոզը հոդերի հաջորդ տարածված հիվանդությունն է: Այս հիվանդության առաջացման պատճառները բաժանվում են 2 խմբի: Առաջին խմբին են պատկանում հոդերի չափից շատ մեխանիկական ու գործնական ծանրաբեռնվածությունը, որոնք կրում են կենցաղային կամ սպորտային բնույթ, չափից ավելի քաշն ու հոդային վնասվածքները: Երկրորդ խմբին է պատկանում կռճիկի նվազ դիմադրողականությունը սովորական ծանրաբեռնվածության ժամանակ: Արթրոզի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել թթվեցրած կաթից ու ձվի կեղեւից պատրաստված քսուքը: Օրինակ, կարելի է վերցնել 1 փոքրիկ բաժակ թթվեցրած կաթ, նույնքան ձվի փոշիացրած կեղեւ, այնպես խառնել, որ ստացվի մածուցիկ զանգված: Այն քսել շորի վրա ու 1 ժամ պահել ցավող մասին: Եթե հիվանդությունը չի նահանջում, ուրեմն` կոմպրես անել 5 օր անընդհատ, իսկ եթե ցավերը հանգստանում են, ապա 5 օր բուժումից հետո ընդմիջում տալ ու նորից կրկնել մինչեւ ամբողջովին բուժվելը:
Այս միջոցն էֆեկտիվ է ինչպես արթրոզի, այնպես էլ արթրիտի դեպքում: 7 օր ալոէի տերեւները դնել ցավող մասերին:
Արթրոզը շատ լավ բուժվում է ձյան ու աղի միջոցով: 1 բաժակ ձյան մեջ լցնել 1 թեյի գդալ կերակրի աղ, լավ խառնել ու դնել հիվանդ մասին ու պահել 4 րոպե: Այս պրոցեդուրան կարելի է շարունակել 7-10 օր:
Արթրոզից տառապողներին լավ օգնում են կեֆիրով ու կրով պատրաստված կոմպրեսները: Այս երկուսի խառնուրդից պետք է թթվասերի նման զանգված ստացվի: Երեկոյան այն պետք է քսել հիվանդ մասին ու փակել կոմպրեսի թղթով, առավոտյան հանել: Մի քանի այսպիսի պրոցեդուրաներից հետո տարբերությունը զգալի կլինի:
Պոդագրան հոդերի այնպիսի հիվանդություն է, որը բնորոշվում է նոպայանման ցավերով եւ դիտվում է որպես նյութափոխանակության արդյունքում առաջացող հիվանդություն: Սուր նոպայանման ցավերի հետ մեկտեղ, պոդագրայի ժամանակ հյուսվածքներում միզաթթվի կուտակումներ են լինում, որի արդյունքում առաջանում են պոդագրայի հանգույցներ: Միզաթթվից բացի, հյուսվածքներում բարձր է լինում նաեւ կրի բաղադրությունը: Իսկ կրի կուտակումները հակում ունեն առաջանալու կռճիկային մասերում ոտնաթաթի մեծ մատի ֆալանգի շրջանում, որն էլ հիվանդության պատճառ է հանդիսանում: Բացի կռճիկային մասերից, բորբոքվում են նաեւ ջլերը: Այս դեպքում հոդերը նկատելիորեն փոփոխվում են`այտուցվում ու կարմրում: Երկար ժամանակ պոդագրայով հիվանդի մոտ տեղի են ունենում բավականին լուրջ ոսկրային փոփոխություններ, փոքրիկ շարժման ժամանակ անգամ սարսափելի ցավի զգացում է լինում: Հոդերի հետ միասին, պոդագրան ախտահարում է նաեւ՝ արյունատար անոթները, հատկապես` երիկամի ու սրտի անոթները: Պոդագրայի, ինչպես նաեւ ռեւմատիզմի ժամանակ շատ արդյունավետ միջոց է եղինջը: 2 ճաշի գդալ երկտունավոր եղինջի տերեւները լցնել 0,5 լիտր եռջրի մեջ ու թրմել 1 ժամ: Քամել ու խմել բաժակի 1/3 մասը` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Խմել այն 10 օր շարունակ: Անհրաժեշտության դեպքում կրկնել մեկ շաբաթ հետո: Եղինջի հյութը շատ օգտակար է արյունահոսությունների ժամանակ: Պոդագրայի բուժումն արդյունավետ է սխտորի ու կիտրոնի միջոցով: Անհրաժեշտ է 3 գլուխ սխտոր, 4 հատ կիտրոն: Կիտրոնը մաքրել կորիզներից ու սխտորի հետ անցկացնել մսաղացով: Այս զանգվածին ավելացնել 7 բաժակ եռջուր, լավ խառնել ու թողնել 1 օր: 1 օր հետո այն քամել ու խմել 40 մլ` ուտելուց առաջ, օրը մեկ անգամ: Բուժման տեւողությունը 1 ամիս է, սակայն անհրաժեշտության դեպքում պետք է կրկնել 2 շաբաթ հետո:
Սովորական թրթնջուկը եւս շատ օգտակար է պոդագրային: 50 գ թրթնջուկի աղացած արմատները լցնել 1 լիտր օղու մեջ ու դնել տաք տեղում, թողնելով 12 օր, բայց պարբերաբար թափահարել: 12 օր հետո 1 ճաշի գդալից խմել օրը 2 անգամ` առավոտյան ու երեկոյան, ուտելուց 2 ժամ հետո: