Հակամարտությունների վիրտուալացում է անհրաժեշտ

16/05/2008

1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների «կոորդինատային համակարգում», մինչդեռ այդպիսի օգուտը չի կարող անփոփոխ մնալ նաեւ ապագայում։ Չէ՞ որ ԽՍՀՄ կողմից Աֆղանստանի բռնազավթման ժամանակ ԱՄՆ-ի համար Բեն Լադենի օգտակարությունը հետագայում վերափոխվեց աղետալի վտանգի։ Գծային մտածողությունը միջէթնիկական հակամարտությունների լուծման խնդիրը հասկանում է միայն «վերջնական» լուծման լեզվով, մինչդեռ ոչ գծային մտածողությունը գիտի, որ այդ ոլորտում կարող են լինել այնպիսի վիճակներ, որոնց նկատմամբ ճիշտ կլինի «հավերժական» լուծման մոտեցումը։ Եվս մեկ օրինակ։ Ոչ գծային մտածողությունը գիտի, որ լինում են այնպիսի հակամարտություններ, որոնց համար հարկ է ստեղծել բնական մարման, հանդարտացման իրադրություն։ Գծային մտածողությունն անկարող է հաշվի առնել այդպիսի հեռանկարները։ Ավելացնենք, որ հակամարտության ողջ ընթացքում՝ «ո՞վ է մեղավոր, իսկ ո՞վ՝ անմեղ» հարցերը եւ դրանց պատասխանները եւս կրել են գծային բնույթ։ Առհասարակ Ադրբեջանում ԼՂ հակամարտության շուրջ «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռության» ըմբռնման մեջ պակասում է ոչ գծայնությունը, թեեւ «հավասարակշռություն» տերմինը կարծես հուշում է փոխհատուցումների համակարգի մասին, որը հաճախ ունի ոչ գծային բնույթ։ Աշխարհաքաղաքական մտածողության գծայնության պատճառով մեզ թվում է, թե գլխավոր աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք տարբեր դրդապատճառներով մտահոգված են ԼՂ իրադրությամբ, գործում են հետեւյալ սկզբունքով` «գիտեմ եւ գործում եմ եւ զբաղված եմ նախանշված նպատակին հասնելու խնդրով»։ Այս սխեմայում տեղ չկա էական ճշգրտումների, շեղումների, զիջումների, հիասթափությունների համար։ Եվ գլխավորն այն է, որ մենք չգիտենք այն մասին, որ իրենք՝ ՌԴ-ն, Եվրոպան, ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Իրանը կարող են թե՛ իրենց երկրի ներսում, թե՛ դրանից դուրս ոչ գծային գործընթացների պատանդ դառնալ։

2. Աշխարհում եւ Միջազգային իրավունքի մեջ գոյություն ուներ ինքնին հասկանալի կարծիք, որ այն երկիրը, որը ճանաչում է անջատողականության արդյունքում ի հայտ եկած «պետությանը», թույլ կտա Միջազգային իրավունքի համար սպառնալիք ներկայացնող գործողություն։ Երկրները տարբեր կերպ էին արտահայտում իրենց համակրանքը եւ օժանդակությունն այդպիսի նոր «պետությունների» նկատմամբ, բայց չէին համարձակվում այդ համակրանքը վերափոխել պաշտոնական ճանաչման։ Ահա եւ Կոսովոն քանդեց այդ իրադրությունը։ Այսուհետ, ըստ իմ կանխատեսման, երկրներն էթնիկական կամ կրոնական համերաշխությունից բխող իրենց համակրանքը հեշտությամբ կվերափոխեն պաշտոնական ճանաչման։ Ամեն մի տիրաժավորում նվազեցնում է նախնական փաստի ազդեցության ուժը։ Ուստի՝ Կոսովոյից հետո ճանաչման (համապատասխանաբար՝ նաեւ չճանաչման) գործողությունը հավանաբար կկորցնի վերջին տասնամյակներում ունեցած արժեքը։

3. Ինձ թվում է՝ ինչպիսին էլ որ լինի այդ ինստիտուտը, դրան կից պետք է լինի Հարավային Կովկասում մարդու իրավունքների դատարան, որին կկարողանան դիմել թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը։ Բացի այդ, տվյալ ինստիտուտը պետք է ունենա հարավկովկասյան պետությունների համար ցավագին պատժամիջոցներ կիրառելու կարողություն։ Այս հայտանիշերը հուշում են, որ այդ միջազգային ինստիտուտը պետք է մասնագիտացած լինի հարավկովկասյան պետությունների հարցերով՝ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նպատակով։ Նրա մեջ պետք է մտնեն նաեւ այդ պետությունների եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները։

4. Իհարկե, Կոսովոյի հետ կապված պատմությունը, Իրաքում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ գերտերությունները կարող են ուժային ձեւով մարել հակամարտությունները, թեեւ «մարումը» միշտ չէ, որ մտնում է «հակամարտության լուծում», առավել եւս՝ «հակամարտության արդարացի լուծում» կատեգորիայի մեջ։ Եթե, օրինակ, ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն ի դեմս Ադրբեջանի տեսնեին չարագույն եւ հավերժական թշնամու, ապա դա ինչ-որ ձեւով կարդարացներ հակամարտության կոպիտ անարդարացի «լուծման» հնարավորությունը։ Բայց, կարծես, Հայաստանից բացի, ոչ մեկն էլ Ադրբեջանին նման գնահատականի չի «արժանացնում»։ Գերտերություններն ի վիճակի են ծնկի բերել գրեթե յուրաքանչյուր փոքր երկրի։ Բայց քանի որ ես չեմ պատկերացնում Ադրբեջանի դեմ չարությամբ լցված հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների, ապա մտածում եմ, որ նրանք գերադասում են հակամարտության այնպիսի լուծում, որը չի հարուցի խորին ատելություն Արեւմուտքի եւ/կամ ՌԴ-ի դեմ (թեեւ, պետք է խոստովանել, որ Կոսովոյի փաստը պահանջում է որոշ ճշգրտումներ մտցնել նման համոզմունքի միարժեքության մեջ)։ Եթե գերտերություններից դիտարկենք ԱՄՆ-ին, ապա, կարծում եմ՝ նրա քաղաքականության մեջ կան հետեւյալ՝ փոխադարձաբար իրար ճշգրտող եւ զսպող սկզբունքները. առաջին՝ «անկարելի է միաժամանակ հասցնել ներկա լինել ամեն տեղ», երկրորդ՝ «կան տարածաշրջաններ, ժողովուրդներ, որտեղ ԱՄՆ-ի սխալները չեն լինի աղետալի», այսինքն՝ այնպիսի սխալներ, որոնք, թույլ տալու դեպքում, միշտ կարող են շտկվել։ Իմ կարծիքով՝ Արեւմուտքի համար ԼՂ հակամարտությունը հենց այն հակամարտությունն է, որտեղ լուծման ձգձգումը, առանձին քայլերի սխալ լինելն աղետաբեր չեն թվում։ Ահա թե ինչու է լուծումն այսպես ձգձգվում։

5. Փիլիսոփայության մեջ կա «ընտանեկան նմանությունների» գաղափարը։ Հիմա կարող եմ ասել, որ գուցե ձեր թվարկած հակամարտությունները միավորված են ոչ թե ընդհանուր էությամբ, այլ կազմում են դաս՝ ըստ ընտանեկան նմանության սկզբունքի։ Ես էթնիկ հակամարտությունների մասնագետ չեմ, ուստի չգիտեմ՝ ձեր թվարկած հակամարտությունների վերաբերյալ կա՞ն այնպիսի հետազոտություններ, որոնցում նույնությունները եւ տարբերություններն արձանագրվում են ընտանեկան նմանությունների սկզբունքով։ Պարզ է մի բան. եթե հակամարտություններն ունեն էական ընդհանրություն, ապա դրանց նկատմամբ կարելի է կիրառել լուծման նույն մոդելը՝ տեղական առանձնահատկությունները հաշվի առնող որոշ ձեւափոխություններով։ Բայց եթե իրադարձությունները միավորված են ընտանեկան նմանության սկզբունքով, ապա լուծումները եւս պետք է կազմվեն համապատասխան ձեւով։ Մի ժամանակ ԼՂ հակամարտության լուծման համար ես առաջարկել եմ «անոմալ ինքնավարության» մոդելը: Ես փորձել էի ցույց տալ, որ միջէթնիկական հակամարտությունների լուծման փաթեթների մեջ կարող են մտնել տարբեր խորհրդանշանային-նշանագիտական կանոններ։ Այդ մոդելի հիման վրա ես հանգեցի այնպիսի ձեւակերպման, ինչպիսին է «հակամարտությունների վիրտուալացումը»։ Հիմա, պատասխանելով ձեր հարցին, կարող եմ ասել, որ մարդկությունը պետք է գտնի հակամարտությունների վիրտուալացման տարբեր եղանակներ։ Իսկ եթե որոշակիացնեմ իմ ասածը, ապա կավելացնեմ, որ հակամարտության կողմերի էթնիկ բնույթը կարող է լինել այնպիսին, որ խորհրդանշական զիջումները նրանց բարոյական բավարարվածություն պատճառեն։ Մինչդեռ մեկ այլ դեպքում հակամարտության կողմերը կարող են բավարարվել, օրինակ, դրամական փոխհատուցմամբ, կամ կողմերից մեկի՝ «ստորացման» համաձայնությամբ։