Ո՛չ գովազդ, ո՛չ քաղաքականություն

16/05/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Վերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը:

Երեկ հենց այս հեռուստաալիքի հետագա ծրագրային քաղաքականության մասին իրենց առաջարկներն ու մտավախություններն էին հայտնում «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդվարդ Թոփչյանը: Երաժիշտների համոզմամբ, մշակութային ալիք ունենալը նշանակում է` մի քայլ առաջ անցնել: Ըստ նրանց` այնտեղ չպետք է լինի ո՛չ գովազդ, ո՛չ քաղաքականություն, չնայած այս ալիքի ստեղծումը եւս, նրանց խոսքերով, ինքնին որոշակի քաղաքականություն է: Ա. Բայաթյանը համոզված է, որ այս հեռուստաալիքում եւս կլինի էստրադային երաժշտություն, սակայն ոչ թե փոփ, այլ արժեքավոր երաժշտություն: Ըստ նրա` էստրադային երաժշտությունն այդ նոր հեռուստաալիքում կկազմի եթերի մոտավորապես 5-10%-ը: «Կարծում եմ, որ այս հեռուստաընկերությունում չի լինելու այն արվեստը, որը վաճառքի համար է ստեղծվում: Ըստ իս, կստեղծվի արվեստագետների մի խումբ՝ գեղարվեստական խորհուրդ, ովքեր կորոշեն` ինչ եթեր հեռարձակել: Լավ քննադատներ կան, որոնք այսօր եթերում չեն երեւում, բայց նրանց խոսքը շատ կարեւոր է: Արվեստագետը պետք է ազատ լինի, եւ պետք է ստեղծվեն նաեւ խմբեր՝ բաղկացած արժանի եւ լուրջ արվեստագետներից, ովքեր ոչ թե իրենց ծանոթ-բարեկամներին եթեր կհանեն, այլ այն, ինչը լուրջ արժեք է ներկայացնում»,- ասաց Ա. Բայաթյանը` հավելելով, որ այժմ ինքը հայկական ոչ մի ալիք չի նայում, քանի որ այնտեղ իր «հոգու համար ոչինչ չի գտնում»: Իսկ ռադիոկայանների դերը, ըստ նրա` մի փոքր այլ է, քանի որ այն կոմերցիոն բնույթ ունի, չնայած «ճաշակի ձեւավորման հարցում այն եւս մեծ տեղ է զբաղեցնում»: Նաեւ հարց բարձրացվեց` արդյոք հայկական հեռուստաընկերություններն ունե՞ն դասական արվեստի որոշակի պաշար: Ա. Բայաթյանն ասաց, որ կան բավականին շատ տեսաձայնագրություններ, քանի որ ինքը գրեթե բոլոր նմանատիպ համերգներին ներկա է լինում եւ տեղյակ է, որ այդ ամենը տեսագրվում է: Ռադիոկայանի տնօրենի կարծիքով, մեր հանդիսատեսը պետք է վերականգնի իր «նկատողի» ունակությունները, հակառակ դեպքում, ըստ նրա` հայ հանդիսատեսն ընկալունակ չէ եւ, միանմանությունից հոգնած, ամեն ինչ թերագնահատում է: Իսկ Էդվարդ Թոփչյանը բոլորովին էլ մտավախություն չունի, որ այդ նոր ստեղծվելիք ալիքով դասական համերգների հաճախակի ցուցադրությամբ դրանք եւս կարժեզրկվեն: «Նման ալիքներով կցուցադրվեն բացառիկ կատարումներ, որոնք Հայաստանում հնարավոր չէ լսել դահլիճներում: Կարծում եմ` դրանով ավելի կարժեւորվեն: Բացի դրանից, որեւէ երաժշտի հետ ծանոթությունը հեռուստաեթերից անպայման կստիպի, որ տվյալ մարդը նաեւ նրա համերգին ներկա լինի»,- ասաց Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը: Նա ցանկություն հայտնեց, որ նոր ստեղծվող ալիքը ներկայացնի միմիայն բարձրարժեք արվեստ, եւ, որ մեր «աստղերն ու աստղիկներն» այն չբռնագրավեն: «Կոտորած է, երբ «օ»-երով եւ «ե»-երով ավարտվող մեր աստղիկներն են համերգներ տալիս, բայց, ցավոք, Յուլյա Ֆիշերին, որ ճանաչվեց 2007 թվականի լավագույն դասական երաժիշտ, շատերը չգիտեն, իսկ դահլիճը կիսադատարկ էր: Բայց ասեմ, որ հենց այդ աստղիկների համերգների շնորհիվ, հենց նրանց դահլիճի վարձակալման փողերով ենք մենք կարողանում հանրահայտ դասական երաժիշտներ հրավիրել Հայաստան»,- նկատեց Է. Թոփչյանը: