Գողություն՝ Օշականում

16/05/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Հայրենի գյուղում՝ Օշականում կատարած գողությունը Յուրիկ Ստեփանյանին հանգիստ չէր տալիս: Հետո այլ գողություններ էլ էր կատարել, բայց դրանք այն հետքը չէին թողել Յուրիկի հիշողության մեջ, ինչպես՝ օշականյան դրվագը: Միգուցե նրանից էր, որ Օշականում իր հարեւանի տուն էր մտել:

Բայց ի՞նչ աներ. գիտեր, որ տանը մարդ չկա, իսկ գողանալու բան՝ ինչքան ուզես: Գողոնն էլ շատ տպավորիչ էր ստացվել, արժեքավոր, բայց Յուրիկին վախից ու գլխացավանքից զատ՝ համարյա ոչինչ չէր տվել: Կամ՝ շատ չնչին բան էր տվել ու, միաժամանակ, ահա, մնացել էր նրա հիշողության մեջ:

Օշականի գողությունից հետո Յուրիկը եւս երկու գողություն էր կատարել՝ 2007թ. հունիսին ու օգոստոսի 12-ին: Արդյունքներն առանձնապես չէր էլ վայելել, որովհետեւ արդեն սեպտեմբերի 7-ից կալանքի տակ էր առնվել:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով Յուրիկ Ստեփանյանը 2007թ. նոյեմբերի 29-ին մեղավոր էր ճանաչվել գողությունների համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով ու դատապարտվել 3 տարի ազատազրկման: Դատաքննությունը, Յուրիկի ցանկությամբ ու մեղադրողի համաձայնությամբ, ընթացել էր արագացված ընթացակարգով: Այստեղ եւս նշմարվել էր Յուրիկի մոտեցման առանձնահատկությունը: Նա լիովին ընդունել էր մեղքը, զղջացել ու նախաքննության ընթացքում խոստովանել վերոհիշյալ հունիս-օգոստոսյան հանցադրվագները:

3 տարի ազատազրկման դատապարտող դատավճիռը նա չէր բողոքարկել: Սակայն կալանավայրում նրա ներքին անհանգստությունը պահպանվել էր: Չխոստովանած մի մեղք հանգիստ չէր տվել այնքան ժամանակ, մինչեւ որ վերջապես հանդես էր եկել եւս մեկ խոստովանությամբ ու պատմել Օշականի գողության մանրամասները: Եթե ավելի հեռատես ու համարձակ լիներ՝ կխոստովաներ ավելի վաղ ու նոյեմբերի 29-ին կդատվեր նույն հոդվածի նույն մասով: Պատիժը մի փոքր ավելի կստացվեր, բայց հետագայում խոստովանելու, եւս մեկ անգամ նախաքննության ու դատաքննությունների բովով անցնելու անհրաժեշտությունը, նորից դատապարտվողի հուզական լարվածությունը չէին լինի:

Եվ այսպես, արդեն դատապարտյալ Յուրիկ Ստեփանյանը կամովին ու ամենայն մանրամասնությամբ խոստովանել էր 2007թ. հունիս-օգոստոսյան հանցադրվագներին նախորդած եւս մեկ գողություն: Նա, օգտվելով այն հանգամանքից, որ գյուղի իր հարեւանի տանը մարդ չկար, մտել էր ու գաղտնի հափշտակել այն արժեքավորը, որ ձեռքի տակ էր ընկել:

2007թ. մայիսի 4-ին, կեսգիշերից մոտ մեկ ժամ առաջ, Յուրիկը գաղտագողի մուտք էր գործել հարեւանի բակ, տան արեւելյան կողմի աստիճաններով բարձրացել երկրորդ հարկ, աթոռին կանգնելով՝ հանել մուտքի դռան վերեւի ձախ կողմի ապակին, մտել ներս ու գողացել «Սոնի» ֆիրմայի արտադրության երաժշտական կենտրոնը՝ բարձրախոսներով ու հեռակառավարման վահանակով: Հափշտակել էր նաեւ որսորդական մեկփողանի հրացան՝ 24 հատ լիցքավորված փամփուշտների ու փամփշտակալի հետ միասին: Նրա ավարը հարստացել էր ոսկե երկու կախազարդերով, արծաթե շղթայով ու խաչով, լուսանկարչական ապարատով ու այլ մանր-մունր բաներով:

Ամբողջ գողոնը փաթաթել էր վարագույրների մեջ, հյուրասենյակի դուռը ներսից բացել ու հանգիստ, բայց՝ ծանրաբեռ, դուրս եկել բակ: Սակայն մտածել էր, թե տան առաջին հարկում եւս գողանալու բան կարող է գտնել, այնպես որ՝ հանել էր տան առաջին հարկի արեւելյան կողմում գտնվող փոքր պատուհանի ապակին, հրելով բացել ձախ փեղկը եւ մտել խոհանոց ու դրան կից սենյակը: Այլ երաժշտական կենտրոններ կամ զարդեր չէր հայտնաբերել, գողացել էր ընդամենը 8000 դրամ: Ամբողջ գողոնի ընդհանուր արժեքը կազմել էր 690.000 դրամ:

Գիշերով Յուրիկն ավարը տեղափոխել ու թաքցրել էր իրենց տան հարեւանությամբ գտնվող ու «Կոնդ» «մայրաքաղաքային» անունը կրող քարանձավում:

Գողոնի բնույթից դատելով՝ Յուրիկի հետաքրքրությունների մասին հետեւություններ անել պետք չէ: Նա առանձնապես մելոման չէր, ոչ էլ՝ երդվյալ որսորդ: Գողացել էր այն, ինչ հարմար ու արժեքավոր էր համարել: Բայց այդ «հարմարն ու արժեքավորը» դեռ պիտի կարողանար կա՛մ իրացնել, կա՛մ ինքը վայելել: Նա ոչ մի երաժշտական կատարում այդպես էլ չէր ունկնդրել ավարառած երաժշտական կենտրոնով: Ոչ մի կաքավ չէր որսացել որսորդական հրացանով: Հենց նույն գիշերվանից նրան վախի զգացումն էր պարուրել: Մարդը չէր վախեցել գիշերով մուտք գործել ուրիշի տան՝ երկրորդ, ապա նաեւ՝ առաջին հարկերը, չէր վախեցել ավարով հանդերձ կտրել-անցնել որոշակի տարածք՝ մինչեւ «Կոնդ» կոչվող քարանձավը: Սակայն հետո վախի գերին էր դարձել: Հաջորդ օրն իսկ, մտածելով, թե կատարածը կարող է բացահայտվել, Յուրիկը բարբարոսաբար ձորն էր նետել «Սոնի» ֆիրմայի երաժշտական կենտրոնը՝ իր բարձրախոսներով ու մինչեւ անգամ՝ հեռակառավարման վահանակով եւ մանր-մունր այլ գողոնիկներով:

Որսորդական հրացանն էլ այլ ուղղությամբ էր տարել ու գցել Օշականի եկեղեցու՝ իր նախասիրած արեւելյան կողմում գտնվող այգու խոտերի մեջ: 24 փամփուշտներով լիցքավորված փամփշտակալը կախ էր տվել մոտակա մի ծառից: Մնացել էր այն գողոնը, որը տեղավորվում էր գրպանում, այսինքն՝ զարդերը, մեկ էլ՝ 8000 դրամը: Դրամն օգտագործել էր մայրաքաղաք ժամանելու համար եւ ոսկեղենն ու արծաթեղենը 10.000 դրամով վաճառել մի անծանոթ քաղաքացու: Այնուհետեւ վերադարձել էր Օշական: Կարծել էր, թե՝ վերջ, ազատվեց բարդ գողության ճնշումից ու, որ ամենակարեւորն է՝ հետքերից: Հետագայում պարզվել էր, սակայն, որ նա չէր կարողացել ազատվել ամենակարեւորից, միգուցե՝ հարեւանի տնից գողություն կատարելու պատճառով արթնացած խղճի խայթից:

Օշական գյուղի եկեղեցին առանձնահատուկ տեղ ունի մեր բոլոր հոյակերտ եկեղեցիների շարքում: Այնտեղ ենք խոնարհվում Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակի առաջ: Օշականի եկեղեցի այցելողներն ուխտագնացի վախվորած զգացողություն են ունենում եւ այնտեղից հեռանում առավել հայացած: Իսկ ահա Յուրիկը եկեղեցու տարածքում փորձել էր կորցնել իր կատարած հանցավոր արարքի հետքերը: Մինչդեռ հանցանքի հետքերը մնացել էին նրա անհանգիստ հոգում եւ ստիպել, որ այլ հանցագործություններից ու դատապարտումից հետո խոստովանի մեղքը՝ իրավապահների կողմից չբացահայտված գողությունը:

Միայն՝ արագացված կարգով

ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի՝ 2008թ. հունվարի 31-ի դատավճռով Յուրիկ Ստեփանյանը մեղավոր էր ճանաչվել Օշական գյուղում կատարած գողության համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, ու դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին գումարվել էր նաեւ 2007թ. նոյեմբերի 29-ին սահմանված եռամյա պատժի մի մասը: Յու. Ստեփանյանը վերջին հաշվով դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման: Հյուսիսային քրեական դատարանում եւս Յուրիկը խնդրել էր դատաքննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Մեղադրողը դեմ չէր եղել: Յուրիկը նորից ընդունել էր մեղքը, զղջացել: Սակայն վերջում, 4 տարի 6 ամիս պատժից դժգոհ մնալով, բողոքարկել էր դատավճիռը:

Նա այն կարծիքին էր, որ դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք պիտի դիտեր իր կողմից հանցագործության բացահայտմանն աջակցելը, որովհետեւ նախաքննական մարմնին այն հայտնի չէր եղել մինչեւ իր խոստովանելը:

Մեղադրանքի կողմն առարկել էր բողոքի դեմ՝ խնդրելով Հյուսիսային քրեական դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, քանի որ Ստեփանյանը դատապարտվել էր հանցագործությունների համակցությամբ, եւ սահմանված պատիժը միանգամայն համապատասխան է կատարված հանցանքների ծանրությանն ու ամբաստանյալի անձին:

Վեց տարվա երկու երրորդը

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը, քննելով Յուրիկ Ստեփանյանի բողոքը, հանգել է հետեւության, որ այն պետք է բավարարել:

Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ 2007թ. մայիս, հունիս, օգոստոս ամիսներին Ստեփանյանը կատարել էր համասեռ արարքներ՝ գողություններ: Սակայն սկզբում բացահայտվել էին վերջին երկու հանցադրվագները, որոնց համար նա 3 տարի ազատազրկման էր դատապարտվել 2007թ. նոյեմբերի 29-ին: Հետագայում նրա իսկ խոստովանությամբ բացահայտվել էր մայիսին կատարված գողությունը: Դրա համար էլ, փաստորեն, նա առանձին էր դատապարտվել, ու նոր պատժին գումարվել էր նախորդ պատժի մի մասը:

Եթե բոլոր երեք գողություններն էլ ժամանակին բացահայտված լինեին, Ստեփանյանը կմեղադրվեր Քրեական օրենսգրքի 177 հոդվածի նույն՝ 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կդատապարտվեր այդ հոդվածի սանկցիայի սահմաններում մեկ անգամ, ոչ թե երկու տարբեր դատարանների կողմից նույն հոդվածի նույն մասով՝ երկու անգամ:

Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ երկու անգամն էլ Ստեփանյանին դատել են արագացված ընթացակարգով: Դա ամբաստանյալի ցանկությամբ է եղել, իսկ մեղադրողները չեն առարկել: Արագացված ընթացակարգով դատապարտվողի նկատմամբ սահմանված պատիժը չպետք է գերազանցի տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի

2-րդ մասի սանկցիան նախատեսում է երկուսից մինչեւ վեց տարի ազատազրկում: Հետեւաբար, Ստեփանյանի պատիժը 4 տարի ազատազրկումից ավելին չպետք է լիներ: Մինչդեռ Հյուսիսային քրեական դատարանը սահմանել էր 4 տարի 6 ամիս ազատազրկում, մի ժամկետ, որը գերազանցում է կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի՝ վեց տարվա ազատազրկման երկու երրորդը:

Քրեական վերաքննիչ դատարանն այս հիմնավորմամբ էլ պատժի մասով փոփոխեց Յուրիկ Ստեփանյանի նկատմամբ կայացված վերջին դատավճիռը:

2008թ. ապրիլի 18-ին, Օշականում կատարած գողության համար նա դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին գումարվեց նախորդ դատավճռով սահմանված պատժի մի մասը: Վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի ազատազրկումը: Պատժի սկիզբը հաշվվելու է 2007թ. սեպտեմբերի 7-ից: