2008 թ. ապրիլի 9-ին լրացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Նորընտիր նախագահի երդման արարողությունից մոտ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց տվեց ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները:
– Վերջերս, ելույթ ունենալով իր կողմնակիցների համաժողովում, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի մեծ մասը նվիրեց մեղադրանքներին Ձեր հասցեին: Կարձագանքե՞ք արդյոք:
– Պետք է ասեմ, որ մտադիր չէի մոտ ժամանակներս որեւէ հարցազրույց տալ, սակայն ստիպված եմ դա անել այն անհեթեթ պնդումներից հետո, որոնք հնչեցվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, որի գոյության մասին ես, ի դեպ, արդեն սկսել էի մոռանալ: Ուրիշների վրա ցեխ նետելով, Տեր-Պետրոսյանն ինքը չի մաքրվի: Ինքնաարդարանալու իր ձեւը նողկանքի զգացմունք է առաջացնում: Նա երբեք իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակություն չի ունեցել: Ճգնաժամային պահերին նա միշտ մտածում էր միմիայն սեփական անձի մասին: Այդպես էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, այդպես էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդպես էր 1998 թվականին: Նույնը կատարվում է նաեւ հիմա: Չեմ անդրադառնա իրադարձությունների ժամանակագրության մանրամասներին. հետաքննությունը պետք է րոպե առ րոպե վերականգնի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցածի պատկերը: Հույս ունեմ, որ դրանով կզբաղվի նաեւ հատուկ հանձնաժողովը, որն առաջարկում է ստեղծել Եվրոպայի խորհուրդը: Հուսով եմ նաեւ, որ բոլոր նյութերը կհրապարակվեն, եւ ցանկացած քաղաքացի կկարողանա ինքնուրույն տարանջատել ճշմարտությունը ստից:
– Տեր-Պետրոսյանն ու իրեն սատարող ԶԼՄ-ներն ու քաղաքական կազմակերպություններն այնպես են ներկայացնում մարտի 1-2-ի իրադարձությունները, որ ստացվում է, թե զանգվածային անկարգություններն ու ուժի կիրառումը կանխավ ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
– Միայն տկարամիտ կամ խորապես անպարկեշտ մարդը կարող է պնդել, որ իշխանությունը կանխավ ծրագրավորել էր ուժի կիրառումը: Պետք է հասկանալ, ո՞ւմ էր դա ձեռնտու: Նմանատիպ ցանկացած բախումները` մարդկային զոհերով, առաջին հերթին հարված են իշխանությանը: Ակներեւ է, որ միշտ կգերակայի այն կարծիքը, թե իշխանությունները չարեցին ամեն հնարավորը` քաղաքացիների մահվանից խուսափելու համար: Այդպիսին է իրականությունը: Այն ճշմարտացի է նմանատիպ իրավիճակների համար նաեւ եվրոպական երկրներում: Այդպիսի դեպքերում ուժի կիրառումն իշխանությունների համար պետք է լինի միայն հարկադրված միջոց, որը կանխում է ավելի ծանր հետեւանքները: Առավել եւս ինձ համար` այն ժամանակ որպես հեռացող նախագահի: Ճշմարտությունը հասկանալու համար, պետք է պարզապես հիշել. ո՞վ էր փորձում վարկաբեկել իշխանությունը ողջ նախընտրական արշավի ընթացքում եւ, հատկապես, ընտրություններից հետո: Ո՞վ էր ավազակախումբ անվանում իշխանություններին եւ կոչ անում կազմաքանդել պետական համակարգը: Ո՞վ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ արդեն հաղթել է: Ո՞վ էր դրդում զինվորականներին եւ ոստիկաններին՝ խախտել երդումը: Ո՞վ էր շանտաժի ենթարկում միջազգային կառույցներին եւ դիտորդներին` նրանց, ընդհանուր առմամբ, դրական գնահատականների համար: Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք, ընտրություններին պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց անկարգություններ հրահրելու եւ Ոստիկանությանը` ուժի կիրառման դրդելու համար:
Եվ վերջինը. ո՞վ է մինչ այժմ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն օգտագործում իր քաղաքական նպատակներով` անբարոյականորեն օգտագործելով մարդկային զոհերը: Թող յուրաքանչյուրն իր համար իր խղճով պատասխանի այդ հարցերին եւ եզրակացություններ անի:
– Տեր-Պետրոսյանը հատուկ ուշադրություն է դարձնում իր` «տնային կալանքի» տակ գտնվելու փաստին: Ինչո՞վ դա կարելի է բացատրել:
– Տնային կալանքի վարկածն օդի պես պետք է Տեր-Պետրոսյանին: Առանց դրա անհնարին է արդարացնել իր բացակայությունը քաղաքապետարանին հարող հրապարակում մարտի 1-ին: Պնդում եմ, որ ոչ մի տնային կալանք չի եղել: Ավելին, Հայաստանի օրենսդրությունը նման իրավական ռեժիմ չի նախատեսում: Տեր-Պետրոսյանին ուղղակիորեն ասվել էր, որ նա կարող է գնալ ուր ցանկանում է եւ երբ ցանկանում է, սակայն անթույլատրելի է պահպանության սպաների մասնակցությունը անօրինական հանրահավաքներին, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների: Ի դեպ, պատասխանատու տղամարդն այդպես էլ կվարվեր: Պետական պահպանության ծառայության մասնակցությամբ հեղափոխություն չեն անում: Ի՞նչ է, նա ուզում էր գնալ այնտեղ, եւ նրան ուժով ե՞տ բերեցին: Թող ասի, ո՞վ է դա արել: Թող դիմի Դատախազություն: Տեր-Պետրոսյանի թիկնազորը կազմված է նրան հավատարիմ մարդկանցից, որոնց թողել էին իր հետ իր իսկ խնդրանքով: Թիկնազորի ղեկավարը նրա ընտանիքին մոտ կանգնած մարդ է: Բոլորին հայտնի է, որ նրանք ընդամենը անվանականորեն են գրանցված Պետական պահպանության ծառայությունում: «Տնային կալանքի» թեման պետք է ուշադրության առարկա դառնա ինչպես Դատախազության, այնպես էլ ստեղծվելիք հանձնաժողովի համար: Եթե ինչ-որ մեկն ի պաշտոնե հանցագործություն է կատարել, թող պատասխան տա օրենքի առջեւ: Տնային կալանքի մասին առասպելը պատասխանատվությունից խուսափող վախկոտ մարդու արդարացում է: Ես արդեն նախագահ չեմ, եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով:
– Տեր-Պետրոսյանի խոսքերով, «իշխանությունները թաքցնելու բան ունեն»: Իր պնդմամբ, դա է պատճառը, որ դեռեւս որեւէ մեկին Ոստիկանության դեմ զենքի օգտագործման համար մեղադրանք չի ներկայացվել: Բացի այդ, նախկին նախագահը հիշատակում է օտարերկրյա դեսպանների միջոցով մարտի 1-ին Ձեզ հետ վարած ինչ-որ բանակցությունների մասին: Ո՞րն է իրականությունը:
– Ինչո՞ւ դեռեւս մեղադրանքներ չեն ներկայացվել Ոստիկանության նկատմամբ զենք օգտագործելու համար: Որովհետեւ դեռեւս բազմաթիվ կարեւոր գործող անձինք թաքնվում են հետաքննությունից: Երկու սպանված եւ 41 վիրավոր ոստիկանների առկայության դեպքում ուժի կիրառման փաստը կասկածի տակ դնելը պարզապես հիմարություն է: Ընդ որում, ես խոսում եմ միայն այն 43 հոգու մասին, որոնք ստացել են հրազենային եւ բեկորային վնասվածքներ:
Տեր-Պետրոսյանը ինչ-որ հակասություններ էր նկատել մամլո ասուլիսների ժամանակ հնչած իմ ելույթներում, երբ ես խոսում էի այն մասին, որ Ոստիկանության զորքերն անզեն էին: Նախկին նախագահը, թվում էր, պետք է իմանար զենք կրելու ռեժիմի տարբերությունը Ոստիկանությունում եւ Ոստիկանության զորքերում: Բախումները սկսվել են հենց զորքերի հետ, որի զինվորները զինված էին միայն մահակներով եւ վահաններով: Երկու սպանվածները եւ վիրավորների մեծամասնությունը հենց Ոստիկանության զորքերից էին: Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը գիտի այդ մասին, սակայն գիտակցաբար մոլորության մեջ է գցում իր կողմնակիցներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ մարտի 1-ին բանակցել է ինձ հետ` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների միջոցով: Տվյալ փաստն ինձ հայտնի չէ, որեւէ բանակցություններ դիվանագետների միջոցով մարտի 1-ին ես չեմ վարել եւ ոչ մի առաջարկ նրանց միջոցով չեմ ստացել: Իմ հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը մարտի 1-ի երեկոյան երկու հանդիպում է ունեցել` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԵՄ երկրների դեսպանների հետ: Հանդիպումները կրել են տեղեկատվական բնույթ եւ բանակցային տարրեր չեն պարունակել: Ընդհանրապես, դատելով ամեն ինչից, Լեւոն Տեր-Պետրոսյանը բարդ հարաբերություններ ունի բարոյականության հետ: Կարծում եմ, այս ամբողջ սուտը անհրաժեշտ է նրան` իր կողմնակիցներին պահելու եւ նրանց ուղղորդելու հնարավորությունները պահպանելու համար: