Ապրիլի 22-ին` կեսգիշերին մոտ, մահափորձ է իրականացվել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի նկատմամբ: Քաղաքագետի համոզմամբ` այն իրականացվել է Ադրբեջանի Հատուկ ծառայությունների կողմից: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Լ. Մելիք-Շահնազարյանը պատմեց կատարվածի մասին:
«Մոտեցա պատուհանին, կրակոց հնչեց: Հետագայում պարզվեց, որ մոտ 2,5-3 մետր հեռավորությունից են կրակել: Գնդակը դիպել էր պատուհանի վանդակաձողին, ինչը փրկել է իմ կյանքը: Կրակոցից հետո դուրս վազեցի` կրակողին բռնելու համար, բայց ոչ ոքի չտեսա»,- իր հետ պատահածն այսպես ներկայացրեց նա: Քաղաքագետն այս երեւույթին մեծ ուշադրություն չի դարձրել` կապելով դա հեռուստատեսությամբ իր վերջին ելույթներից մեկի հետ, որտեղ ինքը քննադատական ելույթ է ունեցել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Կարծեցի` որեւէ մեկը որոշել է կրակել, վախեցնել, չնայած զանգահարեցի Ոստիկանություն: Դրանից հետո` ամսի 29-ին, կրակողներն ինձ հետ կապ հաստատեցին: Ավելի մանրամասն չեմ կարող ասել, բայց այդ զրույցից հասկացա, որ պատվիրողներն ու կատարողները դրսի մարդիկ են: Նույն օրը հանեցի ընտանիքիս տանից եւ դիմեցի պատկան մարմիններին»,- ասաց նա: Քաղաքագետը դեպքի եղելությունը մանրամասն ներկայացրել է Ոստիկանության Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանին, ինչից հետո` մայիսի 8-ին, կալանավորվել է հանցագործներից մեկը, ով ՀՀ քաղաքացի չէ. «Նրա ցուցմունքներով` մեր վարկածը հաստատվում է` պատվերը գալիս է Ադրբեջանից: Խմբի անդամներից ոչ մեկը ՀՀ քաղաքացի չի, բոլորը դրսից են: Ներկայումս կալանավորվածը պատմում է, թե ով է պատվիրել, ինչքան է վճարել եւ այլն»: Լ. Մելիք-Շահնազարյանը չցանկացավ շատ մանրամասնել` նշելով, որ քննության ավարտից հետո միայն կխոսի այդ մասին: Սակայն լրագրողների միջոցով նա հաղորդագրություն ուղարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. «Ուզում եմ լուր տալ նրան, որ ես ողջ եմ ու շարունակելու եմ իմ գործունեությունը: Ես զգուշացնում եմ, որ եթե ինձ կայծակը հարվածի, անգամ` թոքաբորբից մահանամ, մեղավորը կլինի Իլհամ Ալիեւը. մարդը, որը զբաղվում է միջազգային ահաբեկչությամբ: Ինչքան ես հասկանում եմ` որեւէ պետության հատուկ ծառայություններ չեն համարձակվի նման գործողություն կատարել այլ պետության մեջ`առանց պետության առաջին դեմքի ուղղակի կարգադրության կամ համաձայնության»,- նշեց նա: Քաղաքագետի կարծիքով` մահափորձի առիթ կարող էր հանդիսանալ «Ղարաբաղյան էքսպրես» ամսաթերթում իր՝ «Ուզուրպատորների պետություն, ուզուրպատորական պետություն» հոդվածը, որտեղ ինքը գրել է, որ Ադրբեջանի որեւէ նախագահ լեգիտիմ ճանապարհով չի դարձել երկրի ղեկավար, ինչպես նաեւ` ներկայացրել է, թե ինչպես է Իլհամ Ալիեւը կեղծ ստորագրությամբ դարձել վարչապետ: «Կարծում եմ` Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայ լուրջ քաղաքագետներին ու լրագրողներին: Այս դեպքը կստիպի մեր պատկան մարմիններին ավելի զգոն լինել»,- հայտարարեց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի կյանքը, իր խոսքերով` բավական լուրջ գումար արժե, ինչը նրան հիմք է տալիս մտածելու, որ միայն իրեն չպիտի սպանեին։ «Մի մարդու համար այդքան մեծ գումար ծախսելն, իմ կարծիքով, ձեռնտու չէր լինի Ադրբեջանին: Այս խումբն ամբողջովին կվնասազերծվի, երբ Ալիեւը դատարանի առջեւ կանգնի»,- հավաստիացրեց քաղաքագետը` հավելելով, որ վերջապես իր աշխատանքը գնահատվեց, թեկուզեւ` «յուրովի, թուրքական ձեւով»: Նա հավաստիացրեց, որ այս միջադեպն իրեն չի խանգարի շարունակել իր գործունեությունը: Ի դեպ, երեկ Ոստիկանությունից հաստատել են այն լուրը, որ Լ. Մելիք-Շահնազարյանի նկատմամբ իրականացրած մահափորձի առիթով մեկ անձ է ձերբակալվել: Իր դեմ կատարված մահափորձի մասին պատմելուց հետո, քաղաքագետն անդրադարձավ 14 տարի առաջ` մայիսի 12-ին կնքված Բիշքեկյան պայմանագրին: Այսօր այն, նրա կարծիքով` ոչ թե թարմացնելու, այլ գործի մեջ դնելու կարիք ունի: Ըստ նրա, թեեւ այն միայն որպես հրադադարի պայմանագիր է հիշվում, սակայն այնտեղ կան այլ կետեր եւս: «Այդ պայմանագիրը ստորագրել են նաեւ ԼՂ ներկայացուցիչները` հանդիսանալով հակամարտության ուղղակի կողմ: Առանց ԼՂ իշխանության ուղղակի մասնակցության բանակցություններին` դրանք դատապարտված են ձախողման: Հնարավոր չէ որոշում ընդունել` հաշվի չառնելով հակամարտության 2 կողմից մեկին»: ԼՂՀ հարցը, քաղաքագետի խորին համոզմամբ` կլուծվի 2-րդ պատերազմով, որը, սակայն, մոտ ժամանակներում չի լինի։ «Քանի դեռ Կասպից ծովի նավթը եւ գազը հետաքրքիր է աշխարհի համար, պատերազմ չի լինի»,- ասաց նա:
«168 Ժամ». Չցանկանալով կասկածի տակ դնել այն, որ քաղաքագետի դեմ իսկապես մահափորձ է կատարվել, նշենք միայն, որ ամբողջ աշխարհում «մահափորձերի մասին պատմությունները» համարվում են նաեւ PR-ի արդյունավետ տարբերակ: Ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին: