Ղարաբաղյան հակամարտության ուժային ատավիզմները

13/05/2005 Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ

Չնայած հրադադարի հաստատումից անցել է արդեն 11 տարի, բայց ղարաբաղյան
հակամարտության շուրջ իրավիճակը միայն սրվում է։ Դա տեղի է ունենում մի
քանի պատճառով։ Առաջինը՝ ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացի
վերսկսումից առաջ հակամարտության կողմերի տեղում դոփելն է եւ առարկայական
բանակցությունների անցնելու փոխարեն՝ քարոզչական հակամարտության նոր
«ճակատներ» բացելը։ Երկրորդը՝ «ցանկացած գնով» հողերի ազատագրման
Ադրբեջանի բարձր ղեկավարության ուժային ռեւանշի ծավալումն է։ Երրորդը՝
ճակատային շփման գծում ադրբեջանական դիրքերի մոտեցնելն է հայկականին, ինչը
շատացնում է փոխհրաձգություններն ու մարդկային զոհերը, մեծացնում
լարվածությունը։ Չորրորդը՝ Ադրբեջանի կողմից ատելության եւ թշնամանքի
սրումն է, ինչն իր գագաթնակետին հասավ Բուդապեշտում հայ սպային սպանած
Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ։ Հինգերորդը՝ երկու կողմերի ռազմական ծախսերի
աճն է։
Այս ամենն առավել քան բավարար է, որպեսզի միջազգային հանրությունը լրջորեն
մտահոգվի այս հարցով։ Այդ մտահոգության առաջին ահազանգը հնչեցրեց ԵԱՀԿ
գործող նախագահ Դմիտրի Ռուպելը։ Երեւանում ու Բաքվում շփվելով
հակամարտության կողմերի ղեկավարների հետ, նա հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն,
խաղաղությունից բացի, այլ լուծումներ չունի։
Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն
Մանն ու Բեռնար Ֆասիեն՝ կատարելով համատեղ հայտարարություն, նշեցին, որ
տարածաշրջանում նկատվում է լարվածության աճ, ինչը բարդացնում է
բանակցությունների վերսկսումը։ Նրանք հատուկ ուշադրություն հրավիրեցին նոր
պատերազմի հավանականության եւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի վրա՝
խուսափելով որոշակիորեն հասցեագրել իրենց քննադատությունը։ Նրանք կոչ էին
անում կողմերին՝ ընդունել, որ ռազմական գործողությունների վերսկսումը
«աղետալի հետեւանքներ կունենա երկու երկրների բնակչության համար», եւ
հորդորում էին «նախապատրաստել իրենց հասարակություններին հավասարակշռված
պայմանագրային համաձայնությանը, որը փոխզիջումներ կպահանջի երկու
կողմերից»։
Պաշտոնական Երեւանի արձագանքն այնքան էլ պարզ չէր եւ դժգոհություն կար, որ
համանախագահների հայտարարությունը հասցեագրված չէ։ Փոխարենը կտրուկ էր
Բաքվի պատասխանը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի
վարիչ Նովրուզ Մամեդովի արձագանքն ուղղակի «փառահեղ» էր։ Նա ասում էր, որ
այդօրինակ հայտարարությունները «հակասում են ղարաբաղյան հակամարտության
կարգավորման միջնորդների առաքելությանն ու լիազորություններին»։
Նշենք, որ պաշտոնական մանդատը համանախագահներին թույլ է տալիս «նպաստել
հակամարտության լուծմանն՝ առանց ուժ կիրառելու», «ձեռնարկել համատեղ
ջանքեր հրադադարի պահպանման նպատակով»։ Մամեդովը շարունակում է. «Մենք
չենք շարժվում համանախագահների խոսքով։ Նրանք միայն միջնորդներ են եւ պետք
է կատարեն իրենց աշխատանքը։ Երկու ժողովուրդներին ուղղված նրանց
հայտարարությունները մեզ պետք չեն»։ Այստեղ անպայման հարկ է նշել, որ
հայտարարությունն ուղղված էր ոչ թե ժողովուրդներին, այլ կարգավորման
գործընթացի մասնակիցներին։
Պրոֆեսիոնալ դիվանագետը դժվար թե նման տոնով խոսեր, սա ապարատային
չինովնիկի բառապաշար է։ Ուրախալի է միայն այն, որ Բաքվում սխալ չեն
ընկալել, թե հատկապես ում է հասցեագրված համանախագահների
հայտարարությունը, իսկ արձագանքի ոճաբանությունը ցույց է տալիս, որ առաջին
նպատակին հայտարարության հեղինակները հասել են։
Միջնորդների նկատմամբ Բաքվի ոչ բարեհոգի վերաբերմունքը նորություն չէ։
Կողմերից ոչ մեկն այսքան անհեթեթ պահանջներ չի ներկայացրել միջնորդներին՝
մեկ նրանց վերագրելով սեփական ձգձգումներն ու ձախողումները, մեկ էլ
շփոթելով նրանց դերն այլ դերերի հետ, մեկ-մեկ էլ սպառնալով ընդհանրապես
փոխել նրանց։ Այնտեղ միջնորդներից պահանջում են ակտիվացնել ջանքերը, իսկ
իրենք իրենց տրամադրում են անշտապողականության՝ հույս ունենալով տարիների
ընթացքում զարգացնել տնտեսությունն ու ամրացնել բանակը։
Այս բարդ գործընթացում Մինսկի խմբի համանախագահները վաղուց արդեն ստիպված
են շարադրել իրենց գնահատականները, այդ թվում նաեւ՝ հրապարակայնորեն։
Համանախագահները հիշեցրել են կողմերին 1995 թվականի փետրվարի 6-ի
հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ շփման գծում միջադեպերի կարգավորման իրենց
պարտականությունները, որոնք չեն կատարվում։ Հայերը կատարման
պատրաստակամություն ցուցաբերեցին՝ պայման դնելով, որ նույն կերպ վարվի
ադրբեջանական կողմը։ Խոսքը Բաքվինն է, բայց այնտեղ լռում են։ Թեեւ թվում
էր, որ շփման գծում ստեղծված իրավիճակը կառուցողական միջոցառումներ է
պահանջում եւ ոչ թե դիրքերի վտանգավոր առաջխաղացում։
Ամենից շատ դժգոհություն է առաջացրել համառ ռազմաշունչ
հայտարարությունների քննադատությունը, ինչպես նաեւ՝ ռազմական
գործողությունների վերսկսման հնարավոր հետեւանքների գնահատականը։ Բայց
մի՞թե կարելի էր կարծել, որ պատերազմի սադրանքն ու հիստերիայի գրգռումը
չեն արժանանալու ուշադրության եւ դատապարտման։ Ռեւանշի տրամադրություններ
ունեցողներին դուր չի եկել այդ կոչերի մեկնաբանությունը, նույնիսկ երկու
ժողովուրդներին սպասվող զրկանքների թվարկումը։ Ժողովուրդները դեռ իրավունք
չունեն այդ ամենն իմանալու։ Այստեղից էլ ծագում է կոշտ նյարդային
արձագանքը։
Դժվար է հավատալ, թե Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ չէ, որ պատերազմի
կոչերը (ի պատասխան որոնց հայերը վստահեցնում են, թե իրենք պատրաստ են
ամեն ինչի), հակասում են ԵԱՀԿ-ի նորմերին ու ջանքերին, միջազգային
կազմակերպությունների առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին։
Բայց Բաքուն համարում է, որ 1992-94 թվականների ռազմական
գործողությունների արդյունքը՝ հայերի կողմից յոթ շրջանի գրավումը, թույլ է
տալիս բացառության կարգով վերսկսել պատերազմը։ Այս ամենը ժողովրդին
բացատրվում է հայկական կողմի հարձակողականությամբ եւ ոչ մի խոսք չկա
բռնազավթման «համահեղինակների»՝ Ադրբեջանի նախկին նախագահներ Աբուլֆազ
Էլչիբեյի եւ Հեյդար Ալիեւի մասին, ովքեր՝ հույսը դնելով հակամարտությունը
ռազմական եղանակով լուծելու վրա, հրաժարվում էին մի շարք խաղաղ
նախաձեռնություններից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ռեզոլյուցիաները
կատարելուց։
Ինչո՞վ կավարտվեն ռազմական նոր արկածախնդրությունները, սա եւս թաքցվում է
ժողովրդից։ Տեսանելի ապագայում կողմերից ոչ մեկն ի վիճակի չէ բարեհաջող
արշավելու։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ կերպով սահմանափակում է
պետության վրա հարձակման դեպքում նույնիսկ ինքնապաշտպանության իրավունքը։
Միջնորդ տերությունները եւ ամբողջ համաշխարհային հանրությունը
ծափահարություններով չեն ընդունելու այդ արկածախնդրությունը։
Բարեբախտաբար, ռազմական անուրջները դեռեւս իրականանալի չեն, բայց դա չի
մեղմացնում ռազմարշավի ծայրահեղ բացասական գնահատականը. ոչ միայն
պատերազմի, այլեւ հենց ռազմաշունչ հիստերիայի վնասաբեր հետեւանքները
բազմազան են եւ երկարատեւ։ Այս ամենը դառնում է ղարաբաղյան կարգավորման
արտահերթ խնդիր, քանի որ ուժային ռեւանշի սպառնալիքը ոչնչով չի
դյուրացնում կառուցողական ու փոխշահավետ լուծում գտնելու քայլերը։
Այսուհանդերձ, Ադրբեջանին ավելի ձեռնտու է վարել իրապաշտական, ճկուն
քաղաքականություն, քան լինել դաժան եւ անզիջում։ Ռազմատենչությունը չի
օգնի նրանց՝ միջազգային կազմակերպություններում աջակցություն գտնելու
գործում։ Եվ ռեւանշի սպառնալիքի նվագակցությամբ փուլային կարգավորման եւ
գրավված շրջանների ազատագրման հասնելն անհնար կլինի։
Հակամարտության երկու կողմի համար էլ լավ կլինի, որ բյուջեի միջոցները
ծախսեն ոչ թե ռազմական նպատակներով, այլ ավելի կարեւոր խնդիրների համար։
Եվ եթե կողմերը ձգտում են հակամարտության խաղաղ կարգավորման, ապա այդ
ձգտումը պետք է հաստատեն գործով՝ մի կողմ նետելով ռազմական բոլոր
ատավիզմները։

Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆԸ