Դիվանագետները ճիշտ էին

15/05/2008

«Ցավալի է, որ չնայած մեր կոչը` այն ժամանակվա դիմակայությանը չարձագանքել ուժային մեթոդներով, արվել էր մինչեւ մարտի 1-ի դեպքերը, տեղի ունեցան բռնության փորձեր»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ով մեկն էր այն չորս դիվանագետներից, որոնք ընտրություններից հետո ընդունված հայտարարությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ կոչ արեցին իշխանություններին զերծ մնալ բռնություն կիրառելուց, ինչի համար էլ ազատվեցին աշխատանքից: «Դրան հաջորդեցին այնպիսի զարգացումներ արտաքին քաղաքական ոլորտում, որոնք մենք չէինք կարող չկանխատեսել: Այսինքն՝ արտաքին քաղաքականության մեր հնարավորությունները նվազեցին, առաջին հերթին ԼՂ հարցում հարված հասցվեց մեր դիրքերին»,- ասել է Վ. Կարապետյանը: «Այդ իրադարձություններից հետո տեղի ունեցան մի շարք միջազգային կազմակերպությունների քննադատող հայտարարություններ, մինչ օրս մեր երկիրն այդ առումով գտնվում է ռեաբիլիտացիոն փուլում, եւ այդ իրադարձությունների հետեւանքները շարունակում են բացասական անդրադառնալ մեր արտաքին քաղաքական կարողությունների վրա: Այն դեպքում, երբ մեր մտահոգություններն իրականություն դարձան, մեզ համար շատ զարմանալի է, որ ԱԳՆ-ն շարունակում է պնդել, որ մենք սխալ էինք: Երբ կիրառված բռնությունների արդյունքում այսօր մեր արտաքին քաղաքականությունը բախվել է նորանոր խնդիրների, ԱԳՆ ներկայացուցիչները շարունակում են որոնել մեզ նախարարությունից դուրս թողնելու նոր ռեսուրսներ»,- հայտարարել է ԱԳՆ նախկին աշխատակիցը: Հիշեցնենք, որ ազատված աշխատակիցներից չորսը դիմել են դատարան: Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նրանց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, ասելով, թե իր պաշտպանյալները որեւէ խախտում չեն արել, օրենք չեն խախտել, քանի որ օրենքն արգելում է նրանց աշխատանքային միջոցները որեւէ կուսակցության կամ կրոնական խմբի օգտին ծառայեցնելը, մինչդեռ ԱԳՆ ազատված աշխատակիցների հայտարարության մեջ բառ անգամ չկա որեւէ կուսակցության կամ քաղաքական ուժի սատարելու մասին: