Հայաստանի 2007թ. բյուջեն առանձնահատուկ է նրանով, որ գործ է ունեցել երեք վարչապետերի հետ` ծրագրվել եւ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվել Անդրանիկ Մարգարյանի օրոք, իրագործվել է Սերժ Սարգսյանի օրոք, սակայն կատարողականը ներկայացվում է Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: Հայաստանի անցած տարվա բյուջեն ունի նաեւ մեկ այլ առանձնահատկություն` իրագործվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: «Քաղաքական այսպիսի պայմաններում է իրականացվել 2007թ. բյուջեն, եւ այդ տրամադրություններն ազդել են բյուջեի կատարման վրա: Այս բյուջեն բացառիկ է նաեւ այն առումով, որ, ըստ էության, այս եկամտային մասն ավելացել է 33 տոկոսով, իսկ ծախսային մասը` 32 տոկոսով եւ սա աճի աննախադեպ ցուցանիշ է, որը երկու անգամ ավելի է, քան վերջին 5 տարիների ընթացքում եկամուտների աճի տեմպերը: Սա նշանակում է, որ շարունակականության ապահովման առումով բավականին բարձր նշաձող է դրվում նորակազմ կառավարության առջեւ` այս ձեռքբերումները պահպանելու համար»,- երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսված «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ավելացրեց, թե այս տարի նույնպես անհրաժեշտ է կատարելագործել հարկային վարչարարությունը, կրճատել տնտեսության ստվերը եւ խթանել մրցակցությունը: Իր այս կարճ ելույթից հետո վարչապետը լրագրողների հետ հանդիպումից խուսափելու համար դահլիճի հետին մուտքով գնաց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի աշխատասենյակ: Իսկ այդտեղից դուրս գալուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, չնայած վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո հայտարարել էր, որ բաց ու թափանցիկ է լինելու հասարակության համար, իսկ մի քանի օր առաջ էլ նախարարություններին ու պետական այլ գերատեսչություններին զգուշացրել էր, թե լրատվամիջոցների հետ պետք է սերտ կապ ունենալ: 2007թ. բյուջեի կատարողականը երեկ ներկայացրին նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ու Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը: Ա.Ջանջուղազյանի ասելով, անցած տարվա տնտեսական աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների եւ շինարարության ոլորտների հաշվին, որոնց բաժին է ընկնում 13,7 տոկոս աճի մոտ 8,5 տոկոսային կետը: Ըստ Ա.Ջավադյանի, 2007թ. տնտեսական աճը հիմնականում եղել է ստվերի կրճատման, նաեւ՝ hամախառն ներքին արդյունքի աճի շնորհիվ: Ա.Ջավադյանն ասաց նաեւ, որ Հայաստանի անցած տարվա պետական բյուջեի կատարման գործընթացում դեռեւս առկա են եղել խնդիրներ, որոնք կրկնվում են վերջին տարիներին եւ բացասաբար են ազդում դրամավարկային քաղաքականության արդյունավետ ապահովման վրա: Իսկ «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունն առաջիկա օրերին ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո կքննարկվի նաեւ լիագումար նիստում եւ կներկայացվի ԱԺ հաստատմանը: