Մեր կառուցած տունն առայժմ ծղոտից է

15/05/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Էդգա՛ր, Դուք ամեն երեւույթ դիտարկում եք գլոբալ տեսանկյունից` որքանո՞վ է այն ներդաշնակ տիեզերական կարգին, որքանո՞վ է բխում հոգեւոր կանոններից: Ըստ այդմ, հետաքրքիր է, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն այդ բարձրությունից ինչպե՞ս են ընկալվում:

– Բերեմ անգլիական հեքիաթի օրինակը: 3 մարդ պետք է տուն կառուցեին: Յուրաքանչյուրն իր տունը կառուցեց իր կերպին համապատասխան: Մեկը` ծղոտից, մեկը` փայտից, մյուսն՝ իր հոգու մեջ ունեցած շաղախով կառուցեց անառիկ տաճար: Եվ, երբ թշնամին եկավ, խարխլեց այն, ինչը հիմք չուներ, ինքնանպատակ էր կամ մյուսից պաշտպանվելու բարիկադ էր: Երկուսը, սակայն, փախան եւ ապաստան փնտրեցին երրորդի մոտ: Հետեւաբար, նախընտրական շրջանում ծրագրերը պետք է լինեն ներքին իմաստությունից պեղված եւ հանված: Պետք է հստակ լինի, թե այն, ինչ պիտի կառուցենք եւ որի մեջ պիտի ապրեն հայ տեսակի կամ մեր հանրապետության քաղաքացիների հոգեմարդիկ, տաճա՞ր է, թե՞ խարխուլ բնակատեղի է: Հետեւաբար, այսօր արդեն պետք է մտածել` ինչ պետություն ենք ուզում ունենալ այսուհետ: Դրա խորքային պատասխանը գտնելու համար պետք է պեղենք մեր հոգու աշխարհն ու զուգահեռներ տանենք` որքանով է այն, ինչ մենք անում ենք, համահունչ տիեզերակարգին:

– Տիեզերքը մեզ համար հեռավոր, անպատկերացնելի հասկացություն է` իր անսահմանությամբ, իսկ այն մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր երկիրը, անչափ մոտ են: Նրանց դեպքում, թերեւս, տեղին է համեմատության ավելի նյութական օրինակը:

– Եթե փորձենք հիմնական շեշտը դնել նյութական օրինակների վրա, ստիպված ենք լինելու անընդհատ ծանծաղել եւ չկարողանալ գտնել այն ճիշտ ճանապարհը, որ մեզ կարող է դուրս հանել այս ճահճային վիճակից: Ուզում եմ խոսել ծրագրերի մասին, որոնք հիմնականում ինքնանպատակ են: Սակայն պետք են ծրագրեր, որոնց համակարծիք կլինեն ոչ միայն մեծամասնությունը, այլեւ մեր հասարակության փոքր, բայց մտածող կորիզը, որը հավանություն կտա եւ ինքը կլինի կանգնած այդ ծրագրերի իրականացման ղեկին: Եթե լինեն կոնկրետ, պատճառաբանված, աշխարհայացքային, մեծ ճանաչողության հիմքի վրա մեկնված ծրագրեր, այդ ժամանակ, կարծում եմ, տարաձայնությունները, քաղաքական կողմնորոշումները` այս կողմ թե մյուս կողմ` կդադարեն հետաքրքիր լինելուց, քանի որ նպատակն արդեն հստակ ու մեկը կլինի: Մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված` ցանկանում եմ նորից մի հեքիաթի մոտիվով օրինակ բերել. երբ թագավորն իր 3 որդիներին մեծ առաքելությամբ ուղարկում է մի նպատակի, նրանք հասնում են ճամփաբաժան մի քարի, ուր գրված է. աջ գնաս` այս կունենաս, ձախ գնաս` այս կունենաս, ուղիղ գնալու դեպքում, մեծ փորձությունների ու դժվարությունների հաղթահարումից հետո, կհասնես այն նպատակին, որի համար առաքված ես ի սկզբանե: Ստացվում է` նա, ով թագավոր է, մեզ (ազգի առումով) մեծ առաքելության է ուղարկել: Եթե մենք չենք կարողանում գիտակցել այդ մեծ առաքելությունն, ու մեկը մարդկային կամ քաղաքական մոտեցումներում մի փոքր նպատակ, մի փոքր շահ է դնում իր առաջ, որն այդ առաքելության մեջ չէ, գնում է աջ ճանապարհով, մյուսն էլ` գնում է իր իմացած ձախ ճանապարհով: Դա նույնպես ճանապարհ է, բայց ոչ այն ճանապարհը, որն իր շարունակականության մեջ է նպատակ դառնում, եւ որի համար էլ գրվել է հեքիաթը: Դրա համար է կարեւոր, որ կարողանանք տիեզերականորեն հասկանալ` ինչ է մարդը, ինչ է մարդ-Աստված, մարդ-ազգ հարաբերությունը, որպեսզի կարողանանք այս ֆոնի վրա հասկանալ` ինչ ծրագրով պիտի առաջնորդվի այս ազգը, ինչ ծրագրով պետք է կառուցվի այս պետությունը եւ այդ պետությունն ինչի համար պետք է ծառայի այս ազգին: Այսինքն` որն է այս ազգի առաքելությունն այս աշխարհում, Երկիր մոլորակի վրա:

– Այն գաղափարները, որոնց կրողը Դուք եք, Ձեզ դնում է բարդ իրավիճակում, քանի որ կոնկրետ մարդ-պետություն փոխհարաբերության մեջ մարդը պետք է կոնկրետ ընտրություն անի: Այն ուժը, որը Դուք եք արժեւորում, քվեաթերթիկում, կարծես, չկա:

– Ճիշտ եք` չկա, բայց որպես ՀՀ քաղաքացի, ես փորձեցի փոքրիշատե իմ քաղաքական կամքը դրսեւորել եւ ընտրել եմ կոնկրետ թեկնածուի: Սակայն խնդիրն իմ անձնական ընտրությունը չէ: Իմ անձնական ընտրությունն ուղղորդված է վաղվան: Այն, ինչ փորձում է անել մեր գիտամշակութային կենտրոնը, որի համար այսքան ջանք ու տառապանք ենք ներդրել, հետեւյալն է` հստակեցնել կամ գոնե ուրվագծել այն, ինչ պատկերացնում ենք, եւ գտնել այն ճանապարհները, որոնց միջոցով հնարավոր է կյանքի կոչել այն, ինչ ուրվագծում ենք:

– Գիտեմ, որ անգամ Ձեր բնակարանն եք գրավ դրել` այս կենտրոնն աշխատեցնելու նպատակով:

– Ամեն ինչ լինում է ինքնազոհողությունների գնով, եւ եթե հասնենք այն արդյունքին, որը դրել ենք մեր առջեւ, եւ որի մասին քիչ առաջ ասացի` երրորդ ճանապարհը մեծ փորձությունների ու զրկանքների ճանապարհ է: Եթե ընտրել ենք այդ ճանապարհը, ուրեմն այն ընտրված է նախախնամության միջնորդությամբ: Վերջին հաշվով, ամեն տեսակի փորձություն հաղթահարելուց հետո ամենակարեւորը հեքիաթի վերջնական նպատակ-հարսանիքն է, որի տոնախմբությանը պետք է մասնակից լինենք բոլորս, այդ թվում՝ եւ աջ ու ձախ ճանապարհներն ընտրածները: Որովհետեւ նպատակն այդ հաղթական ավարտն է, եւ այդ հաղթական ավարտից հետո մի նոր հեքիաթ գրելը:

– Այդ հաղթական ավարտը Դուք տեսնո՞ւմ եք:

– Տեսնում եմ. այն ուղղորդված է նախախնամության կողմից: Ժամանակի խնդիր է սոսկ, թե դա երբ տեղի կունենա, իսկ ժամանակի զգացողության կորուստը մեզ համար մեր սեփական ողբերգությունն է, որի ականատեսն ենք նաեւ վերջին հայտնի դեպքերում: Ստեղծված իրավիճակում գիտության, մշակույթի, արվեստի աշխուժացումը, այլ հարթություն տանելու, այլ` ավելի բարձր սանդղակին դնելու ձգտումը եթե չաշխատի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք դարձյալ կանգնել ողբերգական իրադարձությունների առաջ: Դրա համար, ըստ իս, այսօր ստեղծված քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու եւ ընթացքն է՛լ ավելի ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է հոգեւոր ներուժի միավորումը, դրանից ծնված գաղափարների հստակեցումը, բոլոր միջոցների ներդնումը դրանց իրագործման համար:

– Դրա համար բավարա՞ր է, որ երկրի բարձրագույն ղեկավարները պարբերաբար ասեն` «Տա Աստված» կամ «Փառք Աստծո», սեղանին ունենան Ավետարանը, եւ որքանո՞վ կարող են ցուցադրական հոգոցները նշանակել, որ կա մեծ ձգտում` վերադառնալ մեր ազգային, քրիստոնեական ավանդույթներին ու արժեքներին:

– Երբ խոսում եմ հոգեւորի մասին, նկատի ունեմ, թե յուրաքանչյուրն իր հոգու Ավետարանն ինչքանով է ընթերցել եւ վերծանել, ինչպես է տրամադրված ինքնակարգավորման սկզբունքների կամ պատվիրանների կատարմանը: Այդ գիտակցությունը ձեռք է բերվում հոգու ճգնանքի, հոգու տառապանքի հաշվին: Դա մարդկային, անհատական մեծագույն նպատակ է: Դա վեր է ամեն ինչից: Մենք մեզ համարում ենք 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդ, բայց ցույց տվեք ինձ 1700 (թիվը սիմվոլիկ եմ ասում) քրիստոնեավայել ապրող միջավայր: Պակասում է այն արժեքային համակարգը, որն էլ ձեւավորում է նման միջավայրը:

– Պետական մակարդակով նախատեսվում է ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի ֆորմատով նոր հեռուստաալիք ստեղծել: Ընդ որում, եթե չեմ սխալվում, մարդկային այն նույն ռեսուրսներով, որով աշխատեցնում են «Նոր ալիքը», «Հայլուրը», «Երկու աստղը»: Նախատեսվում է չցուցադրել «Ստրկուհի Իզաուրայի» որակի ֆիլմեր: Տեղյակ եմ, որ Դուք ունեք լուրջ եւ մանրակրկիտ մշակված ծրագրեր, որոնք կարելի է կյանքի կոչել պետական օժանդակության շնորհիվ: Ներկայացրե՞լ եք դրանք ուր հարկն է:

– Մենք ունենք Մշակույթի, Գիտության նախարարությանը, Ազգային ակադեմիային ներկայացվելիք ծրագրեր: Մշակութային ալիք ստեղծելու հանգամանքը եկավ ինձ հուշելու, որ իրականության մեջ հնարավոր են փոփոխություններ: Սա հնարավորություն կտա վաղը-մյուս օրն ունենալ նոր Հայաստան:

– Դուք պարբերաբար շեշտում եք Երկիր մոլորակի մասշտաբով Հայաստանի մեծ առաքելության մասին, ասում եք` նոր Հայաստան: Խնդրում եմ բացատրել` հանուն ինչի՞ է պետք այդ նոր Հայաստանը: Ի վերջո, ո՞րն է մեր` հայերիս դերն այս աշխարհում, եւ ո՞րն է հայկական ինքնությունը պահպանելու նպատակը կամ անհրաժեշտությունը` այս որակով:

– Ինձ համար այդպիսի հարց գոյություն չունի, եւ անգամ դրա բացատրությունն էլ դժվարանում եմ տալ: Դա նույնն է, թե առյուծին, որն ի սկզբանե ազատ է ու կոչված է տափաստաններում ազատորեն իր արքայությունը վայելելու, փորձես վանդակել այն հիմնավորմամբ, որ կերը, հանապազօրյա հացի վաստակելու խնդիրը կարող է ավելի դյուրին լինել, իսկ կյանքն էլ` ավելի ապահով: Այս պարագայում առյուծը դադարում է առյուծ լինելուց: Երբ ասում էի` ազգային ծրագիր, ազգային նպատակ, Աստծու նախախնամությամբ տրված առաքելություն, այս ամենի մեջ կա ազատ մտածողություն: Եթե մարդ ազատ է ի սկզբանե, քանի որ Աստված իր ցանկությամբ մարդուն տվել է ազատ կամք, կտրվել այդ ազատ մտածողությունից եւ մեկ այլ մտածողության մեջ փորձել կառուցել Հայաստան, դատապարտված է ձախողման: Ազգային մեծ առաքելության համար մեզ պետք են այլ պայմաններ եւ այլ կարգավիճակ, եւ, փառք Աստծո, այսօր ունենք Հայաստանի ազատ, անկախ Հանրապետություն: Վաղը-մյուս օրը, գուցե ամպագոռգոռ հնչի, բայց կերտելու ենք Հայաստանի ազգային ազնվապետությունը, որը մեկ քայլ բարձր հարթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համեմատ, այլեւ համաշխարհային իրականության մեջ գոյություն ունեցող բոլոր տեսակի քաղաքացիական, իրավական հասարակությունների:

– Եթե Ձեր ծրագիրը տապալվի, Դուք դարձյա՞լ այդպես կմտածեք:

– Այսօրվա պայմանները եկել են մեզ պարտադրելու՝ փոխօգնության ձեռք մեկնել միմյանց, անձնական շահերը, տարաձայնությունները դնել մեկ կողմ: Եթե մեր ծրագիրը տապալվի, դա կլինի զուտ ժամանակի կորուստ: Մեզ պետք է ճիշտ մտածողություն, ճիշտ աշխարհայացք, ճիշտ փիլիսոփայություն: Խոսում ենք արեւմտյան արժեքային համակարգից` ժողովրդավարություն, ազատություններ, բայց այդ ամենին մենք` հայերս, ունեցել ենք մեր մոտեցումները: Մենք այնպիսի բարձր արժեքային համակարգ ունեինք, որից այդ նույն եվրոպական քաղաքակրթությունները սնվել են: Մեր ծրագրերի առանցքը սա է` նախեւառաջ ստեղծել մի դաշտ, միջավայր, ուր կլիցքաթափվի ատելության մթնոլորտը, ուր հնարավոր կլինի ձեւակերպել մարդկանց միավորումներ, որոնք լծված կլինեն մեծ նպատակի իրագործմանը:

– Դուք խոսում եք ատելության մթնոլորտի լիցքաթափման մասին, սակայն ամեն բան ունի իր պատճառը: Եթե այսինչ մարդն ատում է մյուսին, գուցե այն պատճառով, որ այդ մեկն ապօրինաբար կալանավորել է իր հորը, եղբորը, ամուսնուն: Դուք գիտեք, որ քաղաքական հայացքների համար կալանավորված են տասնյակ մարդիկ, որոնց հարազատները դժվար թե սիրով լցված լինեն իշխանությունների հանդեպ: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը:

– Թեեւ մենք չենք կարող վեր կանգնել այն իրականությունից, ուր ապրում ենք, բայց, այնուամենայնիվ, եթե շարունակենք ոտքերով խրվել այդ ճահճի մեջ, դա փրկության ելք չէ: Խնդիրը երրորդ ճանապարհի ձեւավորումն է, որը վեր է անձնական շահերից ու զգացողություններից:

– Մի մարդու կյանքը որքանո՞վ կարեւոր արժեք է Ձեր նշած ճանապարհին:

– Յուրաքանչյուր մարդու կյանքն արժեւորված է ոչ միայն այդ ճանապարհի համար, այլեւ տիեզերական հասկացողության, այս մոլորակի վրա աստվածային կամքի կայացման մեջ: Յուրաքանչյուր մարդ, եթե ապրում է այդ գիտակցությամբ եւ իր ուժն օգտագործում է այդ կամքի իրականացման համար, նշանակում է` հասարակությունն էլ, որպես մի ամբողջական օրգանիզմ, կարող է նպաստել աստվածային կամքի իրականացմանը: Պետության դերը նման հասարակության ձեւավորմանը ծառայելու մեջ է: Հասարակությունը պետք է կազմված լինի բարձր արժեքային համակարգ ունեցող մարդկանցից, ովքեր չեն կարող իրականության մեջ ձեւավորել այնպիսի հարաբերություններ, որոնց արդյունքում ունենում ենք ողբերգություններ: