Պատահարներ Երեւանում

15/05/2008

Ծիծեռնակաբերդի խճուղում մայիսի 11-ին` ժամը 00:25-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Մոսկվիչ 412» մակնիշի 28 ԼՍ 552 պետհամարանիշով ավտոմեքենային, որի հետեւանքով «Մոսկվիչի» վարորդը եւ ուղեւորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` «Մոսկվիչի» վարորդ Արամ Շիրինյանը եւ ուղեւոր Անդրանիկ Պողոսյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել: Իսկ մայիսի 10-ին, ժամը 18:10-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող ՀՀ Ոստիկանության զորքերի զորամասի մոտ ավտոմեքենա է բռնկվել: Այրվել են «Մերսեդես ՄԼ» մակնիշի 55 ԼՏ 444 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի էլեկտրական լարերը: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Արթուր Սահակյանը եւ ուղեւոր Մուկուչ Լեւոնյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա», «Էրեբունի» բ/կ-ներ: Ըստ բժիշկների` Ա. Սահակյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Լեւոնյանի վիճակը` բավարար: