Կասկածելի մահ բանակում

13/05/2005 Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մարտի 17-ին Սարգսյաններին կանչեցին Աշտարակի զինկոմիսարիատ եւ
հայտնեցին, որ նրանց որդին` կրտսեր հրամանատար Հայկ Սարգսյանը, զոհվել է
սահմանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Սակայն որդու թաղման օրը դաստիարակչական գծով հրամանատար, փոխգնդապետ Էդիկ
Մելքումյանը հայտնում է Հայկի հորը` Իշխան Սարգսյանին, որ նրա որդին
«ընկել է տականք ստահակի ձեռքով»` նկատի ունենալով զորամասից ինչ-որ
մեկին: «Հարցրեցի` թո՞ւրքն ա խփել, ասեց` բացառված ա, ասեցի, ինքն ա՞ իրան
խփել, ասեց` բացառված ա»,- պատմում է հայրը:
Թաղումից մի քանի օր հետո Գուգարքի զինվորական դատախազությունն առաջ է
քաշում մի վարկած, ըստ որի` Հայկն ինքնասպանություն է գործել: Դա էր
պատճառը, որ Հայկի հարազատները «սուգը թողած»` փորձում էին հանդիպել
լրագրողներին` «իրենց տղայի պատիվը փրկելու» համար:
«Գոնե էս ինքնասպանությունը չվերագրեին իմ էրեխին: Իմ Հայկը դրան արժանի
չէր: Հայկիս նման հազարավորները դրան արժանի չեն,- ասում է մայրը` 45-ամյա
Նինո Սարգսյանը: -Ում մասին լսում ես` ինքն իրեն կախեց, ինքն իրեն սպանեց,
էլ ի՞նչ բանակ: Նա իր ընտանիքն այնքան էր սիրում, որ երբեք ինքնասպան չէր
լինի»:
22-ամյա Հայկ Սարգսյանը ծնվել է Աշտարակի շրջանի Ավան գյուղում: Գյուղի
միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ եւ նույն տարին ընդունվել
Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի
ճարտարապետության բաժին: Զինվորական ծառայության է զորակոչվել 2004-ի
հունիսի 21-ին` համալսարանն ավարտելուց անմիջապես հետո:
Զորակոչի օրը Հայկը «Զինուժ» ծրագրով կոչ է արել հայ երիտասարդներին՝
մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին, ասելով, որ տղամարդ դառնալու
համար զինվորական ծառայությունը պարտադիր է:
«Ես նրան ոչ թե որպես հորեղբայր եմ հանձնել հողին, այլ որպես հրամանատար,
եւ ասել եմ. լաց մի եղեք, մենք այսօր փառքով պետք է նրան հանձնենք
հողին»,- պատմում է Հայկի հորեղբայրը` Սարգիս Սարգսյանը:
Վեց ամիս Արմավիրի ուսումնական զորամասում անցկացնելուց հետո նոյեմբերի
9-ին Հայկին տեղափոխել են Շամշադինի Բերդ քաղաք: Արմավիրում նա օրինավոր
եւ կարգապահ զինվորի համարում է ունեցել, պարգեւատրվել է գովասանագրով եւ
Շամշադին տեղափոխվելուց առաջ ստանձնել կրտսեր հրամանատարի
պարտականությունները: Զինվորական ծառայությունից չի տրտնջացել, սակայն
վերջին նամակում գրել էր. «Արմավիրի ծառայությունը տեսել եմ, այստեղ չեմ
հարմարվում: Այնտեղ փառք էր, այստեղ ուստավ կա, կարգ ու կանոն, բայց չես
ջոկում` ով ինչ է ուզում, ով ինչ է պահանջում»:
Սարգսյանները ծագումով Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառից են եւ ասում
են, որ սասունցիներն իրենց զավակներին դաստիարակում են հայրենասիրական
ոգով:
«Նա ուզում էր ուսումը շարունակել, բայց մենք ասացինք` տղա ջան, բա
հայրենիքն ո՞վ է պաշտպանելու: Ես հպարտ էի, որ իմ տղան հայրենիքին է
ծառայում,- ասում է հայրը: -Տղաս հպարտանում էր, որ սասունցի է,
հպարտանում էր, որ հայրենիքին է ծառայում»:
45-ամյա Սարգիս Սարգսյանը բարձրագույն կրթությամբ զինվորական է: Սարգիսը
եւ նրա եղբայրները մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին: Նա տարբեր
զինվորական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` դիվիզիայի հրամանատարի:
«120 զինվորով մտնում էինք պատերազմի դաշտ եւ առանց կորուստների դուրս
գալիս,- ասում է Սարգիսը: -Ես չեմ հասկանում, երբ խաղաղ պայմաններում
զինվոր է սպանվում, երբ ասում են` զորամասում «չաստ նայող» կա»:
Խաղաղ պայմաններում զինվորների մահվան պատճառը, ըստ Սարգսի, չկրթված սպայակազմն է:
«Մենք մեր տղային չէինք ուղարկել բանակ ինքնասպանություն գործելու:
Ինքնասպանություն այստեղ էլ կարող էր գործել: Մենք նրան ուղարկել էինք
հայրենիքը պաշտպանելու»,- ասում է մայրը` Նինոն, ում Հայկն իր նամակներում
անունով է դիմում. «…երբ գիշերը գլուխս դնում եմ բարձին քնելու, ձեզ եմ
հիշում, մի քիչ մտածում եմ ու նոր եմ քնում: Նինո ջան, այս տողերը քեզ եմ
նվիրում.

Մայրական սերը երբեք չի մարի,
Թեկուզ նա հարյուր տարեկան լինի,
Նա որդու համար ամեն ինչ կանի,
Որ որդին կյանքում վատ օր չտեսնի:
Որդին ուրախ է` մայրն էլ է ուրախ,
Որդին տխուր է` մայրն էլ է տխուր,
Որդին երջանիկ է` մայրն էլ է նույնը,
Որդին ճամփորդ է` մայրն էլ է ճամփորդ:
Ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան
Հսկում է հոգին մայրական,
Տանը լինի, թե դրսում`
Մայրն ամեն տեղ նրան է հսկում»:

Նինո եւ Իշխան Սարգսյանների ավագ որդին` Հակոբը, 2000-2002 թթ. ծառայել է
Քելբաջարի զորամասում: Զորակոչվելուց 9 օր հետո նրան այնպես են ծեծում, որ
4 ամիս անցկացնում է հոսպիտալում: Ծեծի հետեւանքները զգացվում են մինչեւ
այսօր:
«Հակոբին մի կերպ կենդանի տուն բերեցին: Ծեծել-ջարդել էին: Էրեխես մինչեւ
էսօր առողջություն չունի: Տանջանքով ծառայեց, հետ եկավ,- ասում է մայրը:
-Բա երկրորդին տանեն ու չտա՞ն: Բա սենց բերեք իմ մատղաշ տղին դնեք իմ
դե՞մ»:
ՀՀ Զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը
«ԱրմենիաՆաուին» հայտնեց, որ Գուգարքի զինդատախազությունում հարուցված
քրեական գործը` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն,
տեղափոխվել է ՀՀ Զինդատախազություն եւ կատարվում է համակողմանի քննություն:

www.armenianow.com