Պսակ Արաբալի համար

15/05/2008

Բյուրավոր մրջյուններով, ուտիճներով եւ մորեխներով շրջապատված, զննելով նրանց եւ հաճույք ապրելով նրանց միջատային սիրուց (ինչպես մի ժամանակ հաճույք էր ապրում ինքն՝ Արաբալն, իր «Միջատների երազները» բանաստեղծական գրքում), ապրում է ջահել մի աղջիկ տարօրինակ կացարանում, որը նա կոչում է մեկ Ձմեռային Այգի, մեկ Երկնակամար, նրա հարեւանն է` միոտանի մի ծերուկ, նրա ընկերներն են` գիրուկ ճապոնացի Կենկոն, արեւելյան միստիկական մտքի շտեմարանը, եւ Սամորին, որ նվիրված է աղջկան իր թուլության ողջ ուժով: Վտանգավոր ածելիով, որը մի ժամանակ իրեն ի հուշ նվիրել էր ինքը՝ Պաբլո Պիկասոն, նա սպանում է իր պատահական սիրեկաններին իրենց գերագույն հաճույքի պահին: Մյուս նկարիչը` Սալվադոր Դալին, նրան հրավիրում է իր ապարանքը՝ մասնակցելու հանճարեղորեն խեղաթյուրված եւ շվայտորեն շվայտ տոնին:

Արտասովոր եւ խելագար աշխարհ, որ նման չէ հայտնի կամ մտահնար ինչ-որ բանի, եւ պատումն էլ այդ աշխարհի մասին նույնպես որեւէ այլ բանի նման չէ` տարօրինակորեն միապաղաղ, հանց հեծեծանք, որտեղ յուրաքանչյուր գլուխ տերողորմյայի ուլունքահատիկի պես պարտադիր տարրեր է պարունակում` նոր իրադարձությունների նկարագրություն, պարմանուհի մարդասպանի մտքերը, որոնք արտահայտված են բացառապես հարցական նախադասություններով (մետաֆիզիկական կասկածների զառանցա՞նք), նրա երկու ընկերների զրույցները` Կենկոյի եւ Սամորիի, ի վերջո, հերթական հաշվետվություն Ձմեռային Այգու միջատների մասին:

Այսպիսով, եւս մեկ անգամ հաստատվում է` Արաբալը ոչ մեկին նման չէ, եւ նրա աննմանության աստիճանը` ընկալելիի սահմանագծին է: Նման լինելով լոկ ինքն իրեն, նա, սակայն, իր վեպի պերսոնաժներն է դարձնում Պիկասոյին եւ Դալիին` դա խաղ է, բայց նաեւ խոստովանություն: Քանզի նրանք իր ավագ եղբայրներն են, իսկ նա` նրանց ժառանգորդը: Նա վերջին ողջ ներկայացուցիչն է այն բանի, ինչը ես կկոչեի իսպանակենտրոն սյուրռեալիզմ, որը ծնվել է հինավուրց բարոկկոյական խելահեղությունից` դա սերվանտեսյան սյուրռեալիզմն է, մռայլ ու դաժան, պատարագով համակված ծիսական սյուրռեալիզմը, որը դրսեւորվում է նրանում տասնյակ դիմակներով (պոռնկագրական, մետաֆիզիկական, հռետորական, կենդանաբանական, եւ այլն):

Ես մտածում եմ Արաբալի մասին, եւ միտս են գալիս անուններ նրա համար` Վերջնեկ, Վերջիններից Վերջինը, Որբացած. ես մտածում եմ բաց վերջնամասի մասին, որով եզրափակվում է գիրքը. մարդասպանն ու Կենկոն գնում են, ասես ամենավերջին պահին Արաբալը երգել էր նրանց` «Ճամփորդության հրավերը», ցուցանել էր գաղտնի ելքը, բաց էր թողել նրանց առ արձակ ազատություն: Այդպես է ավարտվում եւ նրա մյուս վեպը` «Քինգ Քոնգի աղջիկը». հերոսուհին (ի դեպ, նույնպես մարդասպան) գնում է դեպ հյուրընկալ գիշերը, որի համար ինքը՝ Սերվանտեսն է աստղեր նկարել:

Ես մտաբերում եմ Ֆելինիի թաղումը` այդ պահին նրա ստեղծագործությունն արդեն 15 տարուց ոչ պակաս հանգչում էր կիլոմետրանոց խորության վրա, թաղված առանց հուղարկավորության` գալիք ջահակիրներով. նա գնաց դեպի թշնամական գիշեր, ուր թագուհի Բարետխմարությունը երկնակամարից կախել էր կեղծ դիսնեյական աստղերը: Վերջիններից Վերջինը, գեթ մի պահ էլ մնացեք ձեր երեւակայության ամրոցում, քանզի գիշերը պարուրում է մեզ, որբ գիշերը, որտեղից անողոքաբար ջնջված են Պիկասոյի, Դալիի, Բունյուելի, Ֆելինիի հետքերը, գիշեր, որտեղ երեւակայության արտիստներին, մարշալներին, կայծի որսկաններին ճանաչում են սոսկ երկու խուլուհամր թափառականներ, յոթ մորեխ ու մեկ էլ ուտիճի էգը հոգեվարքի մեջ: