Ֆերնանդո Արաբալ

15/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Դրամատուրգ, սցենարիստ, կինոբեմադրիչ, արձակագիր եւ բանաստեղծ, «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկը` Ֆերնանդո Արաբալը ծնվել է 1932 թվականին Իսպանիայում, իսկ 1955 թվականից ապրում է Ֆրանսիայում:

Իր ստեղծագործական կենաց ընթացքում Ֆերնանդո Արաբալը նկարահանել է 7 ֆիլմ, գրել է 100-ից ավելի պիես, 14 վեպ, յոթ բանաստեղծական ժողովածուներ եւ բազմաթիվ գրքեր 20-րդ դարի հանրահայտ արվեստագետների համահեղինակությամբ` Ռենե Մագրիտի, Սալվադոր Դալիի, Ռոլան Տոպորի, Անտոնիո Սաուրայի եւ այլոց: 1962 թվականին Ռոլան Տոպորի եւ Ալեխանդրո Խոդորովսկու հետ հիմնեց «Խուճապի շարժումը»:

Չնայած իր ստեղծագործության սկանդալային եւ անսովոր բնույթին՝ ամենաընթերցվող դրամատուրգներից մեկն է եւ ֆրանսերեն գրող ամենաշատ թարգմանված արձակագիրներից ու բանաստեղծներից մեկը, բազմաթիվ գրական, կինեմատոգրաֆիական եւ թատերական մրցանակների դափնեկիր, այդ թվում նաեւ՝ ֆրանսիական ակադեմիայի Գրան պրիի` դրամատուրգիայի համար, Նաբոկով մրցանակի` արձակի համար եւ այլն: 2005 թվականին Ֆերնանդո Արաբալն արժանացավ Նոբելյան մրցանակի, իսկ1990 թվականից կրում է «Անդրանցական սատրապի» պատվավոր տիտղոսը, որը նրան շնորհել էր պատաֆիզիկայի քոլեջը (տիտղոսավորների շարքում են Կամիլո Խոսե Սելան, Մարսել Դյուշանը, Մաքս Էրնստը, Էժեն Իոնեսկոն, Ման Ռեյը եւ այլք):

Իր հարցազրույցներից մեկում Արաբալն ասում էր. «Ես հրաժարվում եմ ընդունել ֆանտաստիկականից, հրեշայինից եւ տարօրինակ խեղաթյուրումներից զերծ իրականությունը»: Դրա հետ մեկտեղ՝ բնորոշումները, որոնք ինքն՝ Արաբալը, փորձում է գտնել, որպեսզի դրանց օգնությամբ մեկնի իր ստեղծագործության աշխարհը` գրոտեսկը, ծեսը, հանդիսակարգը, խաղը` չեն սպառում նրա ներկապնակի հնարավորությունները: Թատերայնության այդ տարրերից յուրաքանչյուրն անշուշտ անհրաժեշտ է Արաբալին, սակայն նրա մտահղացումների սաղմն այդ տարրերից ավելին է պարունակում: Այդ ցածրահասակ խանդավառվող մարդուն դժվար է տեղավորել սովորական շրջանակներում:

Արաբալի ներկայացումը ծիսական արարողություն է, որը ծառայում է ոչ միայն հանդիսատեսի եւ դերասանի, այլեւ հեղինակի մեջ նստած «սատանային» նզովելուն: Իր ստեղծագործություններում Արաբալն օգտագործում է անհամատեղելի տարրեր` երազներն ու իրականությունը, սրբազանն ու սրբապիղծը, հնամոլականությունն ու քաոտիկը, գեշ ճաշակն ու գեղագիտական նրբագեղությունը, անվայելուչն ու վեհը:

Մադրիդում Արաբալին գրավել էին Կալդերոնի պիեսների ներկայացումները, ում «Կյանքը երազ է» պիեսը նա հետագայում թարգմանեց ֆրանսերեն: Այնտեղ էլ նա տեսավ ուսանողների բեմադրած Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը։ «Ինձ համար դա հանկարծահաս հայտնություն էր,- հիշում էր Արաբալը,- թատրոնն ինձ համար դարձավ ապրող մի բան: Վստահություն ծնվեց, որ իմ պիեսները կարող են բեմադրվել: Ես որոշեցի ինձ նվիրել թատրոնին»: 1991 թվականին Մոսկվայում լույս տեսավ Իգոր Դյուշենի կազմած «Պարադոքսի թատրոնը» ժողովածուն, որտեղ առաջին անգամ տպագրվեց Արաբալի դեռեւս 27 տարեկանում Մադրիդում գրած եւ 1959-ին Փարիզում բեմադրված «Պիկնիկ» պիեսը:

Երկար ընդմիջումից հետո, վերջերս, 2006 թվականին մոսկովյան «Էքսմո» հրատարակչությունը լույս ընծայեց Արաբալի «Մարդասպանը ձմեռային այգուց» վեպը` Միլան Կունդերայի էսսե-առաջաբանով, որն էլ ուզում եմ ներկայացնել ամբողջությամբ։