Հայկական «պատվի համարը»՝ վրացական բեմում

15/05/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Այս տարի լրանում է Ալեքսանդր Շիրվանզադեի 150-ամյակը, եւ այս առիթով ստեղծվել է հատուկ կառավարական հանձնաժողով, որն էլ նախատեսել է բազմաթիվ միջոցառումներ մինչեւ տարեվերջ:

Միջոցառումների սկիզբը դրվեց ապրիլի 19-ին` գրողի ծննդյան օրը, երբ նրա անունը կրող դպրոցում, որը գտնվում է Արաբկիր համայնքում, տեղի ունեցավ գրողին նվիրված մեծ միջոցառում: Այդ միջոցառումների շրջանակներում էլ մայիսի 4-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր «Պատվի համար» ներկայացումը բեմադրեց Վրաստանի` Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, եղել են «Պատվի համար»-ական ընթերցումներ, ինչպես նաեւ՝ վրաց Թատերական գործիչների միությունում քննարկումներ են տեղի ունեցել հայ եւ վրաց թատրոնների արդի վիճակի մասին: Բեմադրությունը ներկայացվել է ռուսերեն լեզվով` թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանի անմիջական սինքրոն թարգմանությամբ: «Այս ներկայացման միջոցով հնարավոր եղավ հայ եւ վրաց թատրոնների միջեւ եղած սառույցը հալեցնել, եթե նման բան եղել է այս երկու բարեկամական թատրոնների միջեւ: Ի դեպ, Վրաստանն այն միակ պետությունն է, որտեղ հայկական պետական թատրոն է գործում: Հազվադեպ է լինում, որ արվեստագետները միակարծիք են լինում, սակայն այդ օրը բոլորը մեր բեմադրության մասին միաձայն միմիայն գովասանքի խոսքեր էին ասում»,-ասաց Վ. Շահվերդյանը, ով արդեն իր 23-րդ ներկայացումն էր բեմադրում Վրաստանում: Վերջին անգամ Մայր թատրոնը 2006թ. մասնակցել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի 150-ամյա հոբելյանին: ՀՀ վաստակավոր արտիստ, Մայր թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը փորձեց ակադեմիական թատրոնի «Պատվի համարը» համեմատել վրացական բեմադրության հետ: Նրա համոզմամբ, վրացիներն այնքան էլ չէին ուզենա, որ հայ թատրոնը փայլեր իր պրոֆեսիոնալությամբ, բայց վրաց թատերագետները բարձր գովեստի խոսքեր են ասել ոչ միայն բեմադրության, այլեւ ընդհանրապես թատրոնի կատարած աշխատանքների մասին: Ի դեպ, Ազատ Գասպարյանը դիմեց նաեւ մեր իշխանությանը, որպեսզի հետեւեն, որ հայկական թատրոնը եւս, ինչպես վրաց թատրոնը, մշտապես իր հանդիսատեսն ունենա: Իսկ «Պատվի համար» ներկայացման մեջ Անդրեաս Էլիզբարովին մարմնավորող դերասան Արմեն Մարությանի համար Ռուսթավելու անվան թատրոնում խաղալը մեծ պատասխանատվություն է եղել. «Այնտեղ, դերասանական խաղից բացի, հավանության արժանացան նաեւ բեմանկարչի` Եվգենի Սոֆրոնովի եւ զգեստների նկարիչ Մերի Սարգսյանի աշխատանքները: Նրանց զարմացրել էր հատկապես այն, թե ինչպես ենք կարողացել 130-ամյա պիեսին նոր շունչ հաղորդել` չանտեսելով նաեւ հինը»: Իսկ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան ցավով նկատեց, թե ինչքան հաճախ է լսում, որ «Պատվի համարը» եւ նմանատիպ ներկայացումները հնացած են, ինչը զայրացնում եւ տխրեցնում է թատերագետներին: Վերջինս նշեց նաեւ, որ հայ երիտասարդները թատրոն գրեթե չեն հաճախում, նրանք նախընտրում են ամենատարբեր շոուներ, մասնավորապես՝ «7.5» եւ այլն: Ի դեպ, մեծ գրողի հոբելյանին նվիրված միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում, եւ Վ. Շահվերդյանը, ով ընդգրկված է կառավարական հանձնաժողովի կազմում, խոստացավ, որ աշնանը մեծ հոբելյանական երեկո է լինելու Մայր թատրոնում: