Առանց մրցակիցների

15/05/2008

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում մայիսի 11-ին անցկացվել է համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալներով` վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական միակ թեկնածու Սերյոժա Հայրապետյանը: Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանն էլ «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ մայիսի 25-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում, որտեղ նույնպես առաջադրվել է մեկ թեկնածու` անկուսակցական, անհատ ձեռներեց Անուշավան Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Արծվանիկի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին` գյուղապետի դիմումի համաձայն: Ի դեպ, հունիսի 1-ին դարձյալ թիվ 38 ընտրատարածքում` Վարդավանք գյուղում, նշանակված են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այդ պաշտոնի համար առաջադրվել է դարձյալ մեկ թեկնածու` գործող գյուղապետ, անկուսակցական Գարեգին Կոստանդյանը: