Վրաստանի իշխանությունները Ստրասբուրգի դատարանում հայց կհարուցեն Ռուսաստանի դեմ, որն ապօրինի ունեցվածք է ձեռք բերում Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Շոթա Մալաշխիան: Հիշեցնենք, որ Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը ռուսաստանցի գործարարներին կոչ է արել ինքնահռչակ հանրապետությունում ավելի ակտիվորեն ձեռք բերելու եւ վարձակալելու պետական օբյեկտներ: Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 16-ի կարգադրությունից հետո ռուսական բիզնեսը սկսել է իրեն ավելի ակտիվորեն դրսեւորել Աբխազիայում: «Մենք արդեն Վրաստանի կառավարությունից ստացել ենք այն պետական օբյեկտների ցանկը, որոնք գտնվում են Վրաստանի տնօրինության տակ, եւ որոնք սկսում են սեփականաշնորհել ռուսաստանցի գործարարները. պատրաստվում են հայցեր յուրաքանչյուր փաստի վերաբերյալ, եւ դրանք բոլորը կներկայացվեն Ստրասբուրգի դատարան»,- ասել է Մալաշխիան: Նա ընդգծել է, որ այնտեղ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Վրաստանի հայցին, քանի որ Աբխազիայում տեղի ունեցող ամեն ինչ Մոսկվայի «թողտվության» արդյունքն է: