Առաջիկա տարիներին նոր էլեկտրակայանների կառուցման հաշվին Ադրբեջանն արտադրական հզորությունները կավելացնի 3000 մեգավատտով եւ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը կհասցնի մինչեւ 35 միլիարդ կիլովատտ/ժամի: Այդ մասին երեկ հայտնել է «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության ղեկավար Էթիբար Փիրվերդիեւը: Նշենք, որ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հնարավոր տարեկան արտադրության ներկայիս ծավալը կազմում է 25 միլիարդ կիլովատտ/ժամ: «Է լեկտրաէներգիայի արտադրության ավելացումն Ադրբեջանին թույլ կտա իրականացնել դրա արտահանում տարածաշրջանի այլ երկրներ»,- ասել է Փիրվերդիեւը: «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Մառլեն Ասքերովի խոսքով, ներկայումս էլեկտրաէներգիայի արտահանման հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ: «Հաջորդ շաբաթ էլեկտրաէներգիայի արտահանման եւ տարանցման շուրջ բանակցությունները շարունակելու համար Բաքու կժամանեն Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները»,- ասել է Ասքերովը: