Հացադուլը ժամանակավոր դադարեցրին

12/05/2008

Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 16 բնակիչներ իրենց եկեղեցու հարեւանությամբ տեղադրված վրանում երեկ հացադուլ էին հայտարարել: Ձորակապ գյուղի բնակիչ են նաեւ քաղբանտարկյալ եղբայրներ Շոթա եւ Մուշեղ Սաղաթելյանները: Մ.Սաղաթելյանի որդի Սեւակ Սաղաթելյանը նույնպես հացադուլ է հայտարարել: Հացադուլավորները պահանջում էին անհապաղ ազատ արձակել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հետ կապված իրադրության պատճառով կալանավորված բոլոր բանտարկյալներին, ինչպես նաեւ՝ տեղի ունեցող բոլոր դատավարությունները ստանան արդար դատավճիռ: Այդ 16 հոգու հետ միասին երեկ որոշել էին հացադուլ հայտարարել նաեւ Ձորակապի շատ այլ բնակիչներ: Սակայն Սեւակ Սաղաթելյանը համագյուղացիներին կոչ է արել, որ մինչեւ մայիսի 12-ը դուրս գան հացադուլից, մնա միայն ինքը: Մայիսի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ կայանալու է Շ.Սաղաթելյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությունը: Ձորակապցիները հույս ունեն, որ այդ օրը դատարանը «կգտնվի իր բարձրության վրա եւ կբավարարի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը»` այդ կալանավորների համար կալանքի փոխարեն խափանման այլ միջոց կընտրի: