Ուզում են դիմել ԵԴ

12/05/2008

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների: «Իմեդիի» փաստաբաններից մեկը` Սոսո Բարաթաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ հայցը կազմված է 90 էջից: Նրա տեղեկացմամբ, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ճգնաժամային իրադարձությունների ժամանակ ու դրանից հետո երկրի իշխանությունները հեռուստաընկերության հետ հարաբերություններում խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ ու 14-րդ հոդվածները: «Փաստաթղթում բողոքարկվել են ազատ արտահայտվելու իրավունքները, ընկերության ունեցվածքը ջարդուխուրդ անելու եւ դրա վերաբերյալ հետաքննություն չանցկացնելու փաստերը»,- ասել է Բարաթաշվիլին, հավելելով, որ մայիսի 22-ին ավարտվում է ընկերության կողմից նման հայց ներկայացնելու վերջնաժամկետը: Հայց ներկայացնելու մասին վերջնական որոշումը պետք է կայացնի «Իմեդի» հեռուստաընկերության դիտորդական խորհրդի նախագահ Ջոզեֆ Քեյը, որի դիրքորոշումն այդ հարցում առայժմ անհայտ է: