Սպասում են պատճենին

12/05/2008

Վերջերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն «ԱրմենՏելի» նկատմամբ վարչական վարույթ է հարուցել «Վեբ» եւ «Արմինկո» պրովայդեր-ընկերությունների բողոքի հիման վրա: Պրովայդերները հանձնաժողով են դիմել՝ նշելով, որ ««ԱրմենՏել» ընկերության կողմից ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրման պայմաններում առկա են մրցակցության սահմանափակման երեւույթներ»: Ըստ դիմումի, «ԱրմենՏելն» ինտերնետ հասանելիության «Hi-Line Unlimited» ծառայությունը տրամադրում է` «օգտագործելով հեռախոսային ցանցի պատմականորեն մենաշնորհային կարգով իրեն պատկանող գծի ենթակառուցվածքները, որոնց օգտագործման հնարավորությունից զրկված են այլ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները»: Իսկ երեկ հրավիրված մամուլի ասուլիսում «ԱրմենՏելի» իրավաբանական բաժնի ղեկավար Դավիթ Սանդուխչյանը հայտարարել է, թե ընկերությունը դեռեւս չի ստացել Հայաստանի հակամրցակցային հանձնաժողով դիմած ինտերնետ-պրովայդերների բողոքի պատճենը: Նա ասել է, որ ընկերությունը նույնիսկ որեւէ մեղադրանք կամ բողոք կոնկրետ պրովայդերների կողմից չի ստացել: Պրովայդերների եւ Հակամրցակցային հանձնաժողով ներկայացրած բողոքի մասին ընկերությունը տեղեկացել է մամուլի հրապարակումներից: Իրավաբանը նշել է, որ հանձնաժողովը պետք է տեղեկացնի բոլոր կողմերին, հարցը քննարկի ու համատեղ նիստ անցկացնի: Ըստ Դ. Սանդուխչյանի, էթիկայի տեսակետից սխալ կլինի խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել: Իր այս կարծիքը նա պարզաբանեց նրանով, որ պրովայդերների կողմից ոչ մի բողոք ընկերությունը «չի տեսել»: Դրա հետ մեկտեղ՝ նա նշեց, որ եթե մինչեւ պարզաբանման սկիզբը որեւէ մեկնաբանություն հնչի, ապա դա շատ կցկտուր կլինի: