Առանց Կարապետյանի՝ ոչ աջ, ոչ ձախ

12/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացավ իր՝ «Հովհաննես Բաղրամյանի» շքանշանով, որը նրան շնորհվել է 2000-ին Պաշտպանության նախարարության կողմից:

Իսկ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե «ԺԿ» նախագահը մանուկ հասակում Հայրենական պատերազմի ո՞ր գեներալին է ցանկացել նմանվել, Տ. Կարապետյանն ասաց, որ ինքը չի ցանկացել դառնալ գեներալ: «Ինձ ավելի շատ դուր էր գալիս մեր էպոսի Սասունցի Դավիթը, կամ այնպիսի հերոսներ, որոնք անհատականապես գնում էին պայքարի՝ հայրենասիրական ոգով ներշնչված: Ինձ շատ է դուր եկել Անդրանիկը, ու ես իր մեդալն ունեմ: Այսօրվա գեներալներից մեծ հարգանք ունեմ Կոմանդոսի նկատմամբ»,- ասաց Տ. Կարապետյանը, որը, սակայն, դեռեւս «Կոմանդոսի» շքանշան չունի: Ի դեպ, Տ. Կարապետյանը երեկվա ասուլիսից հետո նախատեսում էր մեկնել Լուսառատ, ապա Դվին գյուղեր: Նրա խոսքերով՝ մայիսի 9-ին մեր քաղաքական գործիչներից շատերը հիմնականում Երեւանում են գտնվում, մինչդեռ գյուղերում էլ ունենք արժանի վետերաններ։ «Մենք այսօր պսակներ ենք տանում զոհվածներին հիշատակի տուրք մատուցելու»,- ասաց ԺԿ նախագահը:

Լրագրողները փորձեցին ճշտել նաեւ Տիգրան Կարապետյանի դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոմանք որակում են որպես «նահանջ» (ինչպես օրինակ` ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը` նախօրեին հրավիրված ասուլիսում): Տ. Կարապետյանը, սակայն, չի կիսում այդ տեսակետը եւ չի կարծում, թե Լ.Տեր-Պետրոսյանը նահանջել է: Պարզապես, ըստ նրա, երկու կողմերն էլ` իշխանությունները եւ ընդդիմությունը, մինչեւ վերջ անկեղծ չեն. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանար նստել կլոր սեղանի շուրջ, վաղուց կնստեր: Ուրեմն, ինչ-որ խնդիրներ կան, որ չի ցանկանում: Բայց նստելը կլոր սեղանի շուրջ, քաղաքական առումով, ինձ թվում է՝ ձեռնտու է Տեր-Պետրոսյանին, որովհետեւ որքան ուշանա դա, այնքան թեժությունը կկորցնի: Վաղը-մյուս օրն իշխանությունը կարող է չցանկանա բանակցել: Ինձ թվում է, որ կլոր սեղանի շուրջ բանակցելը պարտադիր է: Ի վերջո, հաղթանակը զիջումների մեջ է: Ու իշխանությունը պիտի զիջի այն կետերը, որոնք կտան քաղաքական երաշխիքներ բոլորիս՝ ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը: Վերջինս վստահ է, որ եթե մենք ձգտում ենք արդարության` ցանկանալով հաղթահարել այս իրավիճակը, ապա անհրաժեշտ է, որ արտախորհրդարանական ուժերը լիարժեք մասնակցություն ունենան ընտրական գործընթացներին. «Եթե մենք, իրոք, ցանկանում ենք բանակցել, եւ նորընտիր նախագահն էլ նշում է, որ նոր քաղաքականություն է վարում, ուրեմն այս խորհրդարանը չի համապատասխանում նոր ոգուն ու մտքին: Եթե պայքար է լինելու օլիգարխների մենաշնորհային կեցվածքի հանդեպ, իսկ այսօր իրենց ներկայացուցիչները խորհրդարանում են, ինչպե՞ս են պայքարելու: Ես դա չեմ պատկերացնում: Քաղաքական հանգամանքներից ելնելով՝ կարելի է լուծում տալ այն կետերին, որոնք, իրոք, մտահոգում են ոչ միայն ծայրահեղ ընդդիմությանը, այլեւ մեզ՝ կենտրոնամետ ուժերիս ու հասարակությանը: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը բանակցության առաջին կետերից մեկը պիտի լինի: Եթե չլինի կլոր սեղան, լարվածությունը կմնա, եւ կողմերից մի կողմը հաստատ կտուժի: Բայց ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը տուժի»,- ասում է ԺԿ նախագահը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե բոլորս պիտի «բարեշրջվենք»: Պատրա՞ստ է արդյոք Տ. Կարապետյանը բարեշրջվելու: «Եթե իրենք այսօր են պատրաստ, ես պատրաստ էի դրան ի սկզբանե»,- բարեշրջվելու իր մշտական պատրաստակամության մասին ասաց նա:

Տ. Կարապետիչը նաեւ հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունն այսօր ամրացնում է շարքերը: Տ. Կարապետյանի խոսքերով, իրենք այսօր օգտվում են այն իրավիճակից, որ շատ կուսակցություններ քաղաքական առումով դուրս մղվեցին ասպարեզից. «Այն կուսակցությունները, որոնք այսօր քիչ են երեւում, մեղմ ասած՝ ժողովրդին վստահություն չեն ներշնչում: Դա նույն ՕԵԿ-ն է, «Ազգային Միաբանությունը» եւ այլն: Այսինքն, նրանք, որոնք արդեն մեջբերումներ չեն անում Սոկրատեսից ու Չերչիլից»:

Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են Հասարակական պալատ ստեղծելու մտադրության մասին: Տ. Կարապետյանն ասում է, որ ինքը նախկինում բազմիցս նմանատիպ առաջարկությամբ հանդես եկել է։ «Գուցե իմ միտքը մի քիչ փոխել են ու այլ կերպ են տալիս: Ես ասում էի՝ պետք է արդար շարժում, որ կբավարարի բոլոր կողմերին: Ես, ճիշտն ասած՝ ազգային շարժում նկատի ունեի: Ես կողմնակից եմ այդ շարժմանը, մի պայմանով, որ նա լինի արդար, ազգային ու համերաշխ: Այդ դեպքում ես առաջինը կանդամագրվեմ»,- հավաստիացրեց ԺԿ նախագահը:

Անդրադառնալով իր ղեկավարած ԱԼՄ հեռուստաընկերությանը՝ Տ. Կարապետյանը նշեց, որ իրենք մի շարք նոր հաղորդաշարեր են պատրաստում։ «Ինը հաղորդում ենք պատրաստում, որոնցից մեկը կլինի Վլադիմիր Պոզների «Վրեմենայի» նման՝ կիրակնօրյա, երեք ժամանոց, որտեղ ներկա կլինեն տարբեր քաղաքական գործիչներ, մասնագետներ եւ այլն: Ես եմ վարելու, ու կարծում եմ, այսօրվա հասարակությանն անհրաժեշտ հաղորդում կլինի»,- տեղեկացրեց Տ. Կարապետյանը, որի եւ Պոզների նմանությունը պատկերացնելու համար պետք է անսահման մեծ երեւակայություն ունենալ:

Վերջին շրջանում Տիգրան Կարապետյանի՝ քաղաքական գործիչներին նվիրված բանաստեղծությունները կարծես թե փոքր-ինչ պակասել են: Ինքը, սակայն, այդպես չի գտնում: Օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանին նվիրված բանաստեղծություն ունի, որից երկու տող հեղինակը լրագրողների համար արտասանեց.

«Կամ փորձելու ես փոխվելու,
Կամ աչքերդ փակ՝ աջ ու ձախ ես խաչելու…»:

Տ. Կարապետյանի կարծիքով՝ սրանք բավական խորիմաստ տողեր են. «Մեր պատմությունից ելնելով՝ կան այնպիսի պահեր, երբ առաջին դեմքը մտածում է, թե կարող է եւ՛ այսպես վճռել, եւ՛ այնպես: Մենք էլ ասում ենք՝ կամ փոխվելու ես, կամ աջ ու ձախ խաչելու, քո կամքն է: Շատ կցանկանայի, որ մենք բոլորս կարողանայինք մեր սրտից եկած բարոյականությունը, զիջումը փոխանցել մեր ժողովրդին: Մեծ արարողություն եղավ՝ նախագահի երդմնակալության արարողությունը: Ինչո՞ւ կալանավորների համար չեղավ համաներում, ինչո՞ւ չի կարելի այսօր ներել, անել այն բաները, որոնք կգնահատվեն այսօր: Ինչո՞ւ պետք է անպայման ակնկալել, որ մեկը Արկադի Վարդանյանի նման պիտի թողի-գնա: Ինչո՞ւ պիտի չհարմարվենք մեկս մյուսին, զիջենք: Եթե դա չլինի, կլոր սեղանն էլ արդեն պետք չի»:

Ասուլիսի վերջում Տ. Կարապետյանը նշեց. «Ես ասել եմ. ոչ ձախը, ոչ աջը առանց Կարապետյանի գոյություն չունեն։ Մենակ ես եւ արդար»։