Երեկ ՀՀ քաղաքացիները «Եռաբլուրում» տոնում էին՝ Շուշիի ազատագրման 16-րդ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ տարեդարձերը:
Վաղ առավոտյան «Հաղթանակ» զբոսայգին տոնական տեսք էր ստացել` թանգարանի դիմացի հարթակում պատվո շարք էին կանգնել տոնական համազգեստ հագած զինվորականները, բազմաթիվ շքանշաններով պատած համազգեստները հագած, հարթակից հեռու շրջում էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները, իրենց ելույթներին էին պատրաստվում պարային համույթներն ու երգչախմբերը: Պետական հիմնարկների աշխատողներն ու զինվորականները, եւ ընդհանրապես հավաքված մարդիկ սպասում էին իրենց ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներին, որ տոնի պաշտոնական արարողությունից հետո իրավունք ունենան ծաղիկներ դնել հուշահամալիրի մոտ: Ոստիկանները վաղ առավոտից շրջափակել էին հարթակը եւ ոչ մեկին թույլ չէին տալիս մոտենալ դրան, մինչեւ ՀՀ կառավարության ու ԱԺ ղեկավարներն իրենց պաշտոնական արարողությունը չավարտեն: Այդ պահին էին սպասում նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն ու իրենց աշխատակիցները: Այգու մի անկյունում էլ կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած «դաշտային խոհանոց», որտեղ վետերանները զինվորական ուտելիքներ էին համտեսում: Խմբված վետերանները հիշում էին պատերազմի տարիներն ու իրենց հաղթական գործողությունները, հետո էլ սկսում էին դժգոհել այսօրվա իրականությունից: Սովորական դարձած սոցիալական դժգոհություններին այս անգամ ավելացել էր մարտի 1-ի արյունոտ դեպքերի հետ կապված վրդովմունքը: «Պառակտված ենք, չենք միավորվում: Դա ոնց որ մտել է մեր մեջ ու դուրս չի գալիս: Լեւոնը խառնեց սաղ ազգին: Նրա օրոք էլ կարգին բան չեմ տեսել, մի քանի կոպեկ փող էինք հավաքել մեր թաղման համար` հեչ եղավ: Տեսնենք` Սերժի օրոք ոնց է լինելու»,- ասում է պատերազմի վետերան Հայաստան Հովհաննիսյանը, որի տարեկիցներից մեկն ընդդիմանում էր` ասելով. «Լեւոնը չի հրամայել կրակել անզեն մարդկանց վրա»: Վետերաններն ուրախացել էին, որ ՀՀ նախագահն իրենց պատվովճարը 10.000 դրամից դարձրել է 20.000: Սակայն այս հանգամանքը շատերին նաեւ վրդովեցրել էր, որովհետեւ, միեւնույն է` այդ գումարը չի բավարարելու վճարել թանկացած գազի, հացի ու մնացած ամեն ինչի համար: «Եթե բարձրացնում են, գոնե ապրանքը չթանկացնեն, որ բան հասկանանք: Թե չէ` մի ձեռով տալիս են, մյուսով` խլում: Ընդ որում` ավելի շատ են տանում, քան թե տալիս են»,- հնդկացորենով փլավը ուտում եւ դժգոհում էր մեկ այլ վետերան:
Ժամը 11-ին արդեն մի քանի նախարարների ու պատգամավորների հետ ժամանեցին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նրանք ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի հուշահամալիրին, լսեցին հաղթական քայլերգը եւ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի թանգարան: Մինչ այդ` նրանք եղել էին Եռաբլուրում եւ իրենց հարգանքի տուրքն էին մատուցել Արցախի պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ բազմաթիվ պատգամավորներ երեկ չմասնակցեցին այդ միջոցառումներին, որովհետեւ գտնվում էին Լեռնային Ղարաբաղում: Իսկ Տ.Սարգսյանն ու Տ.Թորոսյանն այցելեցին նաեւ դաշտային խոհանոց, շնորհավորեցին վետերանների տոնը ու նրանց հետ սեղան նստեցին: Երեկ վարչապետին զինվորական ճաշ մատուցող Հարություն Հարությունյանն ասաց, թե երկու տարի Գերմանիայում ծառայել է Տ. Սարգսյանի հետ եւ եղել է նրա հրամանատարը: «Լավ էր ծառայում, կարգապահ ու ուշադիր զինվոր էր: Տանկային բատալյոնում էինք ծառայում»,- ասաց Հ.Հարությունյանը: Վարչապետի կենսագրության մեջ, սակայն, նշված չէ, որ նա ծառայել է բանակում: Այսինքն` նա բանակ չի զորակոչվել, պարզապես բարձրագույն կրթության ավարտին է ստացել պահեստային սպայի կոչում: «Համով կաշա էր, որ մեր զինվորներն ամեն օր ուտում են,- վրանից դուրս գալուց հետո իր նախկին հրամանատար ներկայացած մարդու պատրաստած ճաշը գովեց վարչապետը:- Որոշեցի, որ տղաս անպայման պետք է ծառայի բանակում եւ դառնա սպա: 7 տարեկան է, եւ այսօրվանից պետք է տրամադրենք»: Կարելի է ենթադրել, որ եթե բանակային ճաշը դուր չգար Տիգրան Սարգսյանին, վարչապետը որոշելու էր, որ տղան չպետք է ծառայի բանակում: «Ես կարծում եմ, որ մի բան շատ կարեւոր է` մենք մեր զինվորների համար կարողանում ենք ապահովել շատ լավ ճաշ, ուտելիք: Վստահ եմ, որ պատերազմի տարիներին այդ ամենը չի եղել,- ասաց ԱԺ նախագահը եւ օրվա առիթով ավելացրեց,- Նրանք ընկան, որ մեր բանակն այսօր լինի հզոր եւ կարողանա պաշտպանել մեր հայրենիքը: Ես կարծում եմ, որ հաղթանակները ձեռք են բերվել համերաշխության, միաբանության եւ մեկ ընդհանուր նպատակ ունենալու շնորհիվ: Սա մի օր է, որ յուրաքանչյուրը պետք է լիարժեք տոնի եւ ուրախանա»:Պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվեցին Հաղթանակի այգու մուտքի սրճարանի մոտ` այնտեղ նշելու տոնը: Այդ պահին այգու մուտքի մոտ էին հավաքվել նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր «Լեւոն, Լեւոն», «հաղթանակ», «ազատություն» վանկարկելով` դիմավորում էին ՀՀ առաջին նախագահին: Իսկ այգու մուտքի մոտ հավաքված պաշտոնյաներն այդ կոչերը լսելով` կայծակնային արագությամբ մտան սրճարան: Քանի որ եթե նրանք մի քանի վայրկյան էլ կանգնեին զբոսայգու մուտքի մոտ, չէին կարողանալու խուսափել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից: Լ.Տեր-Պետրոսյանն ընդդիմության առաջնորդների եւ մի քանի հազար մարդկանց ուղեկցությամբ բարձրացավ Հաղթանակի այգու հուշահամալիրի մոտ: Ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին ու ետ վերադարձան: Երբ առաջին նախագահը հեռացավ հուշահամալիրի մոտից, նրա հետեւից գնացին նաեւ հավաքված մարդիկ: Այդ ամբողջ ընթացքում նրան ուղեկցող բազմությունը վանկարկում էր ավանդական կոչերը: Ծափերով ու ողջույններով մարդիկ ճանապարհեցին Լ.Տեր-Պետրոսյանին, ու «Հաղթանակի» զբոսայգուց երթով ուղեւորվեցին դեպի Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ կեսօրին «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները ցուցահանդես-ակցիա էին կազմակերպել. ծառերից կապած պարանի վրա փակցրել էին Լ.Տեր-Պետրոսյանի, կալանավորվածների ու հանրահավաքների ժամանակ կատարված նկարները: Նախաձեռնության անդամները գտնում էին, որ ամբողջ հայ ժողովուրդը քաղբանտարկյալ է այս իշխանությունների ձեռքին: «Այս բոլորը քաղբանտարկյալներ են, մենք բոլորս էլ քաղբանտարկյալներ ենք»,- ասաց նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը: «Նրանք ու մենք բոլորս էլ վտանգ ենք ներկայացնում ավազակապետության ներկայացուցիչների գոյության համար»,- ասաց Գայանե Ղազարյանը: