Կրկնակի խորհուրդ

12/05/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շհորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում։ Հայության բոլոր հատվածներն իրենց զգալի դերակատարությունն ունեցան այդ հաղթանակը մոտեցնելու գործում՝ դաշնակիցների բանակներում, դիմադրության շարժումներում եւ հատկապես Խորհրդային բանակի շարքերում։ Հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը մեր ժողովրդի համար բացեց ոչ միայն վերքերը բուժելու, այլեւ մեր երկիրը զարգացնելու նոր հորիզոններ։ Ներկայիս Հայաստանը շարունակությունն է այն հանրապետության, որ փրկվեց եւ բարգավաճեց՝ շնորհիվ հաղթանակը կերտողների սխրանքի։ 1992 թվականից մայիսի 9-ը մեզանում ձեռք է բերել կրկնակի խորհուրդ։ Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է։ Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաեւ՝ փորձություններից պատվով դուրս գալու խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մեր հերոսների հիշատակը մենք միշտ վառ ենք պահելու: Շնորհավորելով մայիսյան այս կրկնակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ մեր պատմական հաղթանակներին արժանի գործեր»։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԼՂՀ-ում մասնակցել է ԼՂ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին եւ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: