Թվեր, թվեր

12/05/2008

ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 333.6 մլրդ դրամ կամ 1082.9 մլն դոլար: Այդ թվում` ապրանքների արտահանումը կազմել է 72.3 մլրդ դրամ կամ 234.7 մլն դոլար, ներմուծումը` 261.3 մլրդ դրամ կամ 848.2 մլն դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` արտաքին առեւտրի հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում բացասական է 189 մլրդ դրամով (613.5 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների՝ 184.5 մլրդ դրամով (598.8 մլն դոլարով): Ըստ նախնական տվյալների` 2008թ. առաջին եռամսյակում ապրանքների գծով արտաքին առեւտրի հաշվեկշիռը կազմել է 506.6 մլն դոլար: Արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալի 33.1 տոկոսն իրականացվել է ԱՊՀ երկրների հետ, 66.9 տոկոսը` ոչ ԱՊՀ երկրների հետ, այդ թվում` 38.6 տոկոսը` Եվրամիության երկրների, 28.3 տոկոսը` այլ երկրների հետ: Նշենք, որ 2007թ. առաջին եռամսյակի համեմատությամբ` ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ցուցանիշը նվազել է. նախորդ տարի այն կազմել է ընդհանուրի 34.3 տոկոսը` այս տարվա առաջին եռամսյակի 33.1 տոկոսի դիմաց: Դրան զուգահեռ` ավելացել են ոչ ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները` նախորդ տարվա առաջին եռամսյակի 65.7 տոկոսից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 66.9 տոկոսի, այդ թվում` ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալները 36.7 տոկոսից հասել են 38.6 տոկոսի: