Քանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» եւ այլ հատուկ անուններից, այնքան էլ հեռու չէ, ստիպված ենք առայժմ հղումներ անել ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդումներին: Օրերս «Կուլտուրան» հաղորդում էր պատրաստել Նոբելյան մրցանակակիր Պյոտր Կապիցայի մասին: Հաղորդումը եզրափակվեց գիտնականի այն մտքով, թե ինքն ազատ է եղել միշտ, անգամ, երբ իր ազատությունը հարցականի տակ դնելով ապաստան է տրամադրել Անդրեյ Սախարովին: Գիտնականը նշեց, որ ոչինչ չի կարող պարտադրել իրեն մտածել ու գործել ոչ ազատ, քանի որ դրա համար նա ունի ամենակարեւոր նախադրյալը` իր խիղճը մաքուր է:
Մաքուր խղճի թեման արդիական է անգամ մեր երկրի իշխանությունների պարագայում: Դրան, եթե հիշում եք, անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը` արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների ինտերնետային հարցերին պատասխանելիս: Հարցին` փետրվարի 19-ի եւ մարտի
1-ի իրադարձություններից հետո մաքո՞ւր է իր խիղճը, նա պատասխանեց մոտավորապես այսպես` իր խիղճը մաքուր է, թեեւ, հասկանալի է, հանգիստ չէ: Եթե որպես հիմք ընդունենք Պյոտր Կապիցայի միտքը, կարելի է խղճի մաքրության մասին դատել տվյալ անհատի գործողությունների ազատությունից:
Այն, որ Սերժ Սարգսյանը Մայիսի 9-ին առաջին անգամ նախագահի կարգավիճակում գերադասեց հեռանալ քաղաքից եւ Շուշիի ազատագրման օրը նշել Արցախում, այլ իրավիճակում գուցե հասկանալի լիներ: Սակայն ոչ այս դեպքում, երբ նա այստեղ` Երեւանում, պետք է նայեր Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկների աչքերին եւ պատասխաներ, թե ինչո՞ւ են բանտերում Ժիրայր Սէֆիլյանը, Վարդան Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սմբատ Այվազյանը եւ շատ այլ ազատամարտիկներ: Նրանց անազատությունը բացատրել հնարավոր կլիներ այն դեպքում, երբ այս մարդիկ լինեին իրական հանցագործներ, որոնց մեղավորությունը հիմնավորելը դժվար չէր լինի: Հասկանալի է, որ եթե Ս. Սարգսյանը մնար քաղաքում, դա կենթադրեր զանգվածային ուրախության ցուցադրություն, տոնախմբություն, զինվորական շքերթ, ինչը ոչ մի կերպ չի համադրվում այն իրականությանը, որն ունենք: Հետեւաբար, հասարակությանը պարտադրվեց Հաղթանակի օրը բավարարվել միայն աշխատանքի չգնալով եւ տարերայնորեն նշելով այն տոնը, որի մասին ընդունված է ասել` մեր իսկական հաղթանակը, որը բեկում մտցրեց մեր ազգային գիտակցության մեջ: Բացակայելով Երեւանից` Ս. Սարգսյանը գուցե ցանկացավ իր ներկայությամբ չսրել իրավիճակը, էլ ավելի չբորբոքել իրենց ձերբակալված ընկերների համար փողոց դուրս եկած ազատամարտիկների զայրույթը, ցանկացավ խուսափել իր հասցեին հնչող ոչ հաճելի գնահատականներից, որոնք անխուսափելի կլինեին, եթե նա հանկարծ, ի պաշտոնե, ստիպված լիներ ներկա գտնվել որեւէ հրապարակային միջոցառման:
Սակայն, վաղ թե ուշ, այդ մարդիկ ազատ են արձակվելու, եւ այդ դեպքում իրավիճակն առավել է բարդանալու: Երկրապահները, ազատամարտիկներն այն կատեգորիայի մարդիկ են, որոնք գուցե կարող են կոտրվել խաղաղ կյանքում, քաղաքացիական փոխհարաբերություններում, ինչպես տեսանք գեներալ Մանվել Գրիգորյանի կամ արտոնյալ այլ երկրապահների դեպքում: Այսինքն՝ երբ խոսքը պաշտոններ ստանալու կամ դրանք հանձնելու մասին է: Սակայն նրանց զինվորական անցյալն անարգելը` մի քանի փամփուշտի կամ «ապօրինի» զենքի համար բանտ նետելով, նրանք չեն մոռանա: Արցախյան պատերազմը նրանց կյանքի այն շրջանն էր, որը ոմանք անցել են` բարձրագույն կրթություն չստանալու, ոմանք` անձնական կյանքը մի կողմ դնելու, ոմանք` կյանքի գնով: Հետեւաբար, եթե որեւէ ազատամարտիկի այսօր կարող են ազատազրկել չհիմնավորված մեղադրանքով, դրա համար կա պատասխանատվության այլ հարթություն: Բարոյական: Ղարաբաղյան պատերազմից հետո շատ ազատամարտիկների արտոնյալ կարգավիճակ տալով` պետությունը նրանց ներքաշեց քաղաքական ինտրիգների, բիզնեսի մեջ, նրանց դարձրեց կառավարելի, օրենքից բարձր: Եվ երբ հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով այդ մարդիկ կամ նրանց հարազատներն անգամ մարդ էին սպանում, մնում էին անպատիժ: Համարվում էր, որ պատերազմում կրած զրկանքների, կորուստների գինը որոշ ազատամարտիկների օրենքից բարձր դասելն է:
Որեւէ մեկն այդպես էլ տնտեսական կամ քրեական հանցագործության համար պատասխանատվության չկանչվեց, քանի դեռ նա անվտանգ էր, այսինքն` ինքնուրույն չէր մտածում եւ չէր գործում: Չզոհված, հետեւաբար չհերոսացված ազատամարտիկների մի մասն այժմ աղքատության շեմին է ու մոռացված, մի մասը, ով հանդգնել է չկանգնել իշխանությունների կողքին` ձերբակալված է, մի մասը, ով պատերազմից հետո ձեռք է բերել տնտեսական լծակներ` այնքան կառավարելի է ու անվտանգ, որ ո՛չ նրան, ո՛չ էլ նրա հարազատին ձերբակալելու հարկ չկա, եթե անգամ հերթական անգամ մարդ են սպանել: Դա, հարկ եղած դեպքում, կհիշեցվի ավելի վտանգավոր հանցագործության ժամանակ` երբ նրանք սկսեն ինքնուրույն մտածել:
Մայիսի 9-ը Համաշխարհային երկրորդ պատերազմում խորհրդային մարդկանց հաղթանակն է ֆաշիզմի դեմ, Շուշիի ազատագրման, այսինքն` հայ ժողովրդի հաղթանակն է իր հակառակորդի եւ, նախեւառաջ, իր` զոհի բարդույթի դեմ: Այս հաղթանակները ցույց են տալիս, որ ցանկության դեպքում մարդը կարող է հաղթել վտանգավոր ամեն ինչի, անգամ՝ եթե այդ վտանգավոր երեւույթն իր ներսում է: Իսկ փախչելը հնարավոր բարդություններից` խիստ ժամանակավոր լուծում է: