Ոսկե ձվեր ածող հավեր

12/05/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայրենի իշխանությունների քայլերին հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջնորդվում են հաստատուն, բայց անհասկանալի տրամաբանությամբ: Անկախ երկրում տվյալ պահին իշխող սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակից՝ մեր գործադիր իշխանություններն իրենց անելիքից չեն շեղվում: Մի քանի տարի առաջ գործադիրի խելքին փչել էր սոցիալական քարտերի համակարգ ներդնել երկրում: Կարգին մեծ ու, բառի ուղիղ իմաստով, համաժողովրդական միջոցառում էր: Հայաստանում ապրող բոլոր մարդկանց հարկավոր էր հաշվառել ու քարտագրել: Ահագին փող էր հատկացված: Հետեւաբար ծախսելու համար հիմնավորումներ էին պետք: Շատ սրսուռ ու զգայացունց փաստարկներ դրվեցին շրջանառության մեջ. է՛լ ստվերային տնտեսության դեմ պայքար, է՛լ արմատախիլ արվող կոռուպցիա, է՛լ սեւ փողերի շրջանառության բացառում, է՛լ տնտեսական առաջընթացի ապահովում, է՛լ քաղաքակիրթ աշխարհին նմանվելու ձգտում: Այդ վեհ նպատակներով փորձեցին բոլորիս քարտագրել: Սկզբում բոլոր հիմնարկություններն ու ատյաններն իրենց դիմող քաղաքացիներից սոցիալական քարտ էին պահանջում: Առանց քարտի որեւէ գործարք կատարել հնարավոր չէր: Բայց կոռուպցիան, իհարկե, արմատախիլ չեղավ: Ստվերային տնտեսությունն էլ չկրճատվեց: Հետո բոլորը համերաշխ մոռացան այդ քարտերի գոյության մասին: Վարկ տվող բանկերից մինչեւ տեղեկանք տվող ԲՇՏ-ները: Թվում էր` իշխանությունները նույնպես մոռացան: Մոռացան եւ քարտերի գոյությունը, եւ այդ անիմաստ համաժողովրդական միջոցառման համար պետական փողերը քամուն տվողներին պատժելը: Փոխարենը՝ չշեղվեցին անիմաստ թվացող հերթական միջոցառումը ձեռնարկելու մտքից: Մեր կառավարությունը մտադրվել է շրջանառությունից հանել գործառույթ չունեցող սոցիալական քարտերը: Իշխանությունը մտածել է ոսկե ձվեր ածող հերթական հավի «ձեռքբերման» մասին: Ստվերային տնտեսության դեմ վատ պայքարած քարտերի փոխարեն՝ խոստանում են նոր քարտեր ներդնել: Դրանք ավելի կատարյալ են լինելու եւ ձեռքի հետ փոխարինելու են նաեւ ՀՀ անձնագրերին: Մինչեւ հիմա մեր հարազատ պետությունն իր քաղաքացիներին անվճար անձնագրեր էր բաժանում: Անվճար` ասել է՝ պետբյուջեի հաշվին: Հիմա այլեւս պետությունը հրաժարվում է մատուցել այդ ծառայությունը: Այն բավական նուրբ մեթոդով դառնում է նոր հարկային բեռ ՀՀ քաղաքացու համար: ԽՍՀՄ տարիներին յուրաքանչյուր քաղաքացու 16 տարեկանից անձնագիր էր տրվում: Բաց կար նաեւ մեկ այլ` արտասահմանյան անձնագիր: Արտասահման մեկնելիս քաղաքացիները հանձնում էին սովորականը եւ ստանում արտասահմանյան անձնագիր: Անկախության տարիներին որոշվեց հրաժարվել այդ մեթոդից: Մեր` մուգ կապույտ անձնագիրը, ընդամենը մեկ լրացուցիչ կնիք դնելուց հետո, «ճանաչում էին» բոլոր երկրները: 2010-ից ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու արտասահմանյան հատուկ անձնագրեր հանել: Այս համակարգը ոսկե ձվեր ածող հավի դերակատարություն կունենա թե՛ պետբյուջեի, թե՛ հայրենի ոստիկանության մի մասի համար: Մենք՝ հայերս, շատ շարժունակ ժողովուրդ ենք: Փորձագիտական տվյալներով` ՀՀ մոտ 1,5 մլն քաղաքացի այսօր ապրում եւ աշխատում է արտասահմանում: Նրանք ստիպված են լինելու կամ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, կամ ժամանել Հայաստան ու նոր տիպի անձնագրեր ստանալ: Մեծամասնությունը բնականաբար փորձելու է պահպանել ՀՀ քաղաքացիությունը: Արտասահմանում աշխատողները սեղմ ժամկետով են ժամանելու: (Հո չե՞ն կարող կորցնել իրենց բիզնեսը կամ աշխատատեղը): Այդ սեղմ ժամկետները հայրենի չինովնիկներին հնարավորություն կտան լուրջ գումարներ աշխատել: Իսկ պետբյուջեն փող կաշխատի եւ նրանցից, եւ այն քաղաքացիներից, ովքեր ապրելով Հայաստանում՝ կփորձեն արտասահման մեկնել: Սոցիալական հիմնավորում հորինելը բարդ բան չէ` եթե քաղաքացին փող ունի արտասահման մեկնելու, թող բարի լինի փող ունենա նաեւ հատուկ անձնագիր ստանալու համար: Հիշո՞ւմ եք, ժամանակին հենց այդ հիմնավորմամբ կյանքի կոչվեց հանրահայտ «օդի հարկը»: Հետո, միայն մի քանի տարի հետո պարզվեց, որ «օդի հարկը» ոսկե ձվեր ածում էր ոչ այնքան պետբյուջեի, որքան հայրենյաց չինովնիկների համար: Հենց այսպես էլ ապրում ենք: Գործադիր իշխանություններն իրենց վաղվա օրվա մասին մտածում են անդադար: Ու միշտ գտնում են ոսկե ձվեր ածող հավեր: Անկախ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից ու քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագիր-խոստումներից: