Ազերի գործարարի հայկական «տանիքը»

13/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մաքսային կոմիտեի տվյալներով` 2001թ. նոյեմբերից մինչեւ 2005թ. ապրիլը
«Տոմպակ» ՍՊԸ-ն, որի գլխավոր հիմնադիրն է Իրանի քաղաքացի ազերի Փարվիզ
Ալամդարին, Իրան է արտահանել ավելի քան 10.000 տոննա մետաղյա խողովակ:
Արտահանման վերջին դեպքը գրանցվել է 2005թ. ապրիլի 25-ին: Տեղեկություններ
կան, որ վերջերս առաջ արտահանման նախապատրաստած մեծ քանակությամբ
խողովակներով բեռնված մի քանի մեքենաներ բռնվել են պետավտոտեսուչների
կողմից: Սակայն, ասում են, Դատախազության վերին էշելոններից մի զանգ
բավական է եղել, որ բեռն անարգել հասնի Իրան:
2004թ. հոկտեմբերին «Տոմպակ» ՍՊԸ-ն Ջրային տնտեսության պետական կոմիտեի
«Ոռոգում-ջրառ» ընկերությունից աճուրդով գնել է 1220մմ տրամաչափի 4800
գծամետր եւ 1020մմ տրամագծով 260 գծամետր խողովակներ՝ ընդհանուր 104
մլն 180.000 դրամ արժողությամբ: Մասնագետների բնորոշմամբ, նշված չափերն
իրականում ավելի մեծ են եղել, ու արտահանելուց հետո եռակի, քառակի շահույթ
է ստացվել: Աճուրդում խողովակների մեկնարկային գինը եղել է 20.700 դրամ 1
մետրի համար, աճուրդային քայլի չափը եղել է 2,5%, մասնակցել են 4 հոգի,
շահել է «Տոմպակ» ՍՊԸ-ն ու, որքան էլ զարմանալի է, գնել է նույն՝
մեկնարկային գնով:
Գույքն աճուրդով վաճառելու նպատակն առավելագույն գին ստանալն է: Տվյալ
դեպքում՝ խողովակները վաճառվել են անմիջապես մեկնարկային գնով: Ինչո՞ւ:
«Ոռոգում-ջրառ» ընկերությանը ավել գումար պետք չէ՞ր, թե՞ մյուս երեք
մասնակիցներն աճուրդի կեսից փոշմանել են ու գնելու քայլ չեն կատարել, եւ
արդյունքում շահել է «Տոմպակ» ՍՊԸ-ն: Միգուցե նրանց մասնակցությունը
ձեւական բնո՞ւյթ է կրել՝ իսկական մրցակցություն ցույց տալու համար: Մեկ
այլ բացատրություն էլ կա. վաճառվող ապրանքի ցածր գրավչությունը: Բայց մենք
հո լսել ենք, որ մետաղյա խողովակի արտահանումը չափազանց շահավետ է, ու ոչ
բոլորին է տրված այդ հնարավորությունը: Ցածր գնով վաճառելու դեպքում
վճարվող հարկերն էլ, բնականաբար, քիչ կլինեն, ոչինչ, որ արդյունքում
պետությունը կտուժի: Հիշեցնենք, որ «Տոմպակ» ՍՊԸ հիմնադիր, Իրանի քաղաքացի
ազերի Փարվիզ Ալամդարին զբաղվել է նաեւ բիտումի ներմուծմամբ, քիմմաքրմամբ՝
«Նյու Շահաբ» եւ այլն: Այս ամենին զուգահեռ՝ շատ ակտիվ մասնակցել է
դատական տարբեր պրոցեսների՝ իր ու համագործակից տեղական ընկերությունների
միջեւ ծագած անհամաձայնությունների պատճառով: Ինչպես ինքն էր վկայել ու
ինչպես մեր ունեցած որոշ փաստաթղթերից կարելի է եզրակացնել, ազերի
գործարարը դատերը միշտ շահել է: Կարծես թե ամեն ինչ նորմալ է. մարդը
գործարարությամբ է զբաղվում, ոչինչ, որ Հայաստանի քաղաքացի չէ, ու եթե
դատարաններում միշտ շահել է, ուրեմն արդար է աշխատել, կատարել է
ներմուծման-արտահանման հետ կապված հարկային բոլոր պարտավորություններն ու
գիշերը հանգիստ քնել է: Մեր դատական-դատախազական համակարգն է օրենքի տառով
ու ոգով պարոն Ալամդարիին հետեւողականորեն պաշտպանել հայրենական
գործարարների ոտնձգություններից:
Ներկայանալ չցանկացող իրանահայ գործարարներից մեկը պատմում է, որ
Իրան-Հայաստան բիզնեսով զբաղվելու մեծ հնարավորություն ընձեռվում է
հիմնականում ազերիներին, նույնիսկ՝ ոչ պարսիկներին: Նա վկայում է, որ դրա
համար պետք է ունենալ նաեւ Հայաստանում այդ երկրի դեսպանատան
հովանավորությունը, հակառակ դեպքում՝ գործարարը ստիպված պետք է բավարարվի
մանր-մունր առեւտրով:
Ո՞րն է Փարվիզ Ալամդարիի հմայքը, որի շնորհիվ նրան տրվել են մեծ հնարավորություններ:
Ասում են, հենց առաջին քրեական գործի ժամանակ, երբ հանգամանքները
բոլորովին էլ Ալամդարիի օգտին չեն եղել, ու նա դեռ այսքան հմուտ չի
տիրապետել մեր դատաիրավական ոլորտին, նրա ողբերգական վիճակը նկատել ու
«ձեռք են մեկնել» եղբայրներ, Երեւան քաղաքի Դատախազության քննիչ Վահագն
Մուրադյանը եւ Գլխավոր դատախազության քննիչ Վարդան Մուրադյանը: Ու այդ
օրվանից սկսվել է ազերի գործարարի հայաստանյան հաղթարշավը:
Ասում են նաեւ, որ քիմմաքրում իրականացնող «Նյու Շահաբ» ընկերությունն իր
գործունեության հիմնական մասը թաքցնում է եւ մեր բյուջեին մեծ վնասներ
հասցնում: Նույն ժամանակակիցները հավատացնում են, որ իր ամբողջ բիզնեսից
ստացած մեծ շահույթը Ալամդարին եղբայրաբար կիսում է մեր Դատախազության
համակարգում:
Ճանաչողները պատմում են, որ Ալամդարին Հայաստանում ապրում է իսլամի
բարքերին չհամապատասխանող կյանքով: Մեր հերոսին հաճախ հանդիպում են
քաղաքում հայտնի «Ծղոտներ» ռեստորանային համալիրում. նա բավական մեծ
համբավ ունի մարմնավաճառների շրջանում:
Ի դեպ, մեր նախորդ՝ «Իրանցի ազերու անհավանական արկածները Հայաստանում»
հոդվածից հետո Փարվիզ Ալամդարին, ասում են, վաճառել է իր «Բրաբուս»
մեքենան ու գնել է «Ֆոլկսվագեն» ջիփ: Կարծում եմ, որ «Բրաբուսը» գողացված
մեքենա է եղել, ու Փարվիզը, վախենալով, որ դա կբացահայտվի, վաճառել է: