Մայիսի 8-ի տվյալներով, նախորդ ամսվա նույն օրվա համեմատությամբ, հանրապետության շուկաներում գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից զգալիորեն նվազել են կարտոֆիլի, պոմիդորի, վարունգի, խնձորի, տանձի, խաղողի, գլուխ սոխի, ճակնդեղի, ավելացել են` պանրի, հավի, խոզի, ոչխարի, տավարի մսի, հատիկ լոբու, անփոփոխ են մնացել` կաթնամթերքի, կարագի, ալյուրի, հատիկաընդեղենի եւ չոր մրգերի գները: «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՊՓԲ ընկերությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ նախորդ ամսվա համեմատությամբ, մսամթերքներից (7,3%-ով, կամ 110 դրամով) ավելացել է տավարի մսի գինը եւ ներկայումս վաճառվում է 1440-1580 դրամով: Ավելացել է նաեւ խոզի, ոչխարի եւ հավի մսի գինը: Ներկայումս դրանց վաճառքի գինը տատանվում է համապատասխանաբար` 1820-2960, 2040-2360 եւ 1340-1480 դրամի սահմաններում: Աճել են նաեւ (4,9%) «Լոռի» եւ «Չանախ» պանրատեսակների գները. դրանք վաճառվում են համապատասխանաբար՝ 1500-1640 եւ 1420-1530 դրամով։ Նախորդ տարվա համեմատությամբ պարենային մթերքներից շուրջ 44,9%-ով նվազել է կարտոֆիլի գինը եւ ներկայումս վաճառվում է 130-180 դրամով (նշենք, որ 2007թ. նույն ժամանակաշրջանում 240-330 դրամ էր): Պոմիդորի միջին գինը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 6,4 տոկոսով եւ այսօր այն վաճառվում է 700-1180 դրամով: Գլուխ սոխը նվազել է 17,2%-ով եւ վաճառվում է 210-270 դրամով։ 2007թ. այս օրերին այն վաճառվել է 260-300 դրամ միջին գնով: Կաղամբը 2007թ. մայիսի առաջին տասնօրյակում վաճառվել է 130-158 դրամով, մեկ ամիս առաջ՝ 120-150 դրամով, ներկայումս այն 110-130 դրամ է: Մրգերից 29,1 %-ով նվազել է խնձորի գինը` այն վաճառվում է 220-560 դրամով, եւ 37,6%-ով էլ տանձի վաճառքի միջին գինը (1 կգ-ն` 400-800 դրամ է): 2007թ. մայիսին այն վաճառվել է 560-680 դրամով: Խաղողի միջին գինը 2007թ. համեմատությամբ նվազել է 34,1%-ով եւ ներկայումս վաճառվում է 500-1000 դրամով: Նարինջը, որը մեկ ամիս առաջ 620-900 դրամ էր, ներկայումս վաճառվում է 680-800 դրամով: Ընկույզի միջուկը ներկայումս վաճառվում է 3340-3980 դրամ միջին գնով. մեկ տարի առաջ այն 4300-6600 դրամ էր: Նույն աղբյուրի համաձայն, բարձր գներով աչքի է ընկնում Երեւանի թիվ 1 (Մաշտոցի պողոտա) շուկան, իսկ համեմատաբար ցածր գներով` Երեւանի թիվ 4 (Մալաթիա), ինչպես նաեւ Գյումրիի, Սպիտակի եւ Իջեւանի շուկաները: