– Պարոն Մովսիսյան, կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրագործումը:
– Գտնում եմ, որ դա մեր հանրապետության առկա հնարավորություններից բխող իրատեսական ծրագիր է: Ծրագիրը համապարփակ է, ներառում է ոչ միայն գյուղմթերքների արտադրության զարգացման, այլեւ դրանց վերամշակման եւ իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Կարեւոր է, որ կառավարությունը նպատակ է դրել զարգացնել հանրապետության ագրարային հատվածը, բարձրացնել նրա արդյունավետությունը, Գյուղատնտեսության նախարարությունը զգալի աշխատանք է կատարել ծրագրի իրականացման ուղղությամբ: Մասնավորապես հացահատիկի եւ եգիպտացորենի արտադրության կոնկրետ ծրագիր է մշակվել, որպեսզի ցորենի արտադրությունը հասցվի տարեկան 350.000 տոննայի: Նախատեսված է նաեւ եգիպտացորենի նոր սորտերի ներդրում: Ծրագրվում է դա իրականացնել համապատասխան բնակլիմայական գոտիներում եւ հասնել դրական արդյունքների: Իմ կարծիքով, սա Հայաստանի գյուղատնտեսության զարգացման միայն առաջին փուլի ծրագիր է: Դրա իրագործումից հետո էլ լուրջ աշխատանքներ կան անելու, որոնք կբերեն Հայաստանի հողային եւ ջրային ռեսուրսների առավելագույն օգտագործման:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի այսպիսի թանկացումը:
– Համաշխարհային տնտեսական ճգնաժամի միտումներով, որն ունի երեք հիմնական բաղադրիչ: Դրանցից գլխավորը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, հաջորդը` վառելիքաէներգետիկ ճգնաժամը եւ, որպես դրանց հետեւանք` պարենային ճգնաժամը: Գլոբալ առումով խնդիրն այն է, որ քաղաքակրթությունը զարգանում է, բայց վատ է կառավարվում եւ արդյունքում իր ետեւից թողնում անապատներ: Սա անհերքելի փաստ է: Այսօր մարդը ստեղծել է բնության վրա ներգործելու եւ բնական ռեսուրսներ կորզելու հուժկու միջոցներ, որոնց կիրառման արդյունքում խաթարվում է բնական հավասարակշռությունը: Այսօր մարդու գործունեության արդյունքում առկա է հիմնական ռեսուրսների` վարելահողերի, ջրային եւ էներգետիկ ռեսուրսների կտրուկ նվազում, որոնք մեծ մասամբ չվերականգնվող ռեսուրսներ են: Սպառման ծավալների զգալի մեծացումը դեմոգրաֆիկ բումի արդյունք է: Եթե 1950-ականներին մոլորակի վրա բնակվում էր 2 մլրդ մարդ, այժմ այդ թիվը անցնում է 6 մլրդ-ից: Ամեն տարի երկրի բնակչությունը աճում է 82 մլն-ով, այսինքն` ժամանակակից Գերմանիայի բնակչության չափ: Նավթի եւ գազի ռեսուրսների նվազման հետեւանքով հիմնական պարենային ապրանքները` հացահատիկը, շաքար պարունակող սննդամթերքները սկսել են օգտագործվել սպիրտի արտադրության համար, որ փոխարինեն վառելիքին: Այս ամենը նվազեցնում է պարենի պաշարները:
– Գուցե նաեւ այն պատճառով, որ մարդկությունը սպառման կուլտուրայի պակա՞ս ունի:
– Իհարկե: Ժամանակի հետ փոխվել է մարդկության մեծամասնության ճաշակը, համապատասխանաբար աճել են պահանջները: Բերեմ կենցաղային մի փոքր օրինակ. որոշ մարդիկ գնում են ռեստորան, պատվիրում են 2-3 ճաշատեսակ: Առաջինը ուտելուց հետո գրեթե կշտանում են, բայց եթե նրանցից մեկը առաջարկում է մյուս երկու կերակրատեսակներից հրաժարվել, մյուսն անպայման առարկում է, թե ոչինչ` թող բերեն` մնա սեղանին: Սա սպառման կուլտուրայի պակասի եւ պարենի անտեղի վատնման պարզ դրսեւորում է: Սա նաեւ բարոյական չէ, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ քաղցած են, իսկ որոշ մարդիկ վատնում, փչացնում կամ թափում են պարենը, նույնիսկ հացը, որն աշխարհի հիմքն է:
– Այսինքն՝ սննդամթերքների գները հետագայում էլ անշեղորեն աճելո՞ւ են:
– Այո, որովհետեւ դա շուկա է: Եթե պահանջարկը կա, եւ արտադրելու ծախսերը աճում են, գների շարունակական աճն անխուսափելի է: Դրա համար էլ պետությունները պարենային ռեսուրսների ապահովման համար վերահսկողություն պետք է իրականացնեն եւ տնտեսական ոլորտում համապատասխան կարգավորող քայլեր ձեռնարկեն: Մասնավորապես գյուղատնտեսության սուբսիդավորման միջոցով, որը կիրառվում է շատ վաղուց աշխարհի բազմաթիվ երկրներում: Օրինակ` դեռեւս 20 տարի առաջ ԱՄՆ-ում գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծավալը տարեկան կազմում էր ավելի քան 50 մլրդ դոլար: Հայաստանի կառավարության կողմից ընդունված ծրագրում առաջին անգամ սուբսիդավորման սկզբունքն ամրագրված է: Սա շատ կարեւոր քայլ է, որը գյուղի եւ գյուղացու հանդեպ հոգատարության դրսեւորում է նշանակում:
– Ինչպիսի՞ն է մեր հողային ռեսուրսների վիճակը:
– 1997թ. հողային հաշվեկշռի տվյալներով՝ Հայաստանն ուներ 494.000 հեկտար վարելահող: ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի վերջին տվյալներով՝ վարելահողերի տարածքը կազմում է 453.000 հեկտար: Պետք է պարզել, թե ինչ նպատակով են օգտագործվում մնացած 41.000 հեկտարը: Եթե ընդունում ենք Պետական կադաստրի 453.000 հեկտարը, ապա անցած տարի ցանքի տակ էր դրվել միայն 307.000 հեկտար: Այսինքն, 146.000 հեկտար վարելահող գյուղացին տարբեր պատճառներով չի մշակում: Սա պարենի ավելացման խոշոր ռեզերվ է:
– Բայց ինչո՞ւ այդ հողերը չեն մշակվում:
– Այդ հողերի մի մասը սահմանամերձ են, մի մասը` հեռագնաց, եւ գյուղացին դրանք մշակելու համար համապատասխան տրանսպորտային միջոցներ չունի: Մի մասի մշակումն էլ ձեռնտու չէ ֆինանսապես, որովհետեւ գյուղացին արդունքում վնասով է դուրս գալիս: Դրա համար էլ սուբսիդավորումը պետության կողմից շատ կարեւոր է:
– Ձեր նշած 494.000-ի մեջ են մտնում նաեւ ազատագրվա՞ծ տարածքները:
– Ոչ, սա միայն Հայաստանի հողային հաշվեկշիռն է: Բացի այդ, կլիմայական պայմանների պատճառով մեր հողային ֆոնդի 80 տոկոսի` առանց ոռոգման օգտագործումը արդյունավետ չէ, եկամուտ չես ստանա: Մինչդեռ ցանքի տակ գտնվող 307.000 հեկտարից այսօր ոռոգվում է միայն 123.000 հեկտարը: Նման պարագայում մենք չենք կարող զարգացած, ինտենսիվ գյուղատնտեսություն ունենալ եւ միջազգային պարենային շուկայում դառնալ մրցակից երկիր: Այս իմաստով գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրի ընդունումը իսկապես շատ դրական է:
– Ինչո՞ւ բիզնեսն ակտիվորեն չի ընդգրկվում գյուղատնտեսության մեջ:
– ԽՍՀՄ տարիներին մենք մի մեծ սխալ թույլ տվեցինք` այսքան մեծացնելով Երեւանը: Հիմա անում ենք երկրորդ սխալը` ողջ բիզնեսը կենտրոնանում է մայրաքաղաքում: Պետք է փոխել բիզնեսի աշխարհագրությունը, որպեսզի այն զարգանա մարզերում եւ համայնքներում, եւ ներդրումներն ուղղվեն դեպի գյուղատնտեսության ոլորտ: Սակայն սա միայն լոզունգներով անել հնարավոր չէ: Դրա համար առաջին հերթին պետք է միջոցներ ձեռնարկվեն հարկային եւ վարկային քաղաքականությունը կատարելագործելու, վարկերը մատչելի դարձնելու, ինչպես նաեւ՝ խոչընդոտող բյուրոկրատական քաշքշուկներն իսպառ վերացնելու ուղղությամբ: Իհարկե պետք է պահպանել ոլորտի պետական մշտական սուբսիդավորումը եւ թեթեւացնել ագրարային ոլորտի հարկային բեռը:
– Հայաստանի ո՞ր գոտիներն են նպաստավոր ցորենի արտադրության համար: Քանի որ, եթե, օրինակ, Արարատյան դաշտի հաշվին դա ընդլայնվի, խաղողագործությունը կտուժի:
– Արարատյան հարթավայրում հացահատիկի մշակումը նպատակահարմար է բացառապես ցանքաշրջանառության կիրառման նպատակով: Հայաստանը հացահատիկի երեք հիմնական շտեմարան ունի. Շիրակի սարահարթը, Վարդենիսի տարածքում` Մասրիկի հարթավայրը եւ Սիսիանի տարածքը: Կան նաեւ այլ փոքր տարածքներ, բայց այս երեքը ամենահիմնականներն են: Հացահատիկային տնտեսությունն ինտենսիվ վարելու դեպքում միայն կարելի է իրականացնել տարեկան 350.000 տոննա ցորեն արտադրելու ծրագիրը: Գիտնականները հաշվել են, որ եթե 1քմ-ի վրա ցանվի ցորենի հազար հատիկ, յուրաքանչյուր աճած հասկից հավաքենք 50 հատիկ ցորեն, եւ 1000 հատկի քաշը լինի 50 գրամ, ապա յուրաքանչյուր հեկտարից կստացվի 125 ցենտներ հացահատիկ: Սա, իհարկե, լավագույն դեպքում` բոլոր հնարավորությունների իդեալական օգտագործման պայմաններում: Խորհրդային տարիներին հանրապետության ամենալավ տնտեսություններում հեկտարից ստացվում էր 70-75 ցենտներ բերք: Այսօրվա միջին ցուցանիշը ցածր է, այն կազմում է յուրաքանչյուր հեկտարից 20-25 ցենտներ: Մեր հանրապետության պայմաններում ոռոգելի հողերի յուրաքանչյուր հեկտարից 45-50 ցենտներ ցորեն ստանալը միանգամայն հնարավոր է եւ ռեալ:
– Այսինքն՝ այդ ամենի իրագործման արդյունքում Հայաստանը կարո՞ղ է իրեն լիովին ապահովել հացամթերքներով:
– Ոչ: Որովհետեւ մենք սակավահող երկիր ենք եւ մասնագիտացած ենք նաեւ խաղող, պտուղ, ջերմասեր բանջարեղեն արտադրելու ուղղությամբ: Որպես 55 տարի գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդ՝ ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը հիմնական սննդամթերքների արտադրության ոլորտում կարող է իրեն ապահովել 75 տոկոսով: Ով որ կպնդի, թե հնարավոր է 100 տոկոսով հանրապետության պարենային պահանջները բավարարել սեփական արտադրության հաշվին, նա Հայաստանը լավ չի ճանաչում: Մենք մշտապես անհրաժեշտ սննդամթերքի մի մասը ներկրելու ենք: Սեփական ռեսուրսների լիարժեք օգտագործումը եւ պարենային պաշարների ավելացումն ուղղակի հնարավորություն կստեղծի անհամեմատ կրճատել մեր երկրի կախվածությունը արտաքին շուկայից:
– Նշեցիք, որ հողային ֆոնդի 80 տոկոսն առանց ոռոգման հնարավոր չէ արդյունավետ մշակել: Իսկ մենք այդքան ջրային ռեսուրսներ ունե՞նք՝ հանրապետության ողջ մելիորատիվ ֆոնդը, որը կազմում է 500.000 հեկտար, ոռոգելու համար:
– Ունենք: Միջին տարեկան կտրվածքով Հայաստանի տարածքում յուրաքանչյուր տարի ձեւավորվում է 7.3 մլրդ խմ ջուր, որից մենք օգտագործում ենք 2.3մլրդ-ը: 5 մլրդ խմ ջուր հանրապետությունից արտահոսում է դեպի Կասպից ծով: Բայց սա արդեն առանձին թեմա է: