ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Մեդվեդեւը, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ, որ ժամանակի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամությունն այսուհետ էլ հիմք կծառայի մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության եւ բազմակողմանի համագործակցության հետեւողական խորացման համար»: ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ՌԴ նորանշանակ վարչապետ Վլադիմիր Պուտինը եւս շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այս օրերին մենք դարձյալ հիշում ենք ռազմաճակատի ու թիկունքի հերոսական ջանքերի մասին, որոնք օգնեցին ջախջախելու ֆաշիզմը, նրանց մասին, ովքեր կռում էին Մեծ հաղթանակը: Մենք պարտավոր ենք պահպանել ընդհանուր փորձությունների հիշողությունը, որոնք բաժին ընկան մեր ժողովուրդներին ֆաշիզմի դեմ մղած նրանց պայքարում, անհրաժեշտ դասեր քաղել, որպեսզի միասնության եւ համերաշխության այդ անգին փորձը փոխանցենք մեր համաքաղաքացիների գալիք սերունդներին»: Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հաղթանակի զորահանդեսում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել բոլորին՝ հիշելու «պատերազմի դասերը»: «Զինված հակամարտությունները հրահրում են նրանք, որոնց անպատասխանատու նկրտումները գերակշռող են դառնում երկրների եւ ամբողջ աշխարհամասերի շահերի, միլիոնավոր մարդկանց շահերի նկատմամբ»,- հայտարարել է նա: Մեդվեդեւը նշել է, որ Մեծ հաղթանակի օրը միշտ եղել ու մնում է ամենաժողովրդական ու ամենասրբազան տոնը, որն «արդեն ընդմիշտ դարձել է մեր ազգային միասնության խորհրդանիշը»: «Մեծ հայրենականի դժվար տարիները երբեք չեն մոռացվի: Մենք միայն ավելի խորն ենք հասկանում աշխարհի համար դրանց վճռորոշ, բախտորոշ նշանակությունը եւ ավելի ու ավելի շատ ենք գիտակցում՝ ինչպիսի դրամատիկ ճակատագիր էր բաժին ընկել պատերազմի սերնդին: Այն ահեղ տարիներին ուս ուսի տված թշնամու դեմ մարտնչում էին ամենատարբեր ազգությունների մարդիկ: Եվ այսօր Հաղթանակի օրը նշում են ոչ միայն մեր երկրի, այլեւ ԱՊՀ պետությունների, հեռավոր արտասահմանի միլիոնավոր քաղաքացիներ: Այն նշում են բոլոր նրանք, ովքեր հարգում են ֆաշիզմը ջախջախած ժողովուրդների սխրանքը: Եվ որքան ավելի են հեռանում այն ահավոր պատերազմի իրադարձությունները, այնքան ավելի է արժեւորվում մեր դարավոր եղբայրությունն ու համերաշխությունը, այնքան ավելի մեծ է մեր ընդհանուր պատասխանատվությունը մոլորակի գործերի համար»,- հայտարարել է Մեդվեդեւը: