Վերջին տարիներին հայաստանյան աշխատաշուկայի պահանջարկներն ամենեւին չեն համապատասխանում առկա մասնագիտական ներուժին:
Օրինակ` մայրաքաղաքի համատարած շինարարության ֆոնին` փնտրվում են արհեստավորներ, որակյալ շինարարներ, փականագործներ, սալիկապատողներ, խառատներ եւ այլ մասնագետներ: Քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո մասամբ վերացան նաեւ արհեստավորների որակավորմամբ զբաղվող հաստատությունները, հետեւաբար այդ գործով զբաղվում է ոչ պրոֆեսիոնալ, բանվորական ներուժը: Արդյունքում մենք ունենք անորակ եւ կասկածելի ամրությամբ շենք-շինություններ, քանի որ մասնավոր սեկտորը` գործատուն, դիմում է այլընտրանքի` ընդունում է ոչ պրոֆեսիոնալ արհեստավորների: Մինչդեռ հետաքրքիրն այն է, որ մի դեպքում գործատուն աշխատուժի խիստ կարիք ունի, իսկ մյուս դեպքում էլ` Հայաստանում գործազրկության խնդիր կա:
Խորհրդային տարիներին գործող բազմաթիվ գործարաններում աշխատելու համար մարդիկ դիմում էին միջնակարգ մասնագիտական կրթական հաստատություններ` ուսումնարաններ, այս կամ այն արհեստին պրոֆեսիոնալ տիրապետելու համար: Պետական քաղաքականության հաշվարկն իսկապես օրինակելի էր, քանի որ 8-ամյա կրթությամբ երիտասարդները դիմում էին ուսումնարան, ստանում էին արհեստավորի որակավորում եւ պետական գործարաններում գտնում էին իրենց տեղերը: Փաստորեն ուսումնարանն այն դարբնոցն էր, որը պետական գործարանների համար որակյալ մասնագետներ էր թողարկում, ընդ որում` ուսումնարանները կառուցվում էին այդ կադրերի կարիքն ունեցող գործարանների կողմից, այլ ոչ թե պետության: Սակայն կրթական ծրագրի կառավարումը պետական կոմիտեինն էր: Ներկայումս Երեւանում գոյություն ունի թվով 9 ուսումնարան, որից հինգը պատկանում է քաղաքապետարանի Կրթության վարչությանը:
Երեւանի N 9 Արհեստագործական ուսումնարանն, օրինակ, կառուցվել է «Կամվոլնի» գործարանի կողմից` թել մանողներ, գզողներ, ենթավարպետներ, դերձակներ եւ կտորի հետ աշխատող հատուկ մասնագետներ պատրաստելու համար: Ի դեպ, ուսումնարանում կրթություն ստանալու համար Հայաստան էին տեղափոխվում վիետնամցիներ, աֆղաններ եւ արտասահմանյան տարբեր երկրների քաղաքացիներ: «Որովհետեւ այդ տարիներին այդ պետություններում զարգանում էր արդյունաբերությունը, եւ նրանք այդ մասնագետների կարիքն ունեին: Դրա համար էլ տեղափոխվում էին Հայաստան՝ ուսումնարանում որակավորում ստանալու, մասնագիտանալու եւ այդ փորձն իրենց երկրներում օգտագործելու համար»,- ասում է Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը: Ի դեպ, նախկինում գոյություն ուներ «Ավտոդետալ» գործարանի կողմից կառուցված ուսումնարան, որտեղ հսկայական խառատային պարկ կար, որն ավտոագրեգատների մասնագետներ էր պատրաստում` ֆրեզերագործներ, խառատներ: Կենցաղսպասարկման ուսումնարան կար, որն այդ ոլորտի համար պրոֆեսիոնալ մասնագետներ էր պատրաստում, «Հայէլեկտրո» գործարանի ուսումնարան, «Քաղաքային տրանսպորտի» ուսումնարան, որը պատրաստում էր տրոլեյբուսի եւ տրամվայի վարորդներ, ինչպես նաեւ Երկաթգծի տիպային ուսումնարան, որը նախկինում պատրաստում էր կադրեր երկաթգծի եւ Մետրոպոլիտենի սպասարկման համար։ Մինչդեռ, այսօր գործող բոլոր ուսումնարանները պատրաստում են խոհարարներ, վարսավիրներ, դերձակներ, ինչի արդյունքում մենք բոլոր ոլորտներում արձանագրում ենք թույլ եւ գավառական սպասարկում: Օրինակ` Ավտոտրանսպորտի ուսումնարանը, որը նախկինում պատրաստում էր Երեւանի տրանսպորտի սպասարկողներ եւ վարորդներ, ներկայումս պատրաստում է խոհարարներ, վարսավիրներ եւ այլ մասնագիտական կադրեր:
Շ. Խաչատրյանի հավաստմամբ` Արհեստագործական ուսումնարանում այսօր կրթություն է ստանում 240 սան, որոնք հետագայում կդառնան որակյալ խոհարարներ, մոդելավորողներ, վարսահարդարներ, ավտոփականագործներ, ավտովերանորոգողներ եւ համակարգչային օպերատորներ: Հարցին, թե ինչո՞ւ թվով ինն ուսումնարանները չեն պատրաստում որակյալ շինարարներ, Շ. Խաչատրյանը պատասխանեց. «Իրոք, ցավոտ խնդիր է: Հանրապետությունում չկա մի ուսումնական հաստատություն` միջին մասնագիտական կրթական համալիր կամ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում է մասնագիտական վարպետներ, որոնք կդասավանդեն արհեստագործական ուսումնարաններում: Այսինքն` չկան այդ վարպետ-մասնագետները, որոնք կադրեր կպատրաստեն, որովհետեւ վարպետը պիտի մասնագիտական փորձ ունենա, միայն գիտելիքով, թեորիայով կադր չի պատրաստի: Լավ կաֆելագործ, շինարար կամ մանրահատակագործ պատրաստելու համար ես պետք է վարպետ ունենամ, որը պրակտիկորեն կսովորեցնի, բայց ես այդ մասնագետը չունեմ»: Բացի դա, ըստ Խաչատրյանի` հասարակության մեջ ուսումնարանում սովորելու կարծրատիպ կա, ըստ որի՝ լավ է «փողով» բուհի դիպլոմ առնել, քան ուսումնարանում սովորելով դառնալ արհեստավոր: Շատ դեպքերում ծնողներն իրենց երեխաների ուսումնարանում սովորելու հանգամանքն անպատվաբեր են համարում: Դրա համար էլ բուհերում կրթություն ստացած մարդիկ կամ բախվում են գործազրկության փաստի հետ, կամ էլ` բարձրագույն կրթության դիպլոմը մի կողմ դնելով շինարարության վրա են աշխատում: «Մեզ մոտ մասնագիտական կողմնորոշումը լուրջ խնդիր է, քանի որ հաճախ ծնողներն են երեխային սխալ ճանապարհով տանում: Նայե՛ք, բուհ ընդունվելը մոդա է, բայց ավարտելուց հետո գնում շինարարություն են անում մարդիկ, բացի դա, արհեստավորի լուրջ պահանջարկ է առաջանում: Շատ դեպքերում էլ դպրոցներում հակամանկավարժական ագիտացիա է գնում, ուսումնարանի միջավայրի մասին բացասական են արտահայտվում, հետեւաբար երեխաներին ապակողմնորոշում են այս ճանապարհն ընտրելու հարցում: Շատ դպրոցներում երեխաներին չեն թողնում, որովհետեւ, ենթադրենք, 10 երեխա դուրս թողնելու դեպքում դպրոցը զրկվում է 1մլն դրամից»,- վստահեցնում է Շ. Խաչատրյանն` ասելով, որ 8-ամյա կրթությամբ ուսումնարան ընդունված սանը հետագայում ստանում է ինչպես 10-ամյա կրթություն` ատեստատով, այնպես էլ՝ մասնագիտական կրթություն` դիպլոմով: Արհեստագործական ուսումնարանում որակյալ շինարարներ չեն կարող պատրաստել, որովհետեւ` «Նախ ես պետք է ունենամ համապատասխան բազա, երկրորդը` լիցենզիա: Ես չեմ կարող, օրինակ, ԴԵՊՈ-ի համար վագոնավար պատրաստել, որովհետեւ լիցենզիա չունեմ: Նախ՝ պետք է մասնագետ, համապատասխան արհեստանոց ունենամ, որից հետո նոր լիցենզիա ստանալու հնարավորություն կունենամ: Բացի դա, պետությունը պետք է պետպատվեր իջեցնի»: Փաստորեն, թեեւ վերջին շրջանում աշխատաշուկան ուսումնասիրած մասնագետներն ահազանգում են որակյալ մասնագետների պակասի մասին, այդուհանդերձ, մեր պետությունը, կարծես թե, կադրեր պատրաստելու ուղղությամբ դեռ քայլեր չի ձեռնարկում: Զարմանալին այն է, որ մայրաքաղաքի թվով ինն ուսումնարանները տարեկան հարյուրավոր խոհարարներ ու վարսավիրներ են պատրաստում, կարծես Հայաստանի թիվ 1 խնդիրը նման մասնագետների պակասն է: Չնայած Շ. Խաչատրյանը վստահեցնում է, որ ուսումնարանն ավարտած սաներն աշխատանքի տեղավորվելու խնդիր չունեն, այդուհանդերձ, թույլ տվեք չհավատալ այդ հորդորին, քանի որ, բացի ուսումնարաններից, խոհարարներ եւ վարսավիրներ պատրաստում է նաեւ մասնավոր հատվածը: Այնպես որ` Հայաստանի ազգաբնակչության մի ստվար հատված վարսավիր եւ խոհարար է:
Ի դեպ, կառավարության որոշմամբ` 2008թ. չորս` խոհարար, բարմեն, հրուշակագործ եւ մատուցող մասնագիտություններով աշխատող բոլոր անձինք պետք է ունենան որակավորում: Այսինքն` գործատուն իրավունք չի ունենա առանց որակավորման փաստաթղթերի նման մասնագետներ ընդունել աշխատանքի, հակառակ դեպքում մեծ տուգանքներ են նախատեսվում: Ասում են, որ նման որոշում կայացվելու է շինարարների, եռակցողների, փականագործների եւ այլ մասնագիտությունների որակավորման համար նույնպես: