Արվեստի առարկաների եւ, առանձնապես, իմպրեսիոնիստների գործերի շուկան աճում է ի հեճուկս ԱՄՆ-ի թուլացող էկոնոմիկայի: Այդ մասին երեկ հայտարարել է «Սոտբիս» առեւտրական տունը: Ամերիկայում արտ-շուկայի աճի վրա, առաջին հերթին, ազդել է աճուրդների մայիսյան շարքի սկիզբը, որոնք նվիրված են իմպրեսիոնիզմին, ինչպես նաեւ՝ արդի արվեստին: «Մենք հասել ենք մեկ խմբաքանակի դիմաց 5,7 միլիոն դոլարի չափով միջին գնի, ինչն էապես բարձր է վեց ամիս առաջ Նյու Յորքի եւ փետրվարին Լոնդոնի համանման աճուրդների 3,5 միլիոն դոլար միջին գնից»,- հայտարարել է առեւտրական տան առաջին փոխնախագահ Սիմոն Շոուն: Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ աճուրդների առաջին օրը «Սոտբիսին» բերել է 235 միլիոն 333 հազար դոլար, իսկ երկրորդ օրն՝ ավելի քան 37 միլիոն դոլար:
«Սոտբիսի» գլխավոր մրցակիցը՝ «Քրիստիս» առեւտրական տունը, որն իմպրեսիոնիզմի ներկայիս գարնանային սեզոնը սկսել է մեկ օր շուտ, նույնպես գոհ է մնացել ներդրողների տրամադրություններից՝ առաջին երեկոյի ընթացքում ստանալով 277 միլիոն դոլար եւ դա համարելով պատմության մեջ երրորդն այս կատեգորիայում:
Թուլացող դոլարի, նավթի գների աճի եւ ֆինանսական անկայունության ֆոնի վրա ամերիկացի ներդրողները նախկինի պես վստահում են «հավերժական արժեքներին», համոզում են առեւտրական տները: «Ամերիկացի գնորդները ձեռք են բերել բոլոր խմբաքանակների թվի 67 տոկոսը, ինչը մեծ գոհունակություն է առաջացրել ամերիկյան էկոնոմիկայի հեռանկարների հարցում ներկայիս անվստահության ֆոնի վրա»,- հաղորդել է Շոուն: Վերլուծելով իր գնորդների ազգային կազմը՝ «Քրիստիսը» հաղորդել է, որ ներդրողների սոսկ մեկ երրորդն է եղել ԱՄՆ քաղաքացի: Նրանց մեծ մասը՝ 52 տոկոսը, ներկայացրել է Եվրոպան, 2 տոկոսն՝ Ասիան եւ Լատինական Ամերիկան, իսկ խորհրդավոր 12 տոկոսը «ներկայացրել է մնացածները»: Հայտնի է, որ տասը թոփ-լոտերից առնվազն երեք գնորդներ ԱՄՆ քաղաքացիներ են, մեկը՝ բրիտանացի, մնացած վեցը ցանկացել են թաքնվել «անանուն» մակագրության ներքո: «Քրիստիսի» նախագահ Մարկ Փորտերն իր հայտարարության մեջ նշել է, որ գլոբալ շուկան դրականորեն է գնահատում ներդրումներն արվեստի առարկաների բնագավառում: Ի դեպ, 2007թ. ռեկորդային էր առեւտրական տան համար, որը սահմանել է վաճառքների ծավալի սեփական ռեկորդ՝ 6,3 միլիարդ դոլարի մակարդակի: