Արդեն հայտնի են այն ֆիլմերը, որոնք մայիսի 14-25-ը ցուցադրվելու են Կաննի 61-րդ միջազգային փառատոնում։ Այս տարի Կաննը երիտասարդացել է, հայտնի անուններ գրեթե չեն լինելու, վաստակաշատ վարպետներին փոխարինելու են նոր անունները։ Ճանաչված վարպետներից փառատոնում ներկայացված կլինեն Քլինտ Իստվուդը (նրա նոր՝ դատական պրոցեսի մասին պատմող «Փոփոխվածը» դրամատիկ ֆիլմում նկարահանվել են Անջելինա Ջոլին ու Ջոն Մալկովիչը) , Ատոմ Էգոյանը («Երկրպագում»), Վիմ Վենդերսը («Կրակոցներ Պալերմոյում») եւ Դարդեն եղբայրները («Լորնայի լռությունը»):
Սակայն հիմնական կինոնորությունները Եվրոպա կգան Արեւելքից ու Լատինական Ամերիկայից, այն տարածաշրջանից, որտեղ կինոարտադրությունը դեռ նոր է զարգանում ու մեծ ներուժ ունի։ Ընդ որում՝ Ճապոնիան, Չինաստանն ու Կորեան, որոնք արդեն ճանաչում ունեն աշխարհում իրենց ֆիլմերի շնորհիվ, իրենց տեղը կզիջեն կինոհայտնություններով քիչ ծանոթ Ֆիլիպիններին ու Սինգապուրին։ Հայտնի կինոռեժիսորներն իրենց պրեմիերաները հիմնականում արտամրցութային ծրագրում են ներկայացնելու։ Ստիվեն Սպիլբերգը Կանն է բերում Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող իր նոր ֆիլմը, Վուդի Ալենը՝ «Վիկի Քրիստիանա Բարսելոնա» ֆիլմը, իսկ Դեւիդ Լինչի դուստրը՝ Ջենիֆեր Լինչը՝ «Դիտարկում» ֆիլմը։
Կաննում խոստանում է հայտնություն դառնալ ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Չե» երկու մասից բաղկացած ֆիլմը, որը պատմում է հայտնի հեղափոխական ու հերոս Չե Գեւարայի մասին։ Չե Գեւարային կամ պաշտում էին, կամ էլ՝ ատում էին, սակայն բոլորը խոստովանում են, որ նա երեւույթ էր եւ, թերեւս, մեր ժամանակների վերջին հերոսական կերպարն էր, որին ճակատագիրը հարուստ ընտանիքից սերող բժիշկ կարող էր դարձնել, սակայն պրոֆեսիոնալ հեղափոխական դարձրեց։ Գլխավոր դերում նկարահանվել է Բենիսիո դել Տորոն։
Կաննի փառատոնի ժյուրին գլխավորելու է ամերիկացի դերասան Շոն Պենը։