Վլադիմիր Մսրյանի ամենավառ դերը

12/05/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այս տարի տոնելու է իր 70-ամյակը։ Դերասանի հոբելյանին նվիրված գիրք է լույս տեսնելու, իսկ սցենարիստ Արմեն Վաթյանն ու օպերատոր, ռեժիսոր ու լուսանկարիչ Գուրգեն Գադաչիկը դերասանի կյանքի մասին պատմող ֆիլմ են պատրաստվում նկարահանել։

«Ֆիլմում կներկայացվեն նրա դերակատարություններից հատվածներ, տարբեր մրցանակներին արժանանալը, ինչպես նաեւ ապրիլի 28-ին Սանկտ Պետերբուրգում նրա 70-ամյակի առթիվ միջոցառման մասին: Այսինքն` այն ամենը, ինչը բնորոշում է դերասանին թատրոնում, կինոյում եւ առօրյա կյանքում»,- ասաց Գ.Գադաչիկն ու ավելացրեց, որ արխիվային նյութերն այնքան շատ են, որ կարող են միանգամից մի քանի ֆիլմի հիմք հանդիսանալ։ Վլադիմիր Մսրյանի խոսքով, այս ֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա լիովին տեսնելու իրեն, ընդունելու իր արածն ու չարածը, գնահատելու իր բեմական գործունեությունը: Վ. Մսրյանի ամենացայտուն ու խորհրդային հանդիսատեսի կողմից գնահատված դերերից է վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինիի դերը, որին շատերը պատկերացրել ու սիրել են հենց Վլադիմիր Մսրյանի արտաքինով ու տեմպերամենտով։ Իսկ իտալացիները հայ դերասանի ուժերով ստեղծված Պագանինիին անվանել են «բոլոր ժամանակների ու ազգերի Պագանինի»։ «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Նիկոլո Պագանինի» բազմասերիանոց ֆիլմն արդեն 25 տարեկան է, եւ ֆիլմի հոբելյանի առիթով հայ դերասանին «Պետերբուրգի անհատականություն» շքանշան է շնորհվել՝ քաղաքի մշակութային կյանքում մեծ ներդրման համար։ Վ.Մսրյանը պատմեց, որ շատ ուրախ ու զգացված էր կրկին հանդիպելով ֆիլմի ստեղծագործական խմբին ու իրեն ուղղված ջերմ խոսքեր լսելով։ «Ես տպավորված եմ նման հանդիսավոր ընդունելությունից եւ իմ աշխատանքը ըստ արժանվույն գնահատողներից: Թեեւ կյանքում շատ դերեր եմ ունեցել, որոնք, կարելի է ասել, ցանկացած դերասանի ցանկությունը կամ երազանքն են, օրինակ` Համլետը, Լիր արքան, սակայն Պագանինին ինձ համար յուրահատուկ ու սիրելի դերակատարություն էր»,- ասաց նա: Կինոյի ոլորտում համագործակցության ավանդույթը վերացավ Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ հիմա դերասաններն ու կինոյի այլ մասնագետները կարող են հենվել միայն սեփական ուժերի վրա, քանի որ կինոպրոդյուսերական ցանցը անկախ Հայաստանում դեռ չի ձեւավորվել։ Վ.Մսրյանը պատմեց, որ վերջերս խաղացել է երիտասարդ հայ ռեժիսորի նախաձեռնությամբ նկարահանված «Աննա Կարենինա» կեսժամանոց ֆիլմում, որը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին, ֆիլմն արդեն ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում:

Վառ դերասան լինելով՝ Վ.Մսրյանը հիմա քիչ է բեմում երեւում եւ հազվադեպ է ֆիլմերում նկարահանվում, իսկ սերիալներում չի տեսնում այն սցենարական կորիզը, որը ցանկություն կառաջացնի էկրանին երեւալ որպես սերիալի հերոս։ «Սերիալներում նկարահանվելու առաջարկներ չեմ ունեցել, սակայն, այնուամենայնիվ, իմ հիմնական գործը թատրոնն է, ես ապրում եմ թատրոնով ու իմ բազմաթիվ դերերով»,- ասում է դերասանը: Թատերագետ Լեւոն Մութաֆյանը հատուկ Վլադիմիր Մսրյանի համար պիես է գրել, որը «Մենանվագ» կամ «Ինքնասպանը» պայմանական վերնագրերից մեկը կունենա, սակայն այդ վերնագրերը Վ.Մսրյանի սրտով չեն, նա ցանկանում է իր մոնոներկայացման միջոցով ցուցադրել իր երազած, բայց չխաղացած հերոսներին: