Անտոնիո Տաբուկի «Երազներ երազների մասին» գրքից

12/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Համալսարանում ուսանելու ժամանակ Ա. Տաբուկին շատ էր ճամփորդում Եվրոպայով, ուղեւորվելով այն գրողների ետքից, որոնց գրքերը կարդացել էր դեռեւս մանկուց: Այդպիսի ճամփորդություններից մեկից վերադառնալիս, Փարիզում, հնագրավաճառի դարսդարսված գրքերի մեջ, նա հայտնաբերեց Ալվարո դե Կամպոսի, որը պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդո Պեսոայի տարանուններից մեկն էր, գրքույկը: Այդ գրքի էջերում նա գտավ իր ներշնչանքը, որն ուղեկցում է նրան արդեն 20 տարուց ավելի:

Ճամփորդությունը Լիսաբոն մեծ հետաքրքրություն ծնեց քաղաքի եւ ընդհանրապես Պորտուգալիայի հանդեպ, եւ նա գրեց «Սյուրռեալիզմը Պորտուգալիայում» դիպլոմային աշխատանքը: 1973 թվականին նա պորտուգալական գրականություն եւ լեզու դասավանդելու հրավեր ստացավ Բոլոնիայի համալսարանում, եւ Մարիա Խոսե դե Լանկաստրի հետ իտալերեն թարգմանեց Պեսոայի բոլոր ստեղծագործությունները, նրա մասին էսսեների գիրք հրատարակեց եւ մի պիես գրեց:

1973 թվականին Տաբուկին գրեց իր առաջին վեպը՝ «Իտալիայի հրապարակը», որը պատմությունը վերաիմաստավորելու մի փորձ էր: Այնուհետեւ նա լույս ընծայեց բազմաթիվ գրքեր, եւ այս ամբողջ ընթացքում Ֆ. Պեսոան Արիադնեի թելի պես ուղեկցում էր նրան, եւ արդեն Պորտուգալիայում նա լույս ընծայեց Ֆ. Պեսոային նվիրված «Նվազագույն Պեսոանա» գիրքը: 1990 թվականին լույս տեսավ պորտուգալացի դասականին նվիրված եւս մի գիրք՝ «Մարդկանցով լցված պահոցը: Էսսե Ֆերնանդո Պեսոայի մասին»: 1992 թվականին հայտնվում է Տաբուկիի պորտուգալերեն գրած «Ռեքվիեմ» վեպը, որը հետագայում թարգմանվեց իտալերեն, եւ նույն տարի լույս տեսավ «Երազներ երազների մասին» գիրքը: Իսկ 1994-ին հրատարակվեց Տաբուկիի նոր գիրքը Պեսոայի մասին՝ «Ֆ. Պեսոայի վերջին երեք օրերը»:

Կասկածելու ընդունակությունը Տաբուկիի համար չափազանց կարեւոր է, եւ այն դրսեւորվում է համարյա թե ֆիզիկական մակարդակով: «Ամբողջովին բծերով պատված վերնաշապիկը» գրքում նա ասում է, որ նոր լվացված վերնաշապիկի վրա բծեր է կոչում կասկածները: Այդ պատճառով յուրաքանչյուր ինտելեկտուալի եւ մշակույթի մարդու խնդիրներից մեկն էլ այն է, որ ամենայն կատարելության մեջ սերմանի այդ կասկածները, քանզի «կատարելությունը», ինչպես միշտ, ծնում է գաղափարախոսություն, դիկտատուրա եւ տոտալիտարիզմ, իսկ դեմոկրատիան, ինչպես մենք անվերջորեն համոզվում ենք` կատարելության կազմվածքը չէ:

Ի տարբերություն Ումբերտո Էկոյի, ում կարծիքով՝ գրողի դերն այն է, որ կազմակերպի ու խթանի գիտելիքը` բերելով այն գրականություն, Տաբուկիի համար այն մասնագիտություն չէ, այլ «իր ցանկությունները, երազներն ու երեւակայությունը միավորող ինչ-որ բան»:

Ա.Տ.

Նշենու ծառի տակ քո տիրուհու
Երբ օգոստոսյան նորալուսինն է ելնումվերեւում տան,
Դու, եթե աստվածներն հաճեն,
կարող ես տեսնել ոչ քո երազները:

Հին չինական երգ

Ես վաղուց կամեցել եմ իմանալ, թե ինչ է երազվել իմ սիրելի գրողներին, նկարիչներին, երաժիշտներին: Ավաղ, նրանք, ում մասին ես պատմում եմ այս գրքում, ոչ մի վկայություն չեն թողել իրենց ոգու գիշերային դեգերումների մասին: Իրավիճակը շտկելու գայթակղությունն այնքան մեծ էր, որ ես, օգնություն հայցելով գրականությունից, որոշեցի վերականգնել կորսվածը: Դրա հետ մեկտեղ՝ ես գիտակցում եմ, որ այդ վերակառուցում-պատմությունները, որ ստեղծվել են անհայտ երազներին կարոտող մի մարդու երեւակայությամբ` սոսկ խղճուկ ենթադրություններ են, դժգույն գուշակություններ, անփառունակ նմանակումներ:

Թող նրանք հենց այդպես էլ ընթերցվեն, եւ թող իմ պերսոնաժների հոգիները, որ հիմա երազներ են տեսնում այն աշխարհում, ներողամիտ լինեն իրենց խեղճ հետնորդի հանդեպ:

Բանաստեղծ եւ պալատական
Պուբլիոս Օվիդիոս Նազոնի երազը

Դժնդակ հունվարյան գիշերով Քրիստոսի ծննդյան 16-րդ տարում Թոմայում, որ Սեւ ծովում է, Պուբլիոս Օվիդիոս Նազոնը երազում տեսավ, որ ինքը կրկին կայսրի սիրելի բանաստեղծն է եւ աստվածների կամոք հրաշակերպությամբ վերածվել է վիթխարի, մարդաչափ մի թիթեռի:

Այս հսկայական թիթեռն ուներ շքեղ դեղնակապտավուն թեւեր եւ ահռելի ուռուցիկ աչքեր, որ ունակ էին հայացքով գրավելու ողջ հորիզոնը:

Սրընթաց մոտեցավ հատուկ պատրաստված ոսկե կառքը, եւ վեց սպիտակ լծաշարքով սանձած ձիերն Օվիդիոսին տարան Հռոմ: Կառքի մեջ նա փորձում էր կանգնել, բայց բարալիկ տոտիկները թեւերի ծանրությանը չէին դիմանում, ու նա մեկ էլ տեսար գլորվում էր բարձերի վրա, ոչ առանց հաճույքի ցնծացող ամբոխին ցուցադրելով թանկարժեք արեւելյան ապարանջանները, որ շողշողում էին նրա վեր տնկած տոտիկների վրա: Երբ կառքը մոտեցավ Հռոմի դարպասին, Օվիդիոսը վեր ձգվեց բարձերի վրա եւ դողդողացող տոտիկներով մեծ դժվարությամբ կանգնելով՝ գլխին տեղադրեց դափնեպսակը: Ամբոխը հիացած ողջունում էր նրան, եւ շատերը նույնիսկ տապալվում էին գետնին, կարծելով, թե իրենց առջեւ ասիական աստվածություն է: Օվիդիոսն ուզում էր բացատրել, որ ինքը Օվիդիոսն է, բայց բերանը բանալով, կարողացավ լոկ տարօրինակ բզզոց հանել, այնքան սուր, որ մարդիկ սկսեցին ականջները փակել:

– Դուք չե՞ք ուզում լսել իմ երգը,- վրդովվում էր Օվիդիոսը,- չե՞ք ուզում լսել բանաստեղծ Օվիդիոսի երգը, ով ուսուցանել է ձեզ սիրո գիտությունը, ով պատմում էր ձեզ կուրտիզանուհիների եւ դեմքի համար նախատեսված միջոցների, հրաշքների եւ կերպարանափոխությունների մասին:

Սակայն ամբոխը, որ հոդաբաշխ խոսքի փոխարեն անիմաստ բզզոց էր լսում, սարսափած ընկրկում էր կառքից:

Վերջապես մոտեցան կայսերական պալատին, եւ Օվիդիոսը իր ծալվող տոտիկներով մի կերպ քարշ գալով աստիճաններով՝ բարձրացավ Օգոստոս կայսրի ապարանքը:

Կայսրը, գահին բազմած, սպասում էր նրան եւ գավից գինի էր կում անում: Դե ինչ, լսենք, թե դու ինչ ես ինձ համար հորինել, ասաց նա:

Օվիդիոսը մի փոքրիկ պոեմ էր ստեղծել եւ հույս ուներ ուրախացնել Օգոստոսին նրբարվեստ, հղկված բանատողով եւ սրամտության փայլով: Բայց ինչպե՞ս դա անել, մտածում էր նա, չէ՞ որ ես հիմա միջատ եմ եւ կարողանում եմ միայն բզզալ: Այդժամ նա որոշեց բանաստեղծությունը ցուցադրել շարժմունքով, տարաշխարհիկ պարում սահուն թափահարելով իր շքեղ գունագեղ թեւերը: Անտանելի քամի բարձրացավ եւ կողմ քշելով վարագույրները՝ սուրաց ապարանքի սենյակներով մեկ: Օգոստոսը մոլեգնած գավը գետնին զարկեց: Կայսրը մռայլ մարդ էր, գնահատում էր խիզախությունն ու զսպվածությունը: Նա տանել չէր կարող, որ ինչ-որ անամոթ միջատ իր առջեւ կասկածելի պարեր խաղա: Օգոստոսը ծափ զարկեց, եւ հայտնվեցին պրետորականները1:

Զինվորներ, ասաց Օգոստոսը, կտրեք նրա թեւերը: Վարձկանները պատյաններից հանեցին սրերը եւ ասես ծառի բունը ճյուղերից մաքրող հմուտ անտառահատներ, կտրեցին Օվիդիոսի թեւերը: Այնժամ, երբ թեւերը փետրե ամպերի պես իջան իր ոտքերի վրա, Օվիդիոսը հասկացավ, որ իր կյանքն ավարտված է: Հպատակվելով անհայտ ուժի, վստահ, որ դա ճակատագիրն է, նա շրջվեց եւ բարալիկ տոտիկներով ելավ աստիճանների վրա: Ներքեւում մոլեգնում էր կատաղած, արյունռուշտ ամբոխը, դեպ նա էին ձգվում քրքրելու պատրաստ գիշատիչ ձեռքերը:

Եվ Օվիդիոսը, օրորվելով բարալիկ տոտիկների վրա, սկսեց անվարժ իջնել աստիճաններով:

Բանաստեղծ եւ ավազակ
Ֆրանսուա Վիյոնի երազը

1451 թվականի ծննդյան նախօրեի գիշերը, լուսադեմին մոտ, երբ հատկապես խոր քուն ես մտնում, Ֆրանսուա Վիյոնը, բանաստեղծն ու ավազակը, երազ տեսավ: Երազում տեսավ, որ գնում է նա լուսնյակ գիշերով մռայլ ամայի մի տեղանքով: Նա կանգ առավ, որպեսզի մի կտոր հաց ուտի, որը մախաղում էր: Նստելով քարին, նա հայացքը երկինք հառեց, եւ սիրտը նրա կարոտից ու վշտից մղկտաց: Հետո նա շարունակեց ճամփան եւ եկավ իջեւանատուն: Տանն այդ մութ էր, այնտեղից ծպտուն իսկ դուրս չէր գալիս` երեւի բոլորը քնած էին: Ֆրանսուա Վիյոնն ուժեղ դուռը թակեց, եւ այն բացեց տանտիրոջ կինը:

Ի՞նչ ես դու այստեղ փնտրում, ճամփորդ, այս ուշ ժամին` հարցրեց նա, լուսավորելով Վիյոնի դեմքը:

Ես փնտրում եմ եղբորս, պատասխանեց Ֆրանսուա Վիյոնը, վերջին անգամ նրան տեսել են այս կողմերում, ես ուզում եմ նրան գտնել:

Նա մտավ օջախի թույլ լուսավորված սենյակն ու նստեց սեղանի մոտ:

Ոչխարի միս ու գինի բեր, հրամայեց նա կնոջը, բայց նա մի ափսե խաշած կարտոֆիլ ու խնձորագինի բերեց:

Այս է ամենը, ինչ մենք կարող ենք առաջարկել հաճախորդներին այս ուշ ժամին, ասաց նա, քանի որ գիշերով այստեղ թափառող պահնորդները մեր բոլոր պաշարները կերել են:

Վիյոնը սկսեց ուտել, բայց այդ պահին ներս մտավ բորոտությունից այլանդակված դեմքով մի ծերունի: Ծերունին հենվում էր ձեռնափայտին, Վիյոնը լուռ նայեց նրան: Բորոտը մոտեցավ օջախին, նստեց ու ասաց. ասում են, թե դու փնտրում ես քո եղբորը:

Վիյոնը ճանկեց դաշույնը, բայց բորոտը հանդարտեցնող շարժմունքով կանգնեցրեց նրան:

Ես պահնորդ չեմ, ասաց նա, ես ինքս էլ ավազակ եմ ու կարող եմ քեզ տանել քո եղբոր մոտ:

Հենվելով ձեռնափայտին, նա ուղեւորվեց դեպի դուռը, եւ Վիյոնը հետեւեց նրան: Նրանք ելան պաղ ձմեռային գիշերվա մեջ: Գիշերը լուսավոր էր, երկրի վրա սփռված էր լույսը: Շուրջբոլորը փռված էր անկենդան հարթավայրը, սեւ անտառախիտ բլուրներով շրջանակված: Բորոտը արահետով քարշ եկավ բլուրների կողմը, իսկ Վիյոնը, ձեռքի մեջ, համենայն դեպս, սեղմելով դաշույնը, հետեւեց նրան:

Երբ արահետը սկսեց վեր բարձրանալ, բորոտը կանգ առավ: Նա նստեց քարին, իր խուրջինից հանեց օկարինան2 ու մի տրտմալի մեղեդի ածեց: Ժամանակ առ ժամանակ նա ընդհատում էր նվագը, որպեսզի սրիկայապատում բալլադից երգի մի քառյակ, որտեղ պատմվում էր բռնավորների, ավազակների, գողերի եւ պահնորդների մասին: Վիյոնն ավելի ու ավելի ահագնացող անհանգստությամբ էր լսում, քանի որ բալլադը նրան լավ ծանոթ էր: Նա զգում էր, որ իրեն համակում է վախը, նրա ներսում ամեն ինչ կծկվում էր: Բայց ինչի՞ց էր վախենում: Վիյոնն ինքն էլ չգիտեր, քանի որ չէր վախենում ոչ պահնորդներից, ոչ խավարից, ոչ էլ բորոտից: Ավելի շուտ նա ոչ թե ահ էր զգում, այլ կարոտ եւ հոգեկան դառնություն:

Այդժամ բորոտը ելավ եւ ուղղվեց անտառի կողմը: Վիյոնը հետեւեց նրան: Երբ նրանք հասան առաջին ծառին, Վիյոնը տեսավ, որ ոստի վրա օրորվում է կախվածը: Լուսինը մեռյալ լույսով լուսավորել էր դուրս ընկած լեզվով դիակը: Դա իր եղբոր դիակը չէր, եւ Վիյոնն առաջ անցավ: Կողքի ծառի վրա օրորվում էր եւս մի կախված, բայց նա էլ իր եղբայրը չէր: Վիյոնը շուրջբոլորը զննեց եւ տեսավ, որ անտառի բոլոր ծառերը մեռյալներով են պատված: Վիյոնը քայլում էր քամու տակ օրորվող դիակների միջեւ եւ առանց շտապելու զննում էր յուրաքանչյուրին, մինչեւ որ գտավ իր եղբորը: Նա դաշույնով կտրեց պարանը եւ դիակը վար բերեց խոտերի վրա: Այն մահից ու ցրտից փայտացել էր: Վիյոնը շուրթերով դիպավ մեռյալ ճակատին, եւ հենց այդ պահին եղբոր դիակը խոսեց.

Այստեղ ամենուր թեւածում են ճերմակ թիթեռները, թանկագին եղբայր, ասաց դիակը, թիթեռ-ուրվականները: Նրանք սպասում են քեզ:

Վիյոնը շվարած շուրջբոլորը նայեց: Նրա ուղեկիցն անհետացել էր, եւ անտառի վրա լռին ու վշտալի, ասես թաղման երաժշտություն, հնչեց բալլադը, որ երգում էր բորոտը:


Գրող եւ երբեմնի վանական
Ֆրանսուա Ռաբլեի երազը

1532 թվականի փետրվարյան մի գիշեր, լիոնյան հիվանդանոցի բժշկի խղճուկ խցում, յոթօրյա պահքից հետո, որ պահպանվում էր այն օրերին արդեն լքյալ եկեղեցու օրենքներով, Ֆրանսուա Ռաբլեն՝ գրողն ու երբեմնի վանականը, երազ տեսավ: Երազում տեսավ, որ սեպտեմբերյան մի օր նստած է նա Պերիգիոյում` պանդոկում, խաղողի թփերով պատված ծածկի տակ, երկար ու նեղ սեղանի գլխին: Սեղանը ծածկված է ձյունաճերմակ սփռոցով, որի վրա դարսված են կուժերով գինիներ, իսկ դիմացը սպասք` դրված եւս մի հոգու համար: Թե դա ինչ մարդ է, Ռաբլեն չգիտի, գիտի միայն, որ սպասում է նրան: Այդ ընթացքում պանդոկապանը բերում է նրան թթու դրած ձիթապտուղ եւ մի գավաթ թարմ խնձորագինի, եւ նա անշտապ ըմբոշխնում է սաթե հրաշալի ըմպելիքը եւ ակռատում ձիթապտուղները: Որոշ ժամանակ անց Ռաբլեն սմբակների ձայն է լսում ու գլխավոր ճանապարհի վրա փոշու ամպ է տեսնում, որը, երբ մոտենում է, պարզվում է, կառք է, ընդ որում, ուղղակի թագավորական կառք` կարմիր հագած կառապանով եւ ետնամասում` երկու ծառա: Կառքը կանգ է առնում պանդոկի դիմացի մարգագետնի առաջ, ծառաները փչում են եղջերափողերը, հետո թռնում են ներքեւ, կառքի դռնակի առջեւ կարմիր գորգ են փռում եւ ձիգ կեցած գոչում են. Նորին Մեծություն պարոն Պանտագրյուել, ուտելիքի եւ խմիչքի արքան:

Ֆրանսուա Ռաբլեն ելնում է սեղանի մոտից, նա հասկանում է, որ դեպ ինքն եկող մարդը կարմիր գորգի վրայով, որ նրա ոտքերի տակ փռել էին ծառաները, հենց իր փափագելի սեղանակիցն է: Դա վիթխարահասակ մի մարդ էր, որ քայլում էր, ձեռքերով փորը բռնած, ավելի ճիշտ, հաստաբեստ լիքը տիկի նմանվող որովայնը, որ այս ու այն կողմ էր տարուբերվում: Դեմքը ծածկել էր խիտ սեւ մորուսն ու լայնեզր գլխարկը: Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը լայնաբերան ժպտաց, իր արքայական հանդերձանքի թեւքերը քշտեց եւ նստեց սեղանի մոտ` Ռաբլեի դիմաց: Հայտնվեց պանդոկապանը երկու ծառաների ուղեկցությամբ, որոնք ապուրամանով բերում էին գոլորշի հանող ապուրը: Սկզբում՝ ստամոքսը նախապատրաստելու համար գարով, ցորենով եւ լոբով թեթեւ ապուր, հայտարարեց պանդոկապանը:

Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը վզով մեկ մի սավանածավալ անձեռոցիկ կապեց ու Ռաբլեին նշան արեց, որ կարելի է սկսել ուտել: Ապուրը, որի մեջ լողում էին դափնու տերեւները եւ սխտորի պճեղները, իրոք որ հազվագյուտ ախորժելի էր, եւ Ռաբլեն հաճույքով մի լիքը աման կերավ: Ինչ վերաբերում է Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելին, ապա նա, սիրալիր ներողություն խնդրելով, ապուրամանը քաշեց դեպ իրեն եւ սկսեց հենց դրանից էլ ուտել: Ծառաներն այդ ընթացքում ներս բերին հաջորդ կերակրատեսակը, եւ սրտաբաց պանդոկապանը սկսեց կերակուրը տեղավորել ափսեների մեջ: Դրանք լցոնված սագեր էին: Ֆրանսուա Ռաբլեին հասան երկուսը, Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելին` տասնինը: Պանդոկապան, ասաց հարգարժան հյուրը, պատմիր, թե ինչպես ես պատրաստում այս սագերը, որպեսզի ես կարողանամ սովորեցնել իմ խոհարարին: Պանդոկապանը շոյեց իր թավ բեղերը, հազաց եւ ասաց. Ամենից առաջ պետք է վերցնել լավագույն կաղամբը ու մի չորս-հինգ րոպե դնել այն եռման ջրի մեջ: Այնուհետեւ այդ սագի յուղից մի քիչ պետք է լցնել կաղամբի վրա, հետո ճարպ, գիհի հատապտուղներ, մեխակ, աղ, պղպեղ եւ կտրտած սոխ դնել ու այդ ամենը երեք ժամ եփել: Հետո հավելել խոզապուխտ, կտոր-կտոր կտրտած սագի լյարդը եւ կապ տալու համար` հացի խյուսը: Այդ զանգվածով լցոնել սագերին ու մի քառասուն րոպե դնել փուռը: Երբ սագերը կիսով չափ պատրաստ լինեն, պետք է նրանց վրա հալած յուղ լցնել: Ահա եւ ամենը:

Պանդոկապանի պատմածից Ռաբլեի ախորժակը գրգռվեց, եւ ոչ միայն նրանը, վիթխարի լեզվով բեղերը լիզելով նրա սեղանակիցը հարցրեց. իսկ է՞լ ինչ մեզ կառաջարկես: Պանդոկապանը ծափ զարկեց, եւ ծառաները ներս բերին ծխացող սկուտեղները: Ձիթապտղի թուրմով բտած աքլորներ եւ ռոքֆորով խայտահավեր, հանդիսավոր ազդարարեց պանդոկապանը:

Մինչեւ Ֆրանսուա Ռաբլեն հազիվ մի բտած աքաղաղի ու մի խայտահավի հախից էր եկել, Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը հասցրել էր հափռել դրանցից մեկ տասնյակից ոչ պակաս: Չգիտեմ ինչու, բայց ես կարծում եմ, ասաց Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը, որ այս խայտահավերին շատ հարմար կգար ուղեղի սոուսը, ձեզ ինչպե՞ս է թվում, թանկագին սեղանակից:

Ֆրանսուա Ռաբլեն գլխով հավանության նշան արեց, եւ պանդոկապանը, որ հենց դրան էր սպասում, ծափ զարկեց:

Ծառաները երկու աման ուղեղի սոուս բերին: Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը մի ողջ ամանի եղած-չեղածը քսեց մի մետրանոց հացի վրա ու սկսեց բտած աքլորի ամեն մի կտորը ուտել մի քանի կտոր սոուսով հացի հետ, այնպես որ, երկու րոպեից սոուսից ոչինչ չմնաց: Երբ բտած աքլորների ու խայտահավերի վերջը տրվեց, պանդոկապանը, հյուրերի թույլտվությունը ստանալով, հարցրեց, թե ի՞նչ կասեն պարոնները որսորդավարի պատրաստած վարազի մասին: Թե՞ նրանք կգերադասեին լցոնված նապաստակի ֆիլե հարած ճարպի մեջ: Որպեսզի չսխալվի, Ֆրանսուա Ռաբլեն խնդրեց, որ իրեն երկուսից էլ բերեն, իսկ Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը լայն բացել էր բերանը, ցուցադրելով, որ այնտեղ դեռ շատ բան կարող է տեղավորվել: Պանդոկապանը ծափ զարկեց, եւ ծառաները ներս բերեցին հերթական սկուտեղները:

Ա՜խ, բերանը լիքն ասում էր Ֆրանսուա Ռաբլեն, ինչ հրաշք է որսորդավարի պատրաստած վարազը: Կանաչ ձիթապտուղները դրան քաղցրաթթու համ են տալիս, իսկ կարմիր պղպեղով համեմունքն ավելի է ուժգնացնում վարազի մսի համը: Իսկ այդ լցոնված եւ յուղի մեջ տապակած նապաստակի ֆիլեները արդյո՞ք արժանի չեն աստվածային կոչվելու,- նրան երկրորդում էր Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելը, երկու կլլվող կտորների արանքում:

Պանդոկապանը երանությամբ նայում էր, թե ինչպես են նրանք ուտում: Սեպտեմբերյան արեւը նախշազարդեր էր նկարում խավարակուռ պատշգամբի վրա: Նորին Մեծություն պարոն Պանտագրյուելի փոքրիկ աչքերը սկսեցին գոցվել, թվում էր, թե նա հիմա կննջի: Հանկարծ նա ափով մի քանի անգամ խփեց փորին, նախօրոք ներողություն խնդրելով, ըստ վարվեցողության կանոնների, եւ բխկաց: Դա հիասքանչ որձկոց էր` որոտի հանգույն, որի գոռոցները տարածվեցին շրջակա դաշտերի վրա: Այդ ամպրոպի գոռոցներից Ֆրանսուա Ռաբլեն զարթնեց ու հասկացավ, որ փողոցում մոլեգնում է ամպրոպը: Նա շոշափելով վառեց մոմը եւ պահարանի վրայից վերցրեց չոր հացի կտորը, որ պահքը խախտելով՝ պահում էր գիշերվա համար:

Կարավաջո մականվամբ նկարիչ եւ կռվարար Միքելանջելո
Մերիզիի երազը

1509 թվականի հունվարի 1-2-ի արանքում Կարավաջո մականվամբ նկարիչ եւ կռվարար Միքելանջելո Մերիզին, գիշերն անցկացնելով պոռնիկի անկողնում, երազում տեսավ, որ իրեն այցելել է Աստված` Քրիստոսի տեսքով եւ իր վրա է ուղղել ցուցանող մատը: Միքելանջելոն այդ ժամանակ նստած էր պանդոկում, փողով թղթախաղ էր խաղում, եւ, ընդ որում, խարդախում էր: Նրա խաղընկերները սրիկաներ էին, եւ նրանցից ոմանք հասցրել էին հարբել: Իսկ ինքը հանրահայտ նկարիչ Միքելանջելո Մերիզին էր, խաղաորջերի մշտական հաճախորդը, մութ անձնավորություն: Այն պահին, երբ Աստված այցելեց նրան, նա հենց անարգում էր Քրիստոսին եւ լիաթոք ծիծաղում:

Դու` ասում էր Քրիստոսի շարժմունքը:

– Ե՞ս,- ապշեց Միքելանջելո Մերիզին: Բայց ես սուրբ չեմ, ես մեղավոր մարդ եմ, այդպիսինը չի կարող կոչյալ լինել:

Քրիստոսի դեմքն անթափանց էր: Մեկնած ձեռքի ուղղությունը կասկածի տեղ չէր թողնում:

Միքելանջելո Մերիզին գլուխը հակեց եւ հայացքը հառեց սեղանի վրա շաղ տված մետաղադրամներին: Ես բռնաբարել ու սպանել եմ, ձեռքերն իմ մինչեւ արմունկներս արյան մեջ են:

Պանդոկապանը նրա առաջ լոբի ու գինի դրեց, եւ նա սկսեց ուտել եւ խմել, բոլորը, որ նստած էին նրա հետ սեղանի շուրջ, քարացել էին, իսկ նա աշխատեցնում էր ձեռքերն ու ծնոտը, ասես ոչինչ էլ չի եղել: Քրիստոս էլ էր անշարժացել՝ նրանից չհեռացնելով ցուցանող մատը: Միքելանջելո Մերիզին ելավ եւ ուղղվեց դեպի ելքը: Քրիստոս հետեւեց նրան:

Նրանք մտան մի կեղտոտ նրբանցք: Միքելանջելո Մերիզին տեղնուտեղն օգտվեց առիթից, որ պարպի միզապարկը երեկոյի ընթացքում խմած գինուց:

– Աստված, ի՞նչ ես դու ինձնից ուզում,- հարցրեց Միքելանջելո Մերիզին Քրիստոսին:

Մարդու Որդին նայեց նրան եւ ոչինչ չասաց: Նրանք դեռ երկար քայլում էին նրբանցքով, մինչեւ որ ելան հրապարակ: Հրապարակը դատարկ էր, վատ եմ զգում, ասաց Միքելանջելո Մերիզին:

Քրիստոս դարձյալ լռեց: Նա նստեց քարե նստարանին եւ հանեց սանդալները: Ոտնաթաթերը շփելով, նա ասաց. Է՜հ, Պաղեստինից սկսյալ ոտքով եմ եկել, որ գտնեմ քեզ:

Միքելանջելո Մերիզին պատից բռնած կանգնած էր, սիրտը խառնում էր: Բայց չէ՞ որ ես մեղավոր մարդ եմ, գոչեց նա, քո ինչի՞ն է պետք ինձ փնտրելը:

Քրիստոս մոտեցավ նրան եւ ձեռքը բռնեց: Ես քեզանից նկարիչ արարեցի, ասաց նա, եւ այժմ ինձ նկար է պետք: Կնկարես այն եւ ապրիր ինչպես կամենում ես:

Միքելանջելո Մերիզին բերանը սրբեց եւ հարցրեց` ինչի՞ մասին է նկարը:

Այն մասին, թե ինչպես ես այսօր երեկոյան այցելեցի քեզ պանդոկում, միայն թե դու պետք է լինես ոչ թե դու, այլ Մատթեոսը:

Լավ, ասաց Միքելանջելո Մերիզին, կանեմ: Եվ շրջվեց մյուս կողմի վրա, իսկ պոռնիկը, բարձր խռմփացնելով, գրկեց նրան:

Բանաստեղծ եւ ափիոն ծխող
Սեմյուել Թեյլոր Քոլրիջի երազը

1801 թվականի նոյեմբերյան մի գիշեր, գտնվելով Լոնդոնի իր տանը, թմրամոլական զառանցանքի մեջ, Սեմյուել Թեյլոր Քոլրիջը երազ տեսավ: Երազում տեսավ, թե նա նավի վրա է, իսկ նավը սեղմված է բեւեռային սառույցներով: Նա նավապետ էր: Նրա մարդիկ պառկած էին տախտակամածի վրա, ապարդյուն ջանում էին պաշտպանվել ցրտից, փաթաթվելով քրջերի ու պատառոտված վերմակների մեջ: Նրանց դեմքերը հոգնատանջ էին, հիվանդագին, փոս ընկած աչքերի տակ սեւին էին տալիս: Հանկարծ առագաստափայտի վրա մի մեծ ալբատրոս իջավ, նրա լայն բացած թեւերը տախտակամածի վրա չարագուշակ ստվեր նետեցին: Սեմյուել Թեյլոր Քոլրիջը կանչեց իր օգնականին եւ հրամայեց նրան հրացան բերել, իսկ նա ասաց, որ իրենք այլեւս վառոդ չունեն, եւ բերեց արբալետը: Սեմյուել Թեյլոր Քոլրիջը ճանկեց այն ու նշան բռնեց: Նա կարծում էր, որ ալբատրոսին սպանելով՝ կկարողանա կերակրել իր մահացող նավազներին, եւ կազատի լեղախտից ու մահից: Նետը շամփրեց ալբատրոսի վիզը, եւ նա ընկավ տախտակամածի վրա՝ արյամբ ցողելով սառույցը: Նրա արյունից տեղն ու տեղը մի ծովաօձ ծնվեց, նա բարձրացրեց գլուխը, դուրս գցեց երկատված լեզուն, եւ սպառնալի ֆշշալով, սողաց տախտակամածով: Սեմյուել Թեյլոր Քոլրիջը պատյանից մեկեն հանեց նավապետի դաշույնը եւ արագորեն հատեց օձի գլուխը: Կտրված գլխից մի կին ծնվեց: Նա ամբողջովին սեւազգեստ էր, ոսկրոտ ու սարսափելի, ճերմակ դեմքով եւ խենթ հայացքով: Ձեռքերում նա բռնել էր զառերը: Կինը նստեց նավակողի ելուստի վրա ու նավապետին մոտ կանչեց: Իսկ հիմա զառ խաղանք, ասաց նա: Եթե դու տանես, նավը սառույցներից կազատվի, իսկ եթե ես` ողջ քո անձնակազմը կտանեմ ինձ հետ: Առաջին օգնականը նետվելով դեպի Սեմյուել Թեյլոր Քոլրիջը եւ կառչելով նրա ձեռքից, աղաչում էր չլսել մահ-կնոջը, քանի որ նա իրենց կործանում է բերում, սակայն Սեմյուել Թեյլոր Քոլրիջը վճռականորեն մոտեցավ կնոջն ու գլուխ տալով ասաց, որ պատրաստ է խաղը սկսել: Կինը նրան մեկնեց տուփը, որը Քոլրիջը նախ սեղմեց կրծքին, իսկ այնուհետեւ, ցասումնալից թափահարելով, զառերը նետեց տախտակամածի վրա: Նավաստիները «ուռա» գոչեցին, նավապետին 11 էր ընկել: Մահ-կինը սկսեց լացել ու մազերը փետել, հետո չարախնդաց, այնուհետեւ շան պես աղիողորմ վնգստաց: Ի վերջո, նա վերցրեց զառերն ու ձեռքի լայն շարժումով, ասես ամեն ինչ տախտակամածից սրբելով` նետեց: Գլորվելով տախտակների վրայով, զառերը կանգ առան, եւ բոլորն էլ տեսան 6-ը` թե մեկի եւ թե մյուսի վրա: Այդ պահին վրա հասավ սառցե քամին, այն շամփրեց Սեմյուել Թեյլոր Քոլրիջին եւ իր հետ տարավ նավաստիներին, մահ-կնոջն ու նավը. մոխրավուն շղարշը պատել էր շուրջբոլորը, եւ Սեմյուել Թեյլոր Քոլրիջը, աչքերը բանալով, տեսավ իր պատուհանից մշուշապատ այգաբացը:


Գրող եւ բժիշկ
Անտոն Չեխովի երազը

Մի անգամ գիշերով` 1890 թվականին, գրող եւ բժիշկ Անտոն Չեխովը, լինելով Սախալին կղզում, ուր նա ուղեւորվել էր աքսորյալներին այցելելու, երազ տեսավ: Նա տեսավ, որ հիվանդասենյակում է, եւ իր վրա զսպաշապիկ է: Կողքին երկու զառամյալ ծերունիներ էին պառկած, երկուսն էլ ինչ-որ բարբաջանք էին դուրս տալիս: Անտոն Չեխովը չէր կասկածում, որ ինքը սթափ միտք եւ կայուն հիշողություն ունի, եւ նա կամեցավ գրել ձիու պատմությունը: Ներս մտավ սպիտակ խալաթով բժիշկը, եւ Անտոն Չեխովը նրանից թուղթ ու գրիչ խնդրեց:

Դուք չեք կարող գրել, որովհետեւ չափազանց շատ եք խելքներիդ զոռ տալիս, ասաց բժիշկը, դուք դժբախտ բարոյախոս եք, ահա թե ով եք դուք, հոգեկան հիվանդները թույլ չեն տա, որ դուք գրեք:

– Ձեր անունն ի՞նչ է,- հարցրեց Անտոն Չեխովը:

Ես չեմ կարող ձեզ իմ անունն ասել, պատասխանեց բժիշկը, բայց գիտցեք, որ ես ատում եմ գրողներին, հատկապես այնպիսիներին, ինչպիսին դուք եք, որ չափից դուրս խելքներիդ զոռ եք տալիս: Խելոքները կկործանեն աշխարհը:

Անտոն Չեխովը հաճույքով նրան ապտակ կհասցներ, բայց բժիշկը հանեց շրթներկն ու սկսեց ներկել իր շուրթերը: Հետո կեղծամ հագավ. ես ձեր բուժքույրն եմ, բայց դուք չեք կարող գրել, որովհետեւ շատ եք խելքներիդ զոռ տալիս, դուք ընդամենը բարոյախոս եք, եւ Սախալին եկել եք տնային խալաթով: Եվ դրանից հետո Անտոն Չեխովի վրայից հանեց զսպաշապիկը:

Բայց դուք էլ, ասաց Անտոն Չեխովը, ձիերին չգիտեք:

Իբր ինչի՞ս է պետք նրանց իմանամ, ասաց բժիշկը, ես գիտեմ միայն իմ հիվանդանոցի տնօրենին:

Ձեր տնօրենը ոչ թե ձի է, այլ էշ, բեռնակիր անասուն, ասաց Անտոն Չեխովը, ամեն ինչ տանելը նրա ճակատին է գրված: Նորից եմ խնդրում, ինձ գրելու հնարավորություն տվեք:

Դուք չեք կարող գրել, ասաց բժիշկը, որովհետեւ դուք խելագար եք:

Հարեւան մահճակալների վրայի ծերունիները շուռումուռ եկան, եւ նրանցից մեկը ելավ գիշերանոթի մեջ միզելու:

Հետո՞ ինչ, առարկեց Անտոն Չեխովը, ես ձեզ դաշույն կնվիրեմ, դուք այն կսեղմեք ձեռքերի մեջ, դուք կսեղմեք այն ատամների արանքում, կգնաք ձեր կլինիկայի տնօրենի մոտ, եւ դաշույնը բերանից չհանելով, կհամբուրեք նրան, այսպես ասած, մահացու համբույր կտաք:

Հետո նա կողքի վրա թեքվեց եւ սկսեց մտածել ձիու մասին: Եվ` կառապանի: Այդ դժբախտ կառապանի որդին մահացել էր, եւ նրան պետք էր գեթ որեւէ մեկին հաղորդակից դարձնել իր վշտին: Բայց մարդիկ խույս էին տալիս նրանից, շտապում էին, բանի տեղ չէին դնում:

Այդժամ կառապանն իր որդու մահվան մասին պատմեց իր ձիուն: Ծեր ձին համբերատար էակ գտնվեց, նա մարդկային աչքեր ուներ:

Հանկարծ թեւավոր նժույգներով քառատրոփ ցատկոտելով երկու հեծյալներ եկան: Անտոն Չեխովը գիտեր նրանց: Դրանք դերասանուհիներ էին, յուրաքանչյուրն իր ձեռքում ծաղկած բալենու ճյուղ էր բռնել: Կառապանը ձիերին լծեց սահնակին: Անտոն Չեխովը տեղավորվեց նստատեղում, սահնակը գետնից պոկվեց, հիվանդասենյակի մեծ պատուհանի միջով դուրս թռավ եւ միտվեց երկինք: Ամպերի արանքից հեծվորները տեսան կեղծամով բժշկին, ով բռունցքով սպառնում էր նրանց եւ անեծքներ էր տեղում: Երկու դերասանուհիները բալենու ծաղիկներից երկու թերթ նետեցին վար, իսկ կառապանը ժպտալով ասաց. ես մի պատմություն ունեմ, ճիշտ է, այն տխուր է, բայց ես հուսով եմ, որ թանկագին Անտոն Չեխովը այն մինչեւ վերջ կլսի:

———-
1 պրետորական – թիկնապահ կամ վարձու զինվոր
2 օկարինա – իտալական երաժշտական կավե գործիք: