«ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներ չունեմ, որովհետեւ քաղաքական լուծում ԼՂ խնդրում չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն ընդամենը մեկ մանդատ. դա հակամարտության հետեւանքների վերացումն է, ինչը քաղաքական մոտեցում է»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը` նկատելով, թե այն պարագայում, երբ «մի կողմն ասում է՝ Ղարաբաղն իմն է, մյուսը, թե՝ իմն է», քաղաքական կոմպրոմիս հնարավոր չէ: Ըստ նրա` պետք է դիմել այնպիսի քայլերի, որոնք հնարավորություն կտան փոխզիջման տարբերակ ունենալ: «Դա մեզ համար հետեւյալն է. ԼՂՀ-ն կայացած միավոր է, դա դոմինանտ է, մնացած բոլոր հարցերը քննարկման առարկա են: Սա մեր կողմից կոմպրոմիս է, որովհետեւ եւ՛ պատերազմն են իրենք հրահրել, եւ՛ պատերազմի հետեւանքներն են եղել իրենց գործողությունների պատճառով»,- ասել է նա: