Այսօր Երկրապահի օրն է, ինչի առիթով, իհարկե, հեռուստաընկերությունների եթերից վերամբարձ խոսքեր են հնչելու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մասին (բացառությամբ, թերեւս, նրանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում): Մոտավորապես այդպիսի շնորհավորական ուղերձով երեկ երկրապահներին է դիմել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Իրականում, սակայն, նրա ուղերձն ավելի շատ մեղայական է հիշեցնում` փետրվարի 19-ի ընտրություններից հետո իր` այդպես էլ մինչեւ վերջ չհստակեցված դիրքորոշման համար: «Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից: Միաժամանակ նույնը նաեւ վերաբերում է ԵԿՄ վարչությանը»,- հայտարարել է Մ. Գրիգորյանը, ում անունից ժողովրդին սատարելու մասին փետրվարի
19-ից հետո կայացած հանրահավաքներից մեկում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանը: «Ընտրություններից հետո, երբ ներքաղաքական լարվածություն կար երկրում, երկրապահները հավաքվեցին (ի դեպ, 90-ական թվականներից էլ այսպես է եղել), որ մի տեղ լինենք, որ, Աստված չանի, մի փորձանք լինի մեր ժողովրդի կամ պետության գլխին, մենք կարողանայինք ժամանակին հասնել, դեմն առնել, որովհետեւ ոչ մեկը չէր կարող ասել, թե այդ ժամանակ որտեղից ինչ հարված կարելի էր սպասել: Երկրի նախագահը հարկ համարեց, որ հավաքի անհրաժեշտություն չկա, եւ երկրապահները հետ գնացին»,- խոստովանել է Մ. Գրիգորյանը, որն իր ուղերձում որեւէ բառ չի գրել այսօր ազատազրկված Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ բանտերում գտնվող տասնյակ երկրապահների մասին: