Մեկն ընկերոջը հարցնում է՝ զոքանչդ ո՞նց է։ Ասում է՝ մահացավ։ Բա մահանալուց առաջ քրտնե՞լ էր՝ հարցնում է։ Հա, քրտնել էր։ «Էլի լավ ա, քրտնելը օգնում ա»,- ասում է ընկերը։
Շատ դաժան անեկդոտ է, բայց իսկը մեր իշխանության գործելաոճն է։ Քայլեր անում են կամ փորձում են անել այն ժամանակ, երբ արդեն բանը բանից անցել է։ Դեռ 2 տարի առաջ գիտեին, որ այս տարվա մայիսի 1-ից գազի սուբսիդավորումը դադարելու է՝ սուբսիդավորողն էլ են իրենք, դադարեցնողն էլ։ Գիտեին, որ դրա արդյունքում գազալցակայաններն ավելի բարձր գնով են գազ վաճառելու, կլինեն նաեւ այնպիսիք, որ մի բան էլ ավելի կթանկացնեն՝ առիթից կօգտվեն։ Գիտեին նաեւ, որ եթե գազի գինը թանկացավ, կթանկանան տաքսի ծառայությունների, երթուղային տաքսիների ուղեվարձերը, շինանյութը, մի խոսքով՝ ամեն ինչը։ Ու փոխանակ մինչեւ մայիս քննարկեին, թե ինչպես են գնաճը կանխելու, զբաղված էին պաշտոններ բաժանելով։ Եվ հիմա, երբ թանկացումն արդեն փաստ է, նոր-նոր աշխատանքային խումբ են ստեղծել, որը պետք է զբաղվի, մասնավորապես, տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով։
Շեշտում ենք տրանսպորտի ոլորտը, որովհետեւ այստեղ մի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որից առայժմ տուժում են առաջին հերթին երթուղայինների վարորդները։ Նրանք գազը լիցքավորում են թանկ գնով, «գծի տիրոջը» տալիս նույն «պլանը», իսկ ուղեվարձը 100 դրամից ավելի չեն կարող սահմանել, որովհետեւ տրանսպորտային ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում են կոնկրետ պայմանագրերի հիման վրա. Երեւանի քաղաքապետարանն է մրցույթ անցկացնում երթուղիների համար, որոշում հաղթողին, ինչպես նաեւ՝ պայմաններն ու գինը։ Այսինքն, ուղեվարձի թանկացման հարցով վերջնական որոշում կայացնողը Երեւանի քաղաքապետարանն է։ Տաքսիների դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է. նրանք կարող են գինը բարձրացնել, այլ հարց է, որ դեռ ոչ բոլորն են դա անում։ Բոլորը սպասում են «վերեւից» եկող ինչ-որ հրահանգի՝ թե՛ երթուղային գծերի, թե՛ տաքսի ծառայությունների տերերը։
Իսկ «վերեւներն» առայժմ ժամանակ են ձգում։ Մի կողմից՝ հասկանում են, որ չեն կարող երկար ժամանակ մարդկանց ստիպել վնասով աշխատել, մյուս կողմից՝ չեն ուզում մեծացնել հասարակության դժգոհությունը գների հերթական թանկացումով։ Եվ այս առումով նմանվում են սուրճ եփող տանտիկնոջ։ Պատկերացրեք այսպիսի մի վիճակ, կինը սուրճ է եփում, սուրճն ուր որ է՝ կեռա, եւ այդ պահին հեռախոսը զանգում է։ Ի՞նչ անի՝ մինչեւ գնա զանգին պատասխանելու, սուրճը կթափվի։ Եթե սուրճին նայի, կարող է բաց թողնել շատ կարեւոր ինֆորմացիա, որը պետք է հեռախոսով իրեն հաղորդեին։ Նա կարող էր հեռախոսի հեռակառավարվող վահանակն իր հետ վերցնել՝ մինչեւ սուրճը կրակին դնելը։ Բայց աչքաթող է արել, նախօրոք չի մտածել այդ մասին՝ ինչպես մեր իշխանությունները նախօրոք չեն մտածել գազի թանկացման հետեւանքների մասին։ Ընդ որում, կնոջ վիճակն ավելի լավ է. նա կարող է գազօջախն անջատել, զանգին պատասխանել ու նորից անցնել սուրճին։ Բայց կառավարությունն այդպիսի հնարավորություն չունի՝ կա՛մ սուրճն է տուժելու, կա՛մ հեռախոսազանգը։ Չնայած՝ մի ժամանակավոր միջոց գտել են, որպեսզի վնասը շատ մեծ չլինի։ Մինչ երթուղայինների տերերին հորդորում են ուղեվարձը չթանկացնել, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դրան զուգահեռ՝ ստուգումներ է անում գազալիցքավորման կայաններում ու պարզում, որ նրանք գազի գինը բարձրացրել են անհամարժեք շատ։ Ու եթե լիցքավորման կայանները մայիսի 1-ից հետո 1 խ/մ գազի համար գանձում էին 200 դրամ, այժմ սկսել են վերցնել 160 դրամ։ Սա ինչ-որ միջանկյալ քայլ է, որը չի կանխելու ուղեվարձի թանկացումը. չի բացառվում, որ այս տողերը կարդալու պահին երթուղայինների գներն արդեն պաշտոնապես բարձրացրած լինեն։ Փաստորեն, պետք է արձանագրենք, որ նոր կառավարությունը գեղեցիկ բառերով համեմված իր ծրագրի իրագործումը սկսում է այնպիսի անշուք թեմայից, ինչպիսին «մարշրուտկեքի» հարցն է։ Ո՞վ կմտածեր, որ հենց դա է լինելու առաջին քայլը՝ դեպի մրցունակ տնտեսություն ու տարածաշրջանի ֆինանսական կենտրոն տանող ճանապարհին։ Ինչ վերաբերում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), ապա դա լրիվ առանձին թեմա է։ Եթե ինչ-որ մեկը ցանկանա ինչ-որ բան ներկրել, ու իրեն խոչընդոտեն, ապա մտքով էլ չի անցնի դիմել այս կառույցին։ Ոչ թե նրա համար, որ չգիտի դրա մասին, այլ չի հավատում, որ արդյունքի կհասնի։ ՏՄՊՊՀ-ում, սակայն, կարծես սկսել են հետաքրքրվել հասարակության կարծիքով ու իրենց ինտերնետային կայքում հարցում են անցկացնում։ Այցելուները պետք է պատասխանեն հետեւյալ 3 հարցերին՝ 1. Հայաստանում ո՞րն եք համարում տնտեսական մրցակցության բնագավառում առկա ամենամեծ հիմնախնդիր(ներ)ը, 2. Ո՞րն է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերն այդ խնդրի (խնդիրների) լուծման գործում եւ
3. Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքը՝ օրենքով իր առջեւ դրված խնդիրների լուծման եւ ձեր նշած խնդիրների կարգավորման գործում:
Անշուշտ, շատ ողջունելի է, որ հանձնաժողովը նման հարցումներ է անցկացնում, հետաքրքրվում քաղաքացիների կարծիքով եւ փորձում հետեւություններ անել։ Մենք էլ հաճույքով կօգնեինք՝ այս հարցերին պատասխանելով, պարզապես առաջին իսկ հարցը՝ տնտեսական մրցակցության բնագավառում առկա ամենամեծ հիմնախնդիրը, արդեն իսկ դժվարամարս է այն պարզ պատճառով, որ Հայաստանում տնտեսական մրցակցություն՝ որպես այդպիսին, պարզապես չկա։ Իսկ հանձնաժողովն իր դերը կատարում է այնքանով, որքանով թույլ են տալիս, այսպես ասենք, «օրենքները»։