«Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները չեն ոգեւորում, որովհետեւ այն, ինչ քննարկվել ու քննարկվելու է բանակցությունների ընթացքում, անընդունելի է հայկական կողմի համար»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:
Ըստ նրա, եթե 1998-ին ադրբեջանցիները համակերպվել էին, որ Լաչինն ու Քելբաջարն առնվազն 90 տոկոսով կորցրել են, ապա այսօր արդեն նրանք խոսում են ոչ միայն տարածքների վերադարձի մասին, այլեւ ընդհանրապես գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված է հայերի կողմից: «Ես գտնում եմ, որ հայկական կողմը պետք է կտրուկ քայլերի դիմի եւ հայտարարի այն սկզբունքների մասին, որոնք ընդունելի են Հայաստանի ու Արցախի համար»,- հայտարարեց ՀԴԿ նախագահը: Վերջինս ընդունելի չի համարում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հայկական կողմի արտահայտած դիրքորոշումը, որը ներկայացվում է՝ որպես «հայանպաստ»: Հանրաքվեն, կամ, ինչպես Արամ Գ. Սարգսյանն է ասում` պլեբիսցիտը (կարծիքների հաշվառում), շատ վտանգավոր գաղափար է, քանի որ, ըստ նրա` դրանով զրոյացվում է ամբողջ այն իրավական ուղին, որն անցել է Լեռնային Ղարաբաղը 1988-91 թվականներին: «Դրանով մենք ընդունում ենք, որ այդ քայլերն իրավական, միջազգային նորմերին ոչ համապատասխան գործողություններ են եղել»,- նշեց նա, ընդգծելով, որ նման հանրաքվեի անցկացման դեպքում Ադրբեջանը պահանջելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղ վերադառնան այն ադրբեջանցիները, որոնք ապրել են այնտեղ մինչեւ 1988թ., եւ նրանց սերունդները, ինչը ոչ պակաս վտանգավոր կարող է լինել: «Այսպես կոչված, պլեբիսցիտ անցկացնելը հակահայկական քայլ է եւ ուղղակի խփում է մեր շահերին: Դրանով մենք հնարավորություն ենք տալիս ադրբեջանական քարոզչությանը ասելու, որ ԼՂ կողմից կատարված քայլերն օրինական չեն եղել»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքներին, ապա ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանն ինքնուրույն չի կարող նման քայլի գնալ: «Ադրբեջանը չի կարող ինքնուրույն քայլ անել առանց «Բրիթիշ պետրոլեումի» կամ այլ նավթային կորպորացիաների թույլտվության, քանի որ վերջիններս երբեք չեն համաձայնի իրենց սեփականությունը վտանգի տակ դնել»,- ասաց Ա. Սարգսյանը: Արդյոք այս մոտեցումները նշանակո՞ւմ են, որ 2005թ. ՀՀ ԱԺ-ում անցկացված լսումների ժամանակ հռչակված սկզբունքների հետ ՀԴԿ նախագահը համաձայն չէ: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես համաձայն եմ այնտեղ հռչակված սկզբունքներին, բայց զարգացումը շատ արագ է գնում, եւ մենք պետք է նախահարձակ լինելով ներկայացնենք այն, ինչ անհրաժեշտ է այսօր»: Իսկ դրա համար նա անհրաժեշտ է համարում ԼՂ հարցում «համահայկական միանշանակ ձեւավորված դոկտրինալ մոտեցման» ձեւակերպումը: «Ես կոչ կանեի ՀՀ նախագահին՝ առաջիկայում հրավիրել համահայկական, լուրջ ներկայացուցչական համաժողով, ի մի բերել այն ամենը, ինչ մենք Լեռնային Ղարաբաղում ունեցել ենք մինչ այժմ եւ ձեւավորել հիմնահարցի կարգավորման հայկական կողմի համար ընդունելի տարբերակի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- ասաց Դեմկուսի նախագահը: Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը (որի փոխնախագահն է ինքը) նախատեսում է իրականացնել համահայկական ակցիա, որի նպատակն է լինելու թվով 30-40 խոշոր հայկական համայնքներում անցկացնել ներկայացուցչական ժողովներ մեկ օրվա ընթացքում, որոնք կքննարկեն ու կընդունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեկ միասնական բանաձեւ: «Դա կլինի առաջին անգամ, որ հայկական կողմը միանշանակ ու վստահորեն կներկայացնի հայ հասարակայնության միասնական դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Բանաձեւն այժմ մշակման փուլում է: Կարծում եմ, որ այդպիսի համաժողով պետք է նախաձեռնի ՀՀ նախագահը, եւ այն պետք է ձեւակերպել եւ ներկայացնել որպես պաշտոնական դիրքորոշում»,- հայտարարեց նա: Եթե հաշվի առնենք, որ Արամ Սարգսյանին արմատական ընդդիմությունը համարում է, այսպես ասած, իշխանական գործիչ, ապա պետք չէ բացառել, որ նրա առաջարկություններն ինչ-որ սցենարի մի մասն են, որի իրականացման միջոցով իշխանությունները կարող են փորձել աշխարհին ցույց տալ ԼՂ հարցի կարգավորման որեւէ տարբերակի նկատմամբ «միասնական ընդդիմության» առկայությունը` առնվազն այն հետաձգելու համար: Ինչեւէ: Արամ Գ. Սարգսյանը երեկ անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, նշելով, որ թեեւ դեռեւս 1994-ին է ՀՀ խորհրդարանում ինքը բարձրացրել ԼՂՀ ճանաչման խնդիրը, սակայն այսօր կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ոչ թե ԼՂՀ անկախությունը, այլ պահանջի «ԼՂՀ օրինական անկախության գործընթացը Ադրբեջանից»: