Որոշակի փոփոխություններ կան

09/05/2008

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տ.Թորոսյանն անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններից հետո կատարված մի քանի քայլերի: «Նշվել է, որ ՀՀ նախագահը ստեղծել է աշխատանքային խումբ, որին անդամակցում են նաեւ ԵԽ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ պատգամավորներ, որն ուսումնասիրելու է միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանին առաջադրված խնդիրները` դրանց լուծումներ առաջարկելու նպատակով: Ազգային ժողովում մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ-ի փորձագետների հետ քննարկվել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունները եւ ձեռքբերված համաձայնությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր: Ապրիլի 25-ին փորձագետներին ուղարկվել է օրենքի փոփոխությունների հուշագրի հիման վրա մշակված նախագիծը եւ մինչեւ մայիսի 25-ն ակնկալվում է փորձագետների եզրակացությունը, որը ստանալու դեպքում` մայիսի 19-ին սկսվող քառօրյայում նախագիծն առաջին ընթերցմամբ կարող է ընդունվել, իսկ հունիսի 9-ի քառօրյայում` երկրորդ ընթերցմամբ` օրենքը լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Իսկ Պիտեր Սեմնեբին նշել է, որ Եվրամիությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ընտրական ու հետընտրական գործընթացները Հայաստանում` կարեւորելով քաղաքական գործունեության պատճառով կալանավորված անձանց ազատ արձակումն ու հանրահավաքների սահմանափակման վերացումը, երկրում բեւեռացման թուլացման նպատակով հասարակության տարբեր շահագրգիռ խմբերի միջեւ երկխոսությունը: Իսկ քաղաքական բանավեճի կայացման համար Պ. Սեմնեբին անհրաժեշտ է համարել հիմքերի ստեղծումը` որպես այդպիսին նշելով մարտի 1-ի եւ դրան հաջորդած դեպքերի անկախ հետաքննության անցկացումը, որի շուրջ տարբեր առաջարկություններ են հնչել` թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներգրավման առնչությամբ: Ի դեպ, Պ. Սեմնեբին, ով հանդիպել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տ. Թորոսյանի հետ զրույցում նշել է, որ իր տպավորությամբ` անցած հանդիպման համեմատ որոշակի փոփոխություններ են եղել` պատրաստակամություն կա ներգրավվել բուն քաղաքական գործընթացներում: Ի պատասխան, Տ. Թորոսյանն ասել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի մոտեցումների փոփոխությունը երեւացել է նաեւ կոնգրեսի ժամանակ, ինչը, ըստ նրա` բնական է, որովհետեւ «որոշակի ժամանակ է անցել, այնուհանդերձ` նրա ելույթն ակնհայտ դարձրեց, որ նա չգիտի, թե հետո ինչ է անելու»: «Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա կարելի էր նկատել, որ գնահատականների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. նա մեղադրում է բոլորին` սկսած Հայաստանի իշխանություններից, վերջացրած եվրոպական կառույցներով, շարունակում է նենգափոխել ակնհայտ փաստերը եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ի պատասխան ԵՄ հատուկ ներկայացուցչի մյուս հարցադրումների` ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի քաղաքական գործունեության համար ձերբակալություն, դա լավ գիտեն իրավապահ մարմինները, եւ եթե գործերի հետաքննության արդյունքում պարզվի, որ մարդիկ քաղաքական հայացքների համար են ձերբակալվել, կպատժվեն իրավապահները: