Վարպետը եւ Մարգարիտա – 2

09/05/2008 Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ

Աշխարհի բոլոր կենսունակ ժողովուրդները փորձում են ոչ թե վեհացնել ու սրբացնել սեփական անկումները, այլ գնում են մինուսները պլյուսներ դարձնելու ճանապարհով: «Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղ է դարձնում»,- ասում էր Նիցշեն: Արդյո՞ք բարոյական է սեփական ողբերգությունից (1915թ., 1999թ. հոկտեմբերի 27, 2008թ. մարտի 1) օգուտներ քաղելը, ձախողումը որպես զարգացման խթան ընկալելը: Սկսենք բարոյականությունից։

Կա՞ արդյոք բարոյական անկում

Շատ մտավորականներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ներկա սոցիալ-քաղաքական բարքերը խորքային առումով կապում են մեր հասարակության բարոյական անկման հետ: Քրիստոնեա-դեմոկրատական տեսաբաններից Ռաֆայել Կալդերան իր աշխատություններից մեկում նշում է, որ յուրաքանչյուր սոցիալական եւ քաղաքական ճգնաժամի հիմքում ընկած է բարոյական ճգնաժամ: Հավանաբար այդպես է, բայց ո՞րն է բարոյական անկման չափանիշը: Մեր բարոյական նկարագիրը պետք է համեմատել ո՛չ սուրբ գրքերի պատվիրանների, ո՛չ մեր մտավորականների հրապարակային ճառերի եւ առավել եւս` ո՛չ մեր քեֆերի սեղաններին հնչեցվող բարոյախրատական կենացների հետ: Չափանիշը, թերեւս, մեր մոտ եւ հեռու անցյալն է: Եվ այսպես. արդյո՞ք մենք այսօր առավել քիչ ենք բարոյական, քան կոմունիզմի դարաշրջանում, կամ էլ 20-րդ դարասկզբին` Առաջին հանրապետության ժամանակ: Հազիվ թե: Մեր բարոյականությունը գրեթե նույնն է եղել` բավական է անկեղծ հայացք նետել հեռու եւ մոտ անցյալին: Հետեւաբար, խնդիրը մեր բարոյականությունը ոչ թե վերագտնելու, այլ վերաիմաստավորելու, Տիգրան Սարգսյանի ոգով ասած` ինովացիոն բարեշրջման մեջ է: Մեզ պետք է նորը:

2008թ. մարտի 1. ողբերգությո՞ւն, թե՞ զարգացման խթան

Կարծում եմ` երկուսն էլ: Որքան էլ մարտի 1-ի դեպքերը ողբերգական էին մարդկային, բարոյական, սոցիալական, համերաշխության տեսակետից, այնուամենայնիվ, միայն մարտի 1-ի 10 զոհը մեզ եւ ամենակարեւորը` քաղաքական էլիտային ստիպեց նայել իրականությանը: Մարտի 1-ի շնորհիվ մենք նայեցինք եւ տեսանք: Ակնհայտ է, որ մարտի

1-ի դեպքերից հետո (եւ շնորհիվ) իրենց անցյալը վերաիմաստավորեցին քաղաքական դաշտի երկու հզորագույն դեմքեր՝ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ն իշխանություններին բարոյական եւ քաղաքական հնարավորություն տվեց հենց իր ներսում գնալ փոփոխությունների: Եվ այսօր իշխանության մեջ կարծես թե սկսում են բյուրեղանալ հին եւ նոր մտածելակերպի շարժումները, չինովնիկների պայքարը ոչ միայն մի բան ավել ձեռք գցելու մեջ է, այլեւ տիպաբանական: Ո՞վ կհաղթի եւ ո՞ւր կտանի մեզ որեւէ թեւի հաղթանակը, առավել եւս` կդիմանա՞ իշխանական բուրգը նման ներքին պայքարի` դժվար է ասել: Բայց չլիներ մարտի 1-ը, չէր լինի նման պայքար, հաստա՛տ:

Մարտի 1-ի դեպքերը ռուբիկոն էր, որը վերջին 10 տարում չէր անցել ոչ մի ընդդիմադիր առաջնորդ` Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Տեր-Պետրոսյանն անցավ: Նա մնաց: Նա այլեւս ընդդիմության առաջնորդ է եւ, ի տարբերություն վերոնշյալ գործիչների, նա որպես ընդդիմություն՝ պատասխանատվություն է կրում քաղաքական պրոցեսի համար: Այս 10 տարվա մեջ առաջին անգամ ունենք ընդդիմություն, որը պատասխանատվությունը գերադասեց վերջինիս իմիտացիայից: Հասարակությունն այս փոփոխությունը զգաց ակնթարթորեն, ինչն արտահայտվեց ոչ միայն ընդդիմության լիդերի դերում Լ. Տեր-Պետրոսյանի հաստատմամբ, այլեւ իլյուզիոնիստ-փրկիչներից ընդդիմադիր դաշտի մաքրման: Վերջիններս անցան իշխանության թեւի տակ` որպես քաղաքական թոշակառուներ` անկախ տարիքից եւ զբաղեցրած դիրքից: Ժամանակը ցույց կտա:

Չլիներ մարտի 1-ը, մենք չէինք ունենա պատասխանատու ընդդիմություն: Ինչպե՞ս կիրացվի այդ պատասխանատվությունը` սա է խնդիրը:

«Մաստեր ի Մարգարիտա»-ն կամ Տ. Սարգսյանի ֆենոմենը

Հիշո՞ւմ եք, Բուլգակովի հայտնի վեպում Հա-Նոցրին փորձում էր բարեշրջել հասարակությունը, բացատրելով, որ մարդը նախ պետք է ինքը փոխվի` ներքուստ: Կուսակալ Պիղատոսը` չնայած ներքուստ համակրում էր Հա-Նոցրին, բայց այդպես էլ քայլ չարեց: Հա-Նոցրիին խաչեցին:

Այսօր կուսակալը (Սերժ Սարգսյան) ոչ միայն ներքուստ է համակրում Հա-Նոցրիին (Տ. Սարգսյան), այլեւ վերջինիս ուղղակի մանդատ է տվել՝ ապահովելով քաղաքական իշխանությամբ: Նոր վարչապետի մտքերը` մինչեւ կյանքի ավարտն ինքնակրթվելու, ինովացիոն տնտեսության, ցանցային կառավարման, վարքագծի քրիստոնեացման, քաղաքական համակարգի բարեշրջման մասին նույնքան օտար եւ դժվար ընկալելի են մեր հասարակության` չինովնիկների, քաղաքական գործիչների, մտավորականների, գիտնականների եւ քաղաքացու համար, որքան ժամանակին Հա-Նոցրիի նորարարություններն էին: Կկարողանա՞ Տ. Սարգսյանն իր գաղափարներով վարակել մարդկանց, իր շրջապատին, կկարողանա՞ ընդդիմության հետ կոնստրուկտիվ հարաբերություններ հաստատել եւ կկարողանա՞ արդյոք այդ գաղափարները կյանքի կոչել` կխուսափի Հա-Նոցրիի ճակատագրից: Հուսադրողն այն է, որ ի տարբերություն Բուլգակովի հերոսի, որին Պիղատոսը միայն ներքուստ էր աջակցում, նոր վարչապետն ունի «Կուսակալի» քաղաքական աջակցությունը: 100 օրը սարերի հետեւում չէ: