Մեր ժողովուրդը մի կարծրատիպ ունի` հասարակական կատակլիզմների ժամանակ «թացը չորի հետ վառվում է»: Մարտի 1-ի դեպքերը մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկն էր: Բայց ստացվեց այնպես, որ ոչ թե «թացը չորի հետ վառվեց», այլ ընդհակառակը` «թացը չորից» վերջնականապես զատվեց: Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ:
90-ականների սկզբում, երբ Հայաստանում դեռ նոր-նոր էր ուզում ձեւավորվել քաղաքական դաշտը (որը, ցավոք, մինչ օրս այդպես էլ չձեւավորվեց), սկսեցին ի հայտ գալ երիտասարդ կադրեր: Վերոնշյալ կադրերի ամենակարկառուն ներկայացուցիչներն էին Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Բաղդասարյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք: 1998թ. հետո նրանցից մի քանիսն անցան ընդդիմադիր դաշտ, ոմանք ընդհանրապես լքեցին քաղաքական դաշտը, ոմանք էլ իրենց կարիերան կապեցին նոր իշխանությունների հետ: Այս շարքից, անկասկած, առանձնանում է Արթուր Բաղդասարյանը, որը մեկ՝ իշխանություն, մեկ՝ ընդդիմություն խաղալով, այդպես էլ չկարողացավ գտնել իր հստակ տեղն այս կյանքում: Այս առիթով չեմ կարող չհիշել «Նոր հայեր» ԽԹծ-ի թիմի այն հումորը, որը հնչել է դեռեւս 1996թվին: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Ա.Բաղդասարյանը դեռ նոր էր սկսում իր, ինչպես հետագայում պարզվեց, վայրիվերումներով լի քաղաքական ճանապարհը: Իսկ կատակը հետեւյալն էր.
« – Ռեբյատա, ա վ Մոսկվե բոլշե մուժչին իլի ժենշչինգ
– Ա զաչեմ տեբե էտոգ
– Զնաետե, մնե ուժե 25 լետ, ի նադո կակ-տո օպրեդելիտսա»։
Համաձայնվեք, անգամ 12 տարի անց այս հումորը շատ ակտուալ է: Որովհետեւ չի կարելի այդքան լղոզված լինել: Առավել եւս, երբ տարիներն անցնում են, եւ դու արդեն ոչ թե 15 կամ 25, այլ 40 տարեկան ես: Եվ անցել են այն ժամանակները, երբ սիրահարված պատանին, հեռախոսային օպերատորին հարստացնելով, գիշերները ժամերով իր ընկերուհուն հարցնում է. «Հիմա հա՞, թե՞ չէ»:
Չի կարելի Եվրոպայում հակառուսական ելույթներ ունենալ, եւ մի քանի օր հետո մեկնել Ռուսաստան եւ այնտեղ պրոռուսականություն խաղալ, չի կարելի մարդուն անհիմն մեղադրել ծանր հանցանքի մեջ, եւ մի քանի օր հետո այդ նույն մարդու հետ կոալիցիոն համաձայնագիր կնքել, չի կարելի ընտրազանգվածի հետ ընդդիմադիր խաղալ, եւ մի քանի օր հետո դառնալ իշխանություն: Այսքանից հետո պետք չէ երեխայի նման նեղանալ Լեւոն Տեր-Պետրոսյանից այն բանի համար, որ վերջինս քեզ դիմում է ԱԽՔ-ով: Վերջիվերջո, հենց Տեր-Պետրոսյանն է Ա.Բաղդասարյանի «քաղաքական կնքահայրը»: Իսկ «կնքահայրից» չի կարելի նեղանալ: Որովհետեւ, եթե պարոն Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գիրք գրելուց զատ, դիտել է նաեւ որոշ դասական կինոնկարներ, ապա պետք է իմանա, որ «կնքահայրից նեղանալը» վատ հետեւանքներ կարող է ունենալ: Առավել եւս, որ ԱԺ նախկին նախագահը մեկ անգամ արդեն իր մաշկի վրա զգացել է, թե ինչե՜ր կարող են լինել «տիրոջն ուրանալու» պարագայում:
Իհարկե, այս ամենին կարելի էր եւ չանդրադառնալ, քանզի մանկապարտեզի երեխային էլ է պարզ, որ ինչքան էլ Արթուր Բաղդասարյանը «դռնեդուռ» ընկած հարցումներ անի, միեւնույն է` հաջորդ ընտրությունների ժամանակ նա ունենալու է այնքան ընտրազանգված, ինչքան ունեցավ Արտաշես Գեղամյանը 2008թ.: Այդպիսին է դաժան իրականությունը: Պարզապես, ի տարբերություն «սովետի շկոլա» անցած Ա. Գեղամյանի, որն իր «աբլիգացիան» մարեց
60-ն անց հասակում, Արթուր Բաղդասարյանը շտապեց, եւ ջահել-ջահել ինքն իրեն «փուռը տվեց»: Եվ սա այն դեպքն է, երբ «երեխան» ափսոս չէր: Բայց ափսոս են այն երիտասարդները, որոնք ոչնչից դաս չքաղելով, կարող են կրկնել Ա. Բաղդասարյանի սխալները: Խոսքս տիգրանուրիխանյանների մասին չէ: Ոչ էլ Վահան Բաբայանի, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է լինել եւ՛ քրիստոնեադեմոկրատ, եւ՛ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության երիտթեւի ղեկավար, եւ այդքանից հետո էլ՝ դեռ փոխարինել Երիտասարդական կուսակցության բավականին էքսցենտրիկ նախագահ Սարգիս Ասատրյանին: Ինչպես հաճախ սիրում են կրկնել մեր շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչները. «Խոսքերն ավելորդ են»:
Պարզապես ապագայում իրենց քաղաքականության մեջ տեսնող երիտասարդները պետք է հասկանան, որ խնդիրն իշխանության եւ ընդդիմության մեջ չէ: Կարելի է ընդունել կամ չընդունել քաղաքական գործչի հայացքները, կարելի է համաձայնել կամ չհամաձայնել կուսակցության գաղափարախոսության հետ, կարելի է ատել կամ սիրել տվյալ գործչին, բայց սովորական ընտրողը երբեք չի հանդուրժում այն «պերսոնաժներին», որոնք փորձում են իրեն հիմարի տեղ դնել: Առավել եւս, երբ պարզվում է, որ հենց իրենք, անկախ իրենց գիտական կոչումներից, այդքան էլ, մեղմ ասած, իմաստուն չեն: Որովհետեւ քաղաքականության մեջ կարելի է ճիշտը չասել, բայց խաբել, առավել եւս, «ֆռռացնել»` չի կարելի: