Կարո՞ղ է արդյոք կառավարությունն իրականություն դարձնել այն լայնածավալ բարեփոխումները, որոնք խոստանում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը: Բավականին բարդ է որոշակի գնահատական տալը, քանի որ այս խնդիրը մի շարք կարեւոր, նույնիսկ անսպասելի բաղադրիչներ ունի:
Տիգրան Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, ինչ խոսք, որոշակի առումով սպասելի էր: Սպասելի այնքանով, որ վերջինիս թեկնածության մասին խոսակցությունները մի քանի ամիս էին շրջանառվում: Սակայն այլ բան է խոսակցության շրջանառությունը, եւ բոլորովին այլ բան` դրա իրականություն դառնալը: Այդուհանդերձ, ԿԲ նախկին ղեկավարի` արդեն գործադիրի ղեկավար դառնալուց հետո շատերի համար հասկանալի դարձավ, որ ինչ-որ պրոցես է ծրագրվում, շատ-շատերի համար միգուցե անսպասելի, անցանկալի ու նույնիսկ անկանխատեսելի պրոցես: Խնդիրը նրանում է, որ Տիգրան Սարգսյանն, այսպես ասած` «կռուգի մարդ» չէր: Ասվածի ամբողջ խորությունը հասկանալու համար պետք է պատկերացնել երկրի իշխանական ու գործարար էլիտայի փոխհարաբերությունները, որի հիմնական ձեւակերպումը հենց «կռուգն» էր` իշխանությամբ ու փողով օժտված մարդկանց մի բազմություն, ում համար այս երկրում տրամագծորեն այլ օրենքներ էին գործում, խաղի այլ կանոններ, ովքեր մեկը մյուսի քավորն էին դառնում, բիզնեսի տանիքը, փայատերը, խնամին եւ այլն: Տիգրան Սարգսյանը, ճիշտ է, ԿԲ-ի իր պաշտոնի առումով երկրում ամենաազդեցիկներից մեկը պետք է համարվեր, սակայն վերջինս այդ «կռուգի» մեջ չէր մտնում: Բնական է, որ վերջինս էլ սուրբ չէր, այդուհանդերձ, նա չէր տեղավորվում քյաբաբա-խորովածային հարաբերությունների այն տրամաբանության մեջ, որոնց մասին արդեն ասվեց: Եվ ակնհայտ է, որ նման մարդու նշանակումը «կռուգը» պետք է դժգոհությամբ ընդուներ, բնականաբար` հասկանալով նաեւ, որ ինչ-որ առումով ստիպված է լինելու հարմարվել այդ մարդուն, քանի որ նրա նշանակումը, կրկնեմ, որոշակի պրոցեսների սկիզբ կարող էր համարվել, եւ որեւէ մեկը չէր կարող երաշխիքներ ունենալ, որ այդ պրոցեսը այս կամ այն կերպ նաեւ իրեն չի առնչվի:
Այն, որ Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելը շատերը խորը դժգոհությամբ են ընկալել, այլեւս ակնհայտ է: Ու եթե նշանակման առաջին օրերին այդ «շատերը» համեմատաբար զուսպ էին իրենց պահում, ապա հիմա հետզհետե այդ ներքին բողոքը չի էլ թաքցվում: Ապացույցը` կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ընթացքում տեղի ունեցած շոուն: Իսկ դա արդեն իր մեջ որոշակի լրջություն է պարունակում, քանի որ «կռուգը» հասկացնել է տալիս, որ ինքն էլ իր հավակնություններն ունի, խաղի իր կանոնները, ու ինքն այնքան էլ չի ոգեւորվում, երբ իրեն, ասենք` ստիպում են նոր «BMW X5-ի» հնարավորությունները սովորելու փոխարեն՝ համակարգչից օգտվել սովորել, իսկ խաղատուն մտնելու փոխարեն՝ ինտերնետ մտնել: «Կռուգը», փաստացի, սկսում է մարտահրավեր նետել վարչապետին:
Երկրորդ, չափազանց կարեւոր խնդիրը բուն կառավարության կազմի, նրա կերպի մեջ է կայանում, նրա, թե որքանով կարող է այդ կազմն ունեցող կառավարությունը հաջողել իր իսկ կողմից հռչակած ծրագրերը: Առաջին հայացքից` ներկա կառավարությունում իսկապես էլ կան դեմքեր, ովքեր իրենց տեղում են: Օրինակ` Ներսես Երիցյանը, ում մասին առ այս պահը բացասական կամ խիստ բացասական գնահատականներ չեն տրվել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից, իսկ գործարար շրջանակներում նրա մասին հիմնականում միայն դրական գծերով են արտահայտվում: Սակայն ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է լայնածավալ բարեփոխումներ իրականացնի, ասենք` նորանշանակ Կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, այն պարագայում, երբ ընդամենը մի քանի օր նախարար լինելով հանդերձ` վերջինս հաջողացնում է, ինչպես մի շարք լրատվամիջոցներ են պնդում, Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մասնակցել քվեարկությանը եւ քվեարկել ինչ-որ պատգամավորի փոխարեն: Դա, իմիջիայլոց, պատժելի արարք է ոչ թե, ասենք, բարոյականության տեսանկյունից, այլ Քրեական օրենսգրքի: Հիմա թող որեւէ մեկը բացատրի, թե ինչպես կարող է այդ մարդը լայնածավալ բարեփոխումներ իրականացնել մի ամբողջ երկրում, եթե նա ունակ չէ բարեփոխել անգամ սեփական մտածողությունը: Եվ ինչպե՞ս պետք է վարչապետն աշխատի նման մարդու հետ ու նրանից ինչ-որ բաներ պահանջի: Սա ուղղակի հետեւանք է ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում առաջացած քաղաքական իրադրության, որի ելքերից մեկը գտնվեց կոալիցիոն կառավարության ձեւավորման եւ դրանում նաեւ «Օրինաց երկրին» ընդգրկելու մեջ: Եվ ստացվում է, որ Գուրգեն Սարգսյանը կառավարության կազմում հայտնվեց ոչ թե այն պատճառով, որ կառավարության ղեկավարն աշխատել է նրա հետ, գիտե վերջինիս կարողությունները, տեսել է աշխատանքի մեջ ու վստահում է, այլ, որ այդպես է թելադրում քաղաքական նպատակահարմարությունը:
Փորձենք այս ամենին նայել սովորական մենեջերի աչքերով. եթե դուք որեւէ, նույնիսկ փոքրիկ ձեռնարկություն եք ղեկավարում, ապա առողջ տրամաբանությունը հուշում է, որ բոլոր կարեւոր գործառույթները վստահում եք այն մարդկանց, ում անհրաժեշտ եք համարում, վստահում եք, այսինքն` ձեր սեփական թիմի անդամներին: Հիմա, արդյո՞ք Գուրգեն Սարգսյանը կամ նրա նման մի քանի այլ նախարարներ, կարող են կառավարության ղեկավարի թիմը համարվել. դժվար թե: Իսկ կարո՞ղ է արդյոք կառավարության ղեկավարը բնականոն աշխատել մարդկանց հետ, ովքեր իր թիմից չեն: Կրկին` դժվար թե:
Ճիշտ հասկանանք` խնդիրը ոչ թե հենց Գուրգեն Սարգսյանի մեջ է, որքան այն երեւույթների, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ կառավարության գործունեության հաջողությունների կամ անհաջողությունների վրա: Ի վերջո, ցանկացած, նույնիսկ ամենահրաշալի ծրագրի իրականացումը, նախեւառաջ, հենց բուն իրականացնողներից է կախված, ինչպես նաեւ՝ միջավայրից:
Կոնկրետ այս պարագայում ստացվում է, որ կառավարության ծրագրի իրականացմանը կարող են էապես խոչընդոտել ինչպես իրականացնողները, այնպես էլ` միջավայրը: Ինչպես արդեն ասվեց` «կռուգը», այս դեպքում` միջավայրը, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված չէ այն պրոցեսներով, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է կառավարության ղեկավարը: Սրան պետք է ավելացնել նաեւ ներքին քաղաքական հարթությունում առկա լարվածությունը, այն, որ կառավարության ցանկացած գործողություն օբյեկտիվորեն ծայրահեղ զգայուն կերպով է ընկալվելու հասարակության մեջ, եւ ցանկացած սայթաքում, անզգույշ խոսք կամ շարժում շատ դեպքերում նույնիսկ արհեստականորեն սկանդալի է վերածվելու, ինչին, ի դեպ, կարող են աջակցել նաեւ «կռուգի» անդամները:
Համաձայնեք, բավականին բարդ խճապատկեր է, որը խոստանում է ոչ միայն բարդացնել կառավարության բնականոն գործունեությունը, այլեւ մի որոշակի փուլում կարող է լուրջ անակնկալներ մատուցել: Ընդ որում, բացարձակապես անցանկալի հետեւանքներով հղի անակնկալներ: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ վերջին շրջանում առավել շեշտադրված են դառնում այն կանխատեսումները, թե մոտ ապագայում իշխանական բուրգում կարող են չափազանց լուրջ խմորումներ սկսվել: Այսինքն` պայքարի հիմնական վեկտորը հետզհետե սկսում է իշխանություն-ընդդիմություն վեկտորից տեղափոխվել բուն իշխանական բուրգ: