ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Երկրապահի տոնը համայն հայ ժողովրդի տոնն է, իր երկիրը սիրող հայի տոնն է: Երկրապահն էլ իր երկիրը սիրող հայն է, ուրեմն Երկրապահի տոնը հայ ժողովրդի տոնն է: Եվ այս առիթով ուզում եմ փառք տալ ժողովրդի ու հայրենիքի համար նահատակված բոլոր երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, բոլոր հերոսներին: Նրանք բոլորը երկրապահներ էին, ու Երկրապահն այսօր շարունակում է նրանց գործը` աջակցելով երկրի հզորացմանը, բանակի հզորացմանը` մնալով խաղաղության պահապանը, տեր լինելով զոհված ընկերների ընտանիքների հոգսերին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ պատասխանել մի քանի հարցերի, որոնք, գիտեմ, բոլորին հուզում են, եւ տեղիք են տալիս բամբասանքների եւ շահարկումների: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից: Միաժամանակ նույնը նաեւ վերաբերում է ԵԿՄ վարչությանը: Երկրապահում կան տարբեր կուսակցությունների անդամներ, այդ է պատճառը, որ մենք չենք կարող հայտարարությամբ պաշտպանել որեւէ կոնկրետ թեկնածուի: Մենք դեռեւս 2007-ի դեկտեմբեր ամսին ԵԿՄ վարչության նիստում որոշում կայացրեցինք, որ պաշտպանում ենք ժողովրդի արդար ընտրությունը: ԴՅԴ-ական երկրապահներն աշխատել են Վահան Հովհաննիսյանի համար: Հազարավոր ՀՀԿ-ական երկրապահներ աշխատել են Սերժ Սարգսյանի համար: Երկրապահների մի մասն էլ ձայն են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն ո՛չ ես եւ ո՛չ էլ վարչությունը ի պաշտպանություն որեւէ թեկնածուի հայտարարությամբ հանդես չենք եկել: Ընտրություններից հետո, երբ ներքաղաքական լարվածություն կար երկրում, երկրապահները հավաքվեցին (ի դեպ, 90-ական թվականներից էլ այսպես է եղել), որ մի տեղ լինենք, որ Աստված չանի, մի փորձանք լինի մեր ժողովրդի կամ պետության գլխին, մենք կարողանայինք ժամանակին հասնել, դեմն առնել, որովհետեւ ոչ մեկը չէր կարող ասել, թե այդ ժամանակ որտեղից ինչ հարված կարելի էր սպասել: Երկրի նախագահը հարկ համարեց, որ հավաքի անհրաժեշտություն չկա, եւ երկրապահները հետ գնացին: Նախագահը գտավ, որ ես չպետք է ծառայեմ բանակում, չեմ ծառայում, բայց ես եւ բոլոր երկրապահները, ազատամարտիկները միշտ, ամեն րոպե մեր կյանքը տվել ենք պետության, ժողովրդի համար ու էլի պատրաստ ենք տալու: Ես այժմ շատ ավելի ժամանակ կունենամ զբաղվելու ԵԿՄ գործերով, կազմակերպության անդամների, զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական հոգսերով: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի Երկրապահի անունը: Մենք հայրենիքի, մենք մեր պետության զինվորն ենք, եւ քաղաքականությունը մեր գործը չէ: Ճիշտ է, ԵԿՄ անդամներից ոմանք կամավոր զբաղվեցին քաղաքականությամբ, բայց դա նրանց գործն է: Մենք միշտ պատրաստ ենք կանգնելու մեր պետության, ազգային բանակի կողքին, պաշտպանելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Զինվորը չի կարող երես թեքել իր պետությունից: Եվս անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը` հատկապես Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գոտում ապրող, տուն կառուցող, երեխաներ ծնող երկրապահ ընտանիքներին: Երկրապահի տոնը առաջին հերթին նրանց տոնն է»: