«Այս տարվա սկզբից սկսած քաղաքական զարգացումներն իրենց հիմքում ունեին սոցիալական դժոգոհության տարրեր, սոցիալական արդարության չկայացվածություն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի համոզմամբ այդ ամենն իր հետեւանքները թողեց քաղաքական գործընթացների վրա: Մանասերյանը հայտարարել է, թե մարտի 1-ի իրադարձությունները, դրանից առաջ եղած զարգացումները պայմանավորված էին սոցիալական դժգոհություններով: «Այն, ինչ ակնկալվում էր տեսնել տարիներ շարունակ, չեղավ: Դա հասունացավ ու պոռթկաց»,- ասել է Թ. Մանասերյանը: Նշենք, որ սա, մեղմ ասած, «օրիգինալ» կարծիք է, քանի որ Հայաստանում նախընտրական եւ հետընտրական գործընթացների մասին խոսելիս մինչեւ այժմ գրեթե բոլորը` անկախ ընդդիմադիր կամ իշխանական թեւին պատկանելությունից, նշում են, որ տեղի ունեցածի հիմքում առաքվելապես քաղաքական դրդապատճառներ էին: Ինչեւէ:
Իր տեսակետը շարունակելով՝ Թաթուլ Մանասերյանն ասել է, թե այս պարագայում իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես անելիքներ ունեն, եւ, ըստ նրա, ընդդիմություն լինելը նույնքան պատվաբեր պետք է լինի, որքան իշխանություն լինելը: «Այսօր չկա ռիթմիկ գործող եւ հեռահար նպատակներ հետապնդող, մյուս առողջ ուժերի հետ համագործակցող ընդդիմություն, թեեւ տեսնում եմ դրա ուրվագծերը»,- ասել է նախկին պատգամավորը` ավելացնելով, որ մոտ ժամանակներում հրամայական է ունենալ այն ընդդիմությունը, որ իշխանությունից մեկ կամ երկու քայլ առաջ պետք է նայի` քննադատելով իշխանությանը, միեւնույն ժամանակ հուշելով` ինչ է պակասում եւ ինչպես դա լուծել: «Գազի գնի թանկացումն իր հետ բերում է շղթայական ռեակցիա, որն արդեն տեսնում ենք: Այդպիսի երեւույթներն անխուսափելի են, տարբեր երկրներում էլ լինում են, իսկ Հայաստանի նման երկրում` առավել եւս նկատելի է»,- ասել է տնտեսագիտության դոկտոր Թ. Մանասերյանը: Նա համոզված է, որ այսօր պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե այն հարցին, թե ինչու այսպես եղավ, այլ՝ ինչպես փոխհատուցել անվճարունակ խավին: Ըստ Թ. Մանասերյանի, եթե ուշադրություն դարձվի միայն կենսաթոշակների բարձրացմանը` օրինակ 20 տոկոսով կամ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը եւս 5000 դրամով, ու մյուս կողմից եթե թանկացումը լինի ավելին` այդ դեպքում ապարդյուն կանցնի կենսամակարդակը բարձրացնելու ամբողջ աշխատանքը:
Թ.Մանասերյանը գտնում է, որ պետք է ուշադրություն դարձվի սոցիալական այնպիսի կարեւոր հանգամանքի վրա, ինչպիսին գնողունակությունն է եւ սոցիալական պաշտպանվածությունը, եւ դա պետք է պետության համար լինի համար մեկ գերակայությունը: «Թույլ չտալ հարվածի տակ դնել անվճարունակ խավին, կենսաթոշակառուները չպետք է տուժեն: Նրանց պետք է տրվի բավարար, արդար փոխհատուցում, ոչ թե սիմվոլիկ»,- հայտարարել է Թ. Մանասերյանը: Ինչ վերաբերում է գազի գնի սուբսիդավորման վերացմանը, ապա, նրա կարծիքով, այդ մասին պետք է իշխանությունները հասարակությանը վաղօրոք տեղեկացնեին, որպեսզի վերջինս հանկարծակիի չգար: Նա ոչ արդյունավետ է համարում համատարած սուբսիդավորման փաստը: «Դրանից օգտվում էին սուբսիդավորման կարիքը չունեցողները: Սուբսիդիան պետք է նպատակային օգտագործվեր»,- գտնում է տնտեսագետը` ավելացնելով, որ այսօր մենք պետք է հասնենք այն բանին, որ սոցիալապես անապահով խավը ստանա փոխհատուցում, որպեսզի նրա համար սոցիալական ցնցումներ չլինեն, ու դրանից չօգտվեն վճարունակները, գործարար շրջանակները, որոնց վրա թանկացումը նվազագույն ազդեցություն է թողնում, բայց նրանք փորձում են շահարկել դա: «Մրցունակության բարձրացման եւ անհրաժեշտ մակարդակին հասցնելու դեպքում մեզ մոտ գազի թանկացումը չի կարող ավելի ազդեցություն ունենալ, քան մեր հարեւան երկրներում, նաեւ Արեւմտյան երկրներում, որտեղ գազն ավելի թանկ արժե, բայց ապրանքների մրցունակությունն ու ծառայություններն ավելի բարձր են»,- պնդել է Թ. Մանասերյանը: Վերջինս ասել է, որ այսօր Հայաստանը պարտքով ապրող երկիր է, այսինքն, գրեթե 3 անգամ ավելի ապրանքներ են ներմուծվում, քան արտահանվում: Աշխատատեղերի ստեղծումը կբերի նրան, որ Հայաստանի բնակիչը կվաստակի գումար, եւ, տնտեսագետի կարծիքով, չի լինի այն մտավախությունը, թե տրասֆերտների դադարեցմամբ կտուժի մարդկանց կենսամակարդակը: Նա առաջարկում է վերահաշվարկել կենսապահովման նվազագույն զամբյուղը: «Անցած տարի հրապարակվել է 31 հազար 677 դրամ, սակայն բոլորս գիտակցում ենք, որ թանկացումներ են տեղի ունեցել եւ այդ գումարը բավարար չէ»,- նշել է Թ. Մանասերյանը, ով վստահ է, որ ՀՀ-ում ոչ միայն կարելի է կրճատել, այլեւ հնարավոր է վերացնել գործազրկությունը: Զարմանալի է միայն, թե այսքանից հետո իշխանությունները ինչու ուշադրություն չեն դարձնում եւ նախկին ընդդիմադիր Թաթուլ Մանասերյանին չեն ընդգրկում «բարեշրջումների» իրականացման գործում: