ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին հետեւել է ընդլայնված հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ: Հանդիպումից հետո Է. Նալբանդյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպումը ճանաչողական է եղել, որտեղ ինքն ու Մամեդյարովը կարծիքներ են փոխանակել ԼՂՀ գործընթացի վերաբերյալ, ներկայացրել իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Նա նաեւ նշել է, որ իրենք նախագահներին կներկայացնեն քննարկման արդյունքները, եւ նախագահների կողմից կորոշվեն հետագա անելիքները: Իսկ Մամեդյարովն ասել է, թե հանդիպումը կազմակերպելու մի քանի տարբերակ գոյություն ունի: «Քննարկվում է հանդիպումն այս տարվա հունիսին կազմակերպելու տարբերակը: Մենք նախագահներին կհաղորդենք մեր հանդիպման արդյունքների մասին, եւ նրանք հանդիպման վերաբերյալ որոշում կընդունեն իրենց մակարդակով,- ասել է նա` հավելելով,- Նախագահների հանդիպման վերաբերյալ որոշումը նրանք կընդունեն՝ կախված արտգործնախարարների հանդիպման արդյունքներից»: Նա նաեւ նշել է, որ «բանակցությունները շարունակելու ցանկություն եւ հնարավորություններ կան»: «Մենք երկու հարեւան երկրներ ենք, մենք չենք կարող պարզապես իրարից փախչել: Հարկավոր է լուծում գտնել եւ դուրս գալ այս իրադրությունից: Մենք վերստին հնչեցրինք կողմերի դիրքորոշումները: Եվ, որ գլխավորն է, համաձայնության եկանք՝ շարունակելու բանակցությունները: Եվ դա կապված չէ միայն այսօրվա հանդիպման հետ: Մենք երկու հարեւան ժողովուրդներ ենք եւ պարտավոր ենք հաշտ ապրել: Կարծում եմ, որ մենք կարող ենք մեր երկրների միջեւ ստեղծված հիմնախնդրի լուծում գտնել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Ի դեպ, երեկ այս հանդիպմանն արձագանքել է նաեւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը` ասելով, թե հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Մինչ Մամեդյարովի հետ հանդիպումը, Է. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Է. Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները՝ լուծումներ գտնելու համար: