Երկիրը պետք է փրկել քաղաքական էլիտայից

09/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի կողմից ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կայացավ «Քաղաքական վերնախավի ձեւավորման նախադրյալները եւ կայացման միտումները Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ:

Քննարկման մասնակիցներից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ մենք այսօր չունենք հասարակագիտական ճաշակ: Նրա խոսքերով՝ մեր ազգը թեեւ քաղաքակրթության կերտողներից է, սակայն դա չի նշանակում, որ ամեն սերունդ ուղղակի ժառանգում է լավագույնը, շարունակում ու զարգացնում է այն: «Երբ տոտալիտար համակարգից անցանք ազատականի, մեր բոլոր ընտրախավերը՝ էլիտան, հանդիպեցին մեծ մարտահրավերի, որը մենք չկարողացանք հաղթահարել, այն է՝ նյութականով տարվելը»,- ասաց Լ.Ալավերդյանը: Նրա կարծիքով, մարդիկ, ովքեր կոչված են լինելու ընտրախավ, չեն գիտակցում իրենց մեծ դերակատարությունը: Դա Լ. Ալավերդյանը բացատրում է նրանով, որ մեզ մոտ «ազատ մարդ» չի կերտվում: «Մինչ օրս Հայաստանը կարոտ է ազատ մարդու, ու դա բերեց նրան, որ այսօր ասում ենք, թե մենք վերնախավ կամ մտավորականություն չունենք: Բոլոր այն թերությունները, որոնք այսօր առկա են, ազատ մարդու չկերտված լինելուց են»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Ամփոփելով իր խոսքը՝ նա նշեց, թե այսօրվա իրավիճակի պատճառն այն է, որ մենք մեր մեջ կրում ենք ստրուկին եւ այդպես էլ ազատ մարդ չդարձանք: Քննարկման մասնակիցներից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանն էլ նշեց, որ ինքը միշտ իր համար փորձել է պարզել, թե ինչ է նշանակում՝ քաղաքականություն, ու ինքն ինչ է անում դրա մեջ: Անցյալ տարի Ա. Պետրոսյանը հանկարծ հայտնաբերել է, որ իր սերնդի մեծամասնությունն իրավիճակային քաղաքական գործիչներ են. «Ես այսօր իմ ներկայությունը քաղաքականության մեջ դեռեւս նույնքան պատահական եմ համարում: Հիմա կարծես թե ամոթալի չէ, որ նախկին կոմսոմոլն ու կոմունիստը դառնում է այլ կուսակցությունների ներկայացուցիչ: Մարդ կարող է ամեն տարի կուսակցությունը փոխել, մի՞թե այդքան շատ են գաղափարախոսությունները»,- հարցնում է նա: Ա. Պետրոսյանի կարծիքով՝ այդ ամենի հետ հասարակությունը ոչ մի կապ չունի, քանի որ հեղափոխությունը «վերեւից» է եղել: «Վերեւից մենք քաղաքական ցինիզմ ենք մտցրել, ու հիմա սովետական շրջանի այդ ցինիզմը վերափոխվել է համաշխարհային ցինիզմի: Ու քաղաքական վերնախավը հեւասպառ մոդայիկ, թիթիզ աղջկա նման ուզում է անընդհատ փոխել հագուստը: Կայուն քաղաքական գաղափարախոսություն չունենք: Ես չեմ հավատում, որ մարդիկ միանգամից դառնում են ազատ, անկախ ու ժողովրդավար: Այդ բառերը շապիկի նման փորձում են զոռով հագցնել մեր դեռեւս գիրուկ, անհարմարավետ մարմնին: Մեզ դրա համար ժամանակ է պետք, այլապես կզզվենք ժողովրդավարական զսպաշապիկից»,- ասաց ՀՅԴ անդամը:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ քաղաքական էլիտան մարդկության ձեւավորման հետ մեկտեղ է ձեւավորվել, այսինքն` այն ժամանակ, երբ քաղաքականությունը դարձել է անխուսափելի: Հ. Բիշարյանը գտնում է, որ ժամանակն է ձեւավորում տվյալ ժամանակահատվածի էլիտան. «Քաղաքական էլիտան պետք է ունենա սկզբունքներ, ու մարդիկ էլ, ովքեր մտնում են այդ էլիտայի մեջ, նույնպես պիտի սկզբունքներ ունենան: Պիտի հստակ իմանանք, որ ժողովուրդը նայում է այդ մարդկանց, որոնք ընտրյալներ են, մարդիկ են, ովքեր ժողովրդի ճակատագրի հետ գործ ունեն: Ու կարծում եմ, որ անհրաժեշտ են չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն էլիտայի մարդիկ»,- քաղաքական սկզբունքների մասին այսպիսի «սկզբունքային» դիրքորոշում ներկայացրեց իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ի անդամը, որն ընդամենը երեք ամիս առաջ ընդդիմության հանրահավաքում բոցաշունչ ելույթ էր ունենում իշխանություններից ազատվելու օրհասական անհրաժեշտության մասին: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ Հ. Բիշարյանը ազնիվ է. նա գտնում է, որ մեր ժամանակներում գաղափարախոսությունը մի տեսակ էժանացել է, որովհետեւ մեզ նման փոքրիկ ազգի մեջ կան 100-ից ավելի կուսակցություններ. «Չպետք է 5 հոգանոց խումբը դառնա կուսակցություն եւ ունենա գաղափարախոսություն: Ու երեւի այդպիսի խմբավորումներն են, որ կարող են լուրջ ազդեցություն ունենալ պետության գնահատականի վրա: Կարծում եմ, նման կուսակցությունները ներգրավում են մարդկանց, որոնք իրենք էլ սկզբունքայնություն չունեն: Ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկան սկզբունքներ՝ ներքեւից մինչեւ վերեւ»,- ասաց նա:

Քննարկման մեկ այլ մասնակցի՝ ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանի կարծիքով էլ, եթե ասում ենք՝ էլիտա, ուրեմն այն պիտի ենթադրի լավագույնն ամեն ինչով: Մինչդեռ այսօր հակառակ պատկերն է. «Ցավոք, երբ ասում ենք՝ քաղաքական էլիտա, մենք հասկանում ենք մարդկանց մեխանիկական խումբ, որտեղ ներառված են ոչ թե լավագույնները, այլեւ, որտեղ նրանք հայտնվել են ի պաշտոնե: Այդպես չի եղել նույնիսկ խորհրդային տարիներին: Այն ժամանակ քաղաքական էլիտան չէր ձեւավորվում Կենտկոմի Քաղբյուրոյի անդամներից եւ այլն: Նրանց ազդեցությունը չկար հասարակության մտքի վրա, ազդում էին այլախոհները: Այսօր եթե ասում ես՝ քաղաքական էլիտա, եւ զուտ նկատի ունես այն պաշտոնները, որ հիմա կան, ուղղակի սարսափում ես ու զգում ես, որ երկիրը շուտափույթ պետք է փրկել այդպիսի քաղաքական էլիտայից»: Ռ. Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանում չի գործում ընտրության մեխանիզմը: Եվ մինչեւ մենք չհասնենք նրան, որ մեր երկրում կայանան արդար ընտրություններ, չենք ունենա քաղաքական էլիտա: