Նկարում պատկերված այս ավերակ շենքն Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի N 9 Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանն է:
Հինգհարկանի այս շենքի սենյակներում հիմնականում ապրում են նախկինում պետական գործարաններում աշխատած եւ բնակարան ստանալու համար հերթագրված ՀՀ քաղաքացիներ, ովքեր գործարանների լուծարումից հետո հայտնվել են անօթեւան վիճակում: Հանրակացարանում, որպես կանոն, բոլորն էլ թշվառ կենսապայմաններում են գոյատեւում: Երեկ այս շենքի բնակիչներն ահազանգել էին «168 Ժամ» թերթին` խնդրելով այցելել այդ տարածք եւ բարձրաձայնել իրենց դեմ կատարվող ոտնձգությունների մասին: Բանն այն է, որ հանրակացարանի բնակիչները վարձակալներ են եւ յուրաքանչյուր ամիս 2000 դրամ վարձավճար են մուծում ուսումնարանի ղեկավարությանը, հետեւաբար՝ հանրակացարանը պատկանում է Արհեստագործական ուսումնարանին: Ընդ որում` ուսումնարանի ղեկավարությունը վարձավճարների գանձման հարցում բավականին կարգապահ է, իսկ երբ բնակիչներին ինչ-ինչ պատճառներով վտանգ է սպառնում` ուսումնարանի տնօրինությունը «ձեռքերը լվանում» է: Երեկ Վարդաշեն այցելության ժամանակ մենք ականատես եղանք սարսափելի տեսարանի: Զայրացած բնակիչները պատմում էին. «Արդեն մեկ ամիս է, ինչ մենք ապրում ենք վիրուսների մեջ: Էս հարկում մեկ ընդհանուր զուգարան կա, բայց կոյուղաջրերը լցվում են արդեն սենյակներ: Ներքեւի հարկի ընդհանուր զուգարանը վաճառել, սենյակ են սարքել, ու հիմա մեզ մոտ խողովակները խցանվել են»: Հանրակացարանի ընդհանուր զուգարանն իսկապես հազար ու մի ինֆեկցիայի բուն է, քանի որ կոյուղաջրերի արտահոսք կա: Այս շենքում ապրող մանկահասակ երեխաների համար վտանգն անխուսափելի է, քանի որ ամառվա շոգի հետ խոլերայի տարածման հավանականությունը մեծանում է: Յոթ երեխաների մայր Գայանեն հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ 5-րդ հարկի միակ ընդհանուր զուգարան մուտք գործելը, մեղմ ասած, արգելափակված է. «Ընդհանրապես ոտք դնել հնարավոր չէ: Քանի անգամ խնդրեցինք, աղաչեցինք ուսումնարանի ղեկավարությանը, բայց մեզ ո՞վ ա շան տեղ դնողը: Ես վախենում եմ, որ խոլերայի մեջ ենք ապրում, պետք ա սանէպիդ կայանից մարդ կանչենք: Տաք եղանակի հետ էլ ամբողջ գարշահոտը տարածվում ա շենք, սարսափելի վիճակում ենք, խնդրում ենք, մեզ օգնեք, ասեք՝ ի՞նչ անենք»,- ասում է Գայանեն` վստահեցնելով, որ ընդհանուր զուգարանի կոյուղին կարգի բերելու համար բնակիչներից գումար են պահանջում, մինչդեռ այս տարածքում բոլորն էլ ծայրահեղ անապահով մարդիկ են:
Հետաքրքիրն այն է, որ ուսումնարանի տնօրինությունն առանց հաշվարկելու ընդհանուր զուգարանները վաճառում եւ որպես սենյակ տրամադրում է` հաշվի չառնելով, որ այդ կերպ խողովակաշարերի բնականոն աշխատանքը խեղաթյուրվում է: Ի դեպ, մեկ ամիս առաջ այս նույն հանրակացարանի չորրորդ հարկի բնակիչները մեզ ահազանգել էին ուսումնարանի տնօրեն Սաշիկ Խաչատրյանի առեւտրային գործունեության մասին: Նրանք մասնավորապես խնդրում էին կանխել չորրորդ հարկի ընդհանուր զուգարանը վաճառելու Ս. Խաչատրյանի մտադրությունը, սակայն մեր հրապարակումից հետո էլ, այնուամենայնիվ, զուգարանը դարձել էր բնակարան: Ինչեւէ, ուսումնարանի տնօրենն այս բնակիչների հետ վարվում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ներկայումս չորրորդ հարկի ընդհանուր զուգարանը դարձել է սենյակ, իսկ հինգերորդ հարկի նույն տարածքում ընդհանուր զուգարան է, որից օգտվում են տասնյակ մարդիկ, սակայն, որը չի գործում միայն այն պատճառով, որ խողովակաշարը խնդիր ունի: Բնակիչների ասելով` «Դիմում ենք ուսումնարանի տնօրենին` նա էլ չորրորդ հարկի բնակչին ա ասում, բայց նա ի՞նչ անի, որ տնօրենը զուգարանը վաճառել ա իրան: Արդեն զզվում ենք, էլ չենք դիմանում, շուն չենք, մարդ ենք, խեղդվում ենք արդեն»: Ինչեւէ, այս բնակիչների խնդիրը, կարծում ենք, պետք է մտահոգի նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, քանի որ, ի վերջո, վերջիններս Էրեբունի համայնքի բնակիչներ են եւ զրկվել են զուգարան գնալու տարրական իրավունքից: Առաջիկայում մենք կփորձենք նաեւ մեկնաբանություն ստանալ հանրակացարանի ընդհանուր զուգարանների վաճառքով զբաղվող Ս. Խաչատրյանից: